Գրքեր

Անարդարությունը ժառանգներին էլ է տառապանք պատճառում

- Հա՛յր, երբ ես միանձնուհի դարձա, հարազատներս ինձ հետ անարդարացիորեն վարվեցին: Այժմ կարո՞ղ եմ նրանցից պահանջել այն, ինչն ըստ օրենքի ինձ է պատկանում:

- Ո՛չ, դա ճիշտ չէ:

- Այո, բայց ես վախենում եմ, որ իրենց գործած անարդարության դիմաց որևէ դժբախտություն կպատահի նրանց:

-Մի տես է՜, որքա՜ն բարեպաշտություն կա քո մեջ: Եթե ես քո փոխարեն լինեի, ապա այսպես կասեի նրանց. «Ինձ համար ոչինչ չեմ խնդրում: Սակայն կուզեի, որ ժառանգության ինձ պատկանող մասը ձեր ձեռքով աղքատներին բաժանեիք: Եվ նախ մեր կարիքավոր ազգականներին օգնեիք: Ասում եմ, որպեսզի Աստծու ցասումը ձեր երեխաների վրա չթափվի»: Քանի որ երբեմն այնպես է պատահում, որ ընտանիքի հայրն օտար մարդկանց ողորմածություն է անում իր հոգու համար, օրինակ, ինչ-որ աստվածահաճո գործի համար գումար է տալիս, բայց սեփական երեխաներին ոչինչ չի թողնում:

Պատահում է, որ մի ընտանիքում պապը կամ տատն ինչ-որ անարդարություն են գործել, սակայն անձամբ իրենց վրա դա ոչ մի կերպ չի անդրադարձել: Սակայն պատիժը նրանց երեխաներին կամ թոռներին է վրա հասնում, որոնք հիվանդանում են և ստիպված լինում բժիշկների վրա ծախսել այն ամենն, ինչ անարդարությամբ էր կուտակվել և այդ կերպ վճարել իրենց նախնիների պարտքերը: Մի ընտանիք եմ հիշում, որին բազմաթիվ աղետներ պատահեցին: Նախ ընտանիքի գլուխը ծանր հիվանդացավ, կաթվածահար եղավ և անկողնուն գամված լինելով՝ մի քանի տարի տառապելուց հետո մահացավ: Այնուհետև նրա կինը մահացավ, հետո մեկը մյուսի ետևից՝ երեխաները: Վերջերս էլ հինգերորդը՝ ամենակրտսերը, մահացավ: Այդ ընտանիքը նախկինում շատ հարուստ էր, սակայն աղքատության հասավ, որովհետև բժիշկներին վճարելու և այլ տարբեր ծախսերի համար չնչին գումարով վաճառեց այն ամենն, ինչ ուներ: «Ախր, ինչո՞ւ է այդքան հիվանդություն ու վիշտ պատահում նրանց»,- զարմանում էի ես: Այդ ընտանիքի որոշ անդամների հետ ծանոթ էի և պարզ էր, որ նրանց դժբախտություններն ընդհանուր ոչինչ չունեն այն օրհնյալ փորձությունների հետ, որ Աստված Իր ընտրյալներին է ուղարկում: «Հավանաբար,- մտածեցի ես,- Աստծու հոգևոր օրենքներն են սկսել գործել նրանց պարագայում»: Կասկածները ցրելու նպատակով փորձեցի այս ընտանիքի մասին հարցուփորձ անել վստահության արժանի, նրանց համերկրացի որոշ ծերունիների, որոնք հետևյալը պատմեցին: Այս ընտանիքի գլուխն ինչ-որ ժառանգություն էր ստացել իր հորից և հետագայում տարբեր անարդար գործերի միջոցով բազմապատկել էր այն: Օրինակ՝ մի այրի կին պարտքով գումար է խնդրում նրանից, որպեսզի իր դստերն ամուսնացնի: Պարտքը պետք է վերադարձնի ցորենը հավաքելուց ու կալսելուց հետո: Իսկ այդ մարդը նրան այն պայմանով է գումար տալիս, որ կինն իր հողակտորը, որի վրա տուն պետք է կառուցվի, նրա անունով դարձնի: Խեղճ կինը, կարիքից ելնելով, կատարում է նրա բոլոր պայմանները: Մեկ այլ մարդ պարտքով գումար է խնդրում՝ բանկին ունեցած պարտքը մարելու համար: Վերցրած գումարը բամբակի հավաքից հետո կարող է մարել, սակայն այդ ընտանիքի անարդար գլուխը չի համաձայնում և փոխարենը մի ամբողջ արտ է պահանջում: Խեղճ մարդն էլ, բանկի հետապնդումներից վախենալով, իր արտը նրան է տալիս: Երրորդը խնդրում է մի փոքր գումար փոխ տալ՝ բժիշկներին վճարելու համար, իսկ չար փոխատուն նրա կովն է պահանջում փոխարենը: Խեղճ չունևորը տալիս է նրա ուզածը: Այսկերպ այդ մարդը մեծ հարստություն դիզեց: Սակայն բոլոր տառապյալների տրտունջները ոչ միայն հենց իրեն ու կնոջը հարվածեցին, այլև նույնիսկ երեխաներին: Այսպիսով՝ հոգևոր օրենքները սկսեցին գործել և անարդար ունևորի ընտանիքի անդամները ստիպված եղան իրենց սեփական մաշկի վրա զգալ այն ամենն, ինչ զգացել էին այն բոլոր մարդիկ, որոնց նա նեղացրել էր: Այսպես, բժիշկներին վճարելու և հիվանդությունների, դժբախտ պատահարների հետ կապված այլ ծախսերի համար նրանք չնչին գումարով վաճառեցին իրենց ողջ ունեցվածքը: Մեծ ունևորությունից չքավորության հասան և մեկը մյուսի ետևից հեռացան այս կյանքից: Աստված, իհարկե, նրանց Իր մեծագույն սիրո և արդարադատության համապատասխան է դատելու: Իսկ այն մարդիկ, ովքեր, կարիքից ելնելով, ստիպված են եղել վերջին ունեցածը վաճառել՝ բժիշկներին կամ մեկ ուրիշին վճարելու համար և աղքատության են մատնվել այդ պատճառով, երկնային վարձք կունենան այն անարդարության համապատասխան, որին ենթարկվել են: Իսկ երբ անարդար մարդիկ են այդպիսի դժվարությունների միջով անցնում, ապա այդկերպ իրենց պարտքերն են մարում Աստծու առջև:

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

18.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․