24 Մարտ, Կիր, Քառասնորդական պահքի Դ կիրակի

Գրքեր

Արցախ աշխարհի կանչին և կոչին ընդառաջ

Ամեն մի հող սուրբ է իր տաճարներով: Աստվածատուր փոքրիկ մի հողակտոր կա աշխարհի երեսին, որ իր վրա կրում է հազարից ավելի եկեղեցիներ ու վանքեր: Այս սրբացված հողակտորն Արցախ աշխարհն է՝ հոգևոր տաճարների դարբնոցը: Այս սուրբ հողի վրա՝ Ամարաս ավանում, առաջին վանքն է հիմնել մեր առաջին հայրապետը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչը, իսկ վանքի կառուցումն ավարտել է նրա թոռը՝ Գրիգորիսը՝ Արցախի առաջին եպիսկոպոսը: Նույն տեղում՝ Ամարասում, առաջին դպրոցն է բացել Սբ. Մեսրոպ Մաշտոցը: Բոլոր եկեղեցիներին ու վանքերին կից գործել են դպրանոցներ: Օրը չի բավականացնի թվարկելու այս սրբավայրերը և օրեր՝ ավելի շուտ ամիս կամ ամիսներ կպահանջվի այդ սրբություններին հաղորդակից լինելու:

Դարերի խորքից առ այսօր ձգվող յուրաքանչյուր օր լսելի են սուրբ տաճարների զանգերի անվերջանալի ղողանջները: Դարերի ընթացքում փորձել են լռեցնել զանգերի հնչյունները, բայց ապարդյուն. նրանք դեռ հնչում են և կանչում, կանչի և կոչի պահանջ դնում: Հնչյունների կոչն իր ունկնդիրներին բազմիցս է համախմբել և համախմբում Սուրբ Սեղանի առջև՝ հաղորդակցվելու Երկնքի հետ սրբազան ձայնով: Հարկ է արթուն լինել՝ լսելու և կոչին ընդառաջ գնալու:

Օգոստոսի 4-7-ը ադ կանչին և կոչին ընդառաջ էին դուրս եկել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու թվով 36 ուխտավորներ Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ: Նրանք ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ երկար ճանապարհ անցան աղոթքներով, շարականներով և ճանաչողական զրույցներով:

Ուխտավորների մեծ մասը, այդ թվում սիրիահայերն առաջին անգամ էին Արցախում: Այս անգամ ևս տիկնանց միության անդամ Սիրանուշ Գյումրույանը հետաքրքրաշարժ հարց ու պատասխաններով, մանրամասնորեն ներկայացրեց թե՛ ճանապարհի, թե՛ Արցախում վանքերի և պատմամշակութային հուշարձանների պատմություններն ու ավանդությունները:

Եռօրյա ուխտագնացության առաջին աղոթատեղին Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, ապա՝ Շուշիի Ղազանչեցոց Սբ.Ամենափրկիչ և Կանաչ ժամ կամ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները: Այնուհետև ուխտավորների ուղին Շուշիի բերդի ճանապարհով իր ավարտին հասավ Ստեփանակերտ քաղաքում:

Երկրորդ օրվա առաջին սրբավայրը, որտեղ ուխտավորներն իրենց աղոթքն բարձրացրին առ Աստված, Գանձասարի վանքն էր: Այնուհետև նրանք բարձրացան Կաչաղակաբերդ, եղան «Վագրի երախ» վայրում, Քոլատակ գյուղի Սբ. Հակոբ վանքային համալիրում և Ասկերանի ամրոցով ճանապարհվեցին Տիգրանակերտ, որտեղ եռանկյուձաև բլրի վրա հաստատված Վանքասարը նույնպես սպասում էր ուխտավորներին:

Երրորդ օր. ղողանջող զանգերին միացել էին նորերը. Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցում նոր էին տեղադրվել զանգերը, որոնց քաղցրահնչյուն ղողանջների առաջին ունկնդիրն եղան Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու ուխտավորները: Եկեղեցու քահանան՝ Տեր Մեսրոպը, ողջունեց ուխտավորներին՝ մաղթելով, որ Աստված ի կատար ածի բոլորի ուխտը: Տեր Զգոնը հոգեհանգստյան կարգ կատարեց ի հիշատակ Արցախում զոհված զինծառայողների: Հաջորդ ուխտավայրերն էին Ամարասի վանքը, Սբ. Գրիգորիսի մատուռը: Իսկ Սխտորաշենի գյուղում Տնջրու 2028 տարեկան հսկա չինարի ծառի ստվերի ներքո ուխտավորներն իրենց հանգիստն ունեցան:

Ամեն մի եկեղեցում և վանքում Տեր Զգոնը ժամերգություն անցկացրեց, միասնական աղոթքից հետո բոլորն ունկնդիր եղան տիկնանց միության անդամ և «Զորավոր մանկունք» երգչախմբի ղեկավար Գոհար Հարությունյանի հոգևոր երգեցողությանը:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամ Արտաշես Աբրահամյանն ամեն մի ուխտագնացություն դժվարությամբ հանդերձ համարում է դեպի Երկնքի Արքայություն տանող մի ճանապարհ: Նա նշեց, որ այս ուխտագնացությունը Տիրոջ ողորմությունն է, քանի որ մեզ են հասել դարեր ապրած և մեծ արժեք ունեցող սրբավայրեր:

Ուխտավորներից Չալիկյան Ֆլորան քսան տարի առաջ էր եղել Արցախում և այդքան դադարից հետո նրա համար մեծ ուրախություն էր նորից գտնվել Արցախում. «Ամեն մի եկեղեցի երկյուղածությամբ մտնելով՝ ևս մեկ անգամ համոզվում էի, որ Աստված այս հողակտորը մեզ է պարգևել և այն պետք է պահպանենք: Իրապես արցախցիներն ամուր ու հաստատուն են իրենց լեռների նման: Ուխտագնացության միասնական մթնոլորտում ավելի ամրացանք, ջերմ մթնոլորտ էր տիրում. ժպիտներ, հյուրասիրություն, բարեմաղթանքներ: Շնորհակալ եմ ուխտագնացության բոլոր կազմակերպիչներից»:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանն Արցախ աշխարհը մի ընդհանրությամբ նմանեցնում է Երուսաղեմին և Արևմտյան Հայաստանին: «Ուխտագնացությամբ Արցախ աշխարհ մտնողն ամբողջովին այլ զգացողություն է ունենում: Աստվածային ներգործությամբ հոգևոր զգացողությունը նկատելի է, ինչն արտահայտվում է թե՛ մտքերով, թե՛ հույզերով և թե՛ հոգեվիճակներով»,- ասաց նա:

Այս սուրբ հողակտորում եռօրյա ուխտագնությունը հոգևոր մեծ հետք թողեց յուրաքանչյուրի սրտում, հոգեպես վերականգնեց և զորացրեց՝ անմոռանալի օրեր պարգևելով ուխտագնացության մասնակիցներին:

 

Կարինե Սուգիկյան

11.08.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․