Գրքեր

Արդյոք Հուդան նախասահմանվա՞ծ էր որպես մատնիչ

Հիսուս, ընտրելով Հուդային տասներկու առաքյալների շարքում, գիտեր, որ մատնելու է իրեն (Հովհ. 6.64-71, 13.11): Նա գիտեր, թե Հուդայի սրտում ինչ կար (Հովհ. 2.25), տեղյակ էր նրա ծրագրերին ու մտադրություններին և վերջին խոսքն ուղղված Հուդային բացահայտում է մատնիչի ամբողջ ծրագիրը. <<Հիմա ինչ, որ անելու ես, իսկույն արա>> (Հովհ. 13.27): Հուդայի համար հասկանալի էր Հիսուսի խոսքը վերջին ընթրիքի ժամանակ, թե ձեզանից մեկը կմատնի ինձ: Բոլոր աշակերտները զարմացած հարցնում էին, թե միթե ես եմ, Տե՛ր: Հուդան բոլորի հետ միասին ասում էր <<Մի՞թե ես եմ, Վարդապետ: Նրան ասաց` դու ասացիր>> (Մատթ. 26.25): Ի՞նչ նպատակով Հիսուս ընտրեց Հուդային` իմանալով, որ նա կմատնի իրեն: Փրկչի մտադրությունն էր փոխել, ուղղել Հուդային, փրկել կործանումից, բայց այս ամենը հաջողությամբ չպսակվեց: Մյուս կողմից Հուդան էլ գիտեր, որ Հիսուս տեղյակ էր իր բոլոր մտադրություններին և ծրագրերին, այնուամենայնիվ ետ չկանգնեց իր չար մտադրությունից և ցանկությունից: Եվ ահա անհասկանալի իրավիճակ է ստացվում. այս ամենի վրա կա՞ ինչ-որ ճակատագրի կնիք, քանի որ Փրկչի հոգատարությունը չփոխեցին Հուդային, իսկ Հուդայի իմացումն այն մասին, որ Հիսուս իրազեկ է իր ծրագրերին, նրան ետ չկանգնեցրեց իր հանցանքից:

Տեսնում ենք, որ Հիսուս հենց ինքը հաստատում է Հուդայի անխուսափելի կործանումը: Իր աղոթքի մեջ ուղղված Հորը Նա ասում է. <<Մինչ աշխարհում նրանց հետ էի, ես պահում էի նրանց քո անունով, որով ինձ տվեցիր, և ես պահեցի ու նրանցից ոչ ոք չկորավ, բացի կորստյան դատապարտված մարդուց, որպեսզի գրվածը կատարվի>> (Հովհ. 17.12): Ստացվում է, որ Հուդան կարծես թե ըստ անհրաժեշտության պետք է լիներ կորստյան որդի, որպեսզի կարատվեին մարգարեությունները: Եվ այդ միտքը Քրիստոս մեկ անգամ չէ, որ կրկնում է իր աշակերտներին: Վերջին ընթրիքի ժամանակ, բացահայտելով մատնիչին, միևնույն ժամանակ Հիսուս ավելացնում է. <<Մարդու Որդին կգնա այս աշխարհից, ինչպես նրա մասին գրված է>> (Մատթ. 26.24): Գեթսեմանիի պարտեզում, երբ Պետրոսը կամենում էր ուժով պաշտպանել Տիրոջը, Նա ասաց. <<Եվ կամ կարծում ես, թե չեմ կարող իմ Հորն աղաչել, որ նա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր: Էլ ինչպե՞ս պիտի կատարվեին Սուրբ Գրքերում գրվածները, թե` այսպես պետք է լինի>> (Մատթ. 26.53): Փարիսեցիներին ու հրեա հոգևոր առաջնորդներին ասաց. <<Ես միշտ ձեզ մոտ էի և ուսուցանում էի տաճարում և ինձ չբռնեցիք, բայց այս եղավ, որպեսզի մարգարեների գրվածքները կատարվեն>> (Մարկ. 14.49): Նույնիսկ Իր հարությունից հետո Հիսուս հավաստիացնում էր որ պետք է կատարվեր այդ բոլորը. <<Չէ՞ որ Քրիստոս պետք է նույն այդ չարչարանքները կրեր և այնպես մտներ իր փառքի մեջ: Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված է իր մասին բոլոր Գրքերում>> (Ղուկ. 24.26-27): Պողոս առաքյալն այդ մասին վկայում է. <<…թե Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար` ըստ Գրքերի, և թե թաղվեց և թե հարություն առավ երրորդ օրը` ըստ Գրքերի..>> (Ա Կորնթ. 15.3-4): Այսպիսով, եթե Քրիստոս պիտի չարչարվեր ու մահանար ըստ Գրվածքների, այդ դեպքում անհրաժեշտ էր մատնիչ ըստ գրվածքների: Իրոք բոլոր հանգամանքները խաչելության և մահվան Փրկչի և Հուդայի մատնությունը հստակորեն նշված են Հին Կտակարանյան մարգարեություններում: Մարգարեությունները խոսում են խաչելության ճանապարհի, ատելության, չարության և այլ մանրամասնությունների մասին: Հուդայի մասին նույնպես հստակորեն ասված է մարգարեություններում, ինչպես վկայում է այդ

մասին Պետրոս առաքյալը (Գործք Առաքելոց 1.16-20): Այս բոլոր մարգարեությունները Հուդայի վերաբերյալ, ինչպես նաև Քրիստոսի մասին նշված մարգարեությունները հստակորեն կատարվում են:

Նրանք, ովքեր արդարացնում են Հուդային ըստ այն սկզբունքի, թե Հուդան գործել է ըստ նախասահմանության, ինչպես վկայում են մարգարեները, ճիշտ չեն գնահատում մարգարեությունների էությունը: Մարգարեությունները, դրանք ծրագրեր չեն ապագայի իրագործման համար ծրագրված Աստծո կողմից: Մարգարեությունները չեն սահմանում, թե ինչ է լինելու, այլ միայն նախօրոք նշում են, թե ինչ է լինելու: Այսպիսով, իրադարձությունները կախում չունեն մարգարեություններից, այլ հակառակը` մարգարեությունները կախում ունեն իրադարձություններից: Մարգարեությունը խոսում է Տիրոջ ամենատեսության, ամենագիտության մասին: Փորձենք գիտությունների օրինակով դա ներկայացնել: Աստղագետը ասում է, որ ինչ-որ թվականին, ինչ-որ ամսում, օրվա ինչ-որ ժամին արեգակի կամ լուսնի խավարում կլինի: Եվ հստակորեն կանխորոշում է խավարման րոպեն և վայրկյանը և թե ինչ ուղղությամբ է երկիր մոլորակին զուգահեռ շարժվելու և այլն: Նախօրոք կանխատեսում է այս ֆիզիկական երևույթը, որովհետև նա ուսումնասիրել է մոլորակների շարժումը, նրանց արագությունը, հեռավորությունը, նրանց մեծությունը և այլն: Հեռադիտակով տեսնում է, թե ինչ հեռավորության վրա է գտնվում տվյալ մոլորակը և թե ինչ ժամանակահատվածում կարող է լինել խավարումը: Եվ մենք նախօրոք արդեն տեղյակ ենք այդ երևույթի մասին: Երբ այս բոլորը համընկնում է իրականությանը, մենք մտածում ենք, որ աստղագետը տիրապետում է ճշգրիտ գիտելիքների: Նույնը կարելի է ասել և մարգարեների մասին: Մարգարեն Սուրբ Հոգու շնորհով, տեսնում է ապագան: Թափանցում է մարդկանց մտածումները ու ցանկությունները, գիտի նրանց գործելակերպը և ուղղությունները, նրանց սրտերում կարդում է ցանկությունները, գիտի բարոյական օրենքների գործածությունը ազատ կամք ունեցող մարդու կյանքում: Որտեղ է ուղղված ազատակամ մարդու գործողությունները, ինչպես է արտահայտվում տարբեր պարագաներում: Տեսնում է ազատ կամք ունեցող մարդու ամենաթաքնված մտադրությունները և այլն: Այս բոլորը տեսնելով խոսում է, թե մի քանի դար անց ինչ է լինելու: Աստծո համար, ինչպես ասենք աստղագետի համար, գիտելիքների ու իմացության շնորհիվ ապագան արդեն իրականություն է: Եվ մարգարեն այս ամենը կարողանում է հասկանալ Սուրբ Հոգու միջոցով:

Ուստի, մարգարեությունները չեն սահմանափակում մարդու ազատ կամքը, գործողությունները, այլ միայն լուսավորում են մարդու գիտակցությունը և զգուշացնում եկող վտանգներից, որոնք հանդիպելու են մարդու կյանքի ճանապարհին: Արդ, Հուդայի վերաբերյալ մարգարեությունները ոչ միայն չեն մեղմացնում նրա հանցագործությունը, այլ ավելի պատասխանատու դարձնում իր կատարած արարքի համար: Նա գործում է իր ազատ կամքով` հակառակ Հիսուսի ու մարգարեությունների բոլոր զգուշացումների: Հիսուս ցույց է տալիս, թե ինչքան ծանր մեղք է այն մարդու արարքը, ով պիտի մատնի Իրեն (Հովհ. 6.71): Հուդան զգում և հասկանում էր, թե Հիսուս ում մասին է խոսում: Եվ այս մեղքի ծանրությունը հասկանալով մատնիչը շարունակում է իր սրտում թաքցնել իր մտադրություն` իրապես դառնալով սատանա: Այդ մեղքի ծանրությունը ցույց տալուց հետո, Հիսուս նաև նշում է, թե ինչ մեծ պատասխանատվություն պետք է կրի այն անձը, որը այդպիսի բան կանի <<Մարդու Որդին կգնա այս աշխարհից, ինչպես նրա մասին գրված է, բայց վայ այն մարդուն, ում ձեռքով կմատնվի մարդու Որդին>> (Մատթ. 26.24): Այս ամենից հետո Հուդան արդյոք կարո՞ղ էր իր համար արդարացում գտնել: Նա ոչ

միայն գիտեր այդ մեղքի ծանրության մասին, այլև այդ մեղքի հատուցման դատասատանի մասին:

Մեկ խոսքով Հուդայի վերաբերյալ մարգարեությունները չեն մեղմացնում նրա պատասխանատվությունը իր կատարած հանցանքի համար, այլ հակառակը` ավելի պատասխանատու դարձնում:

Հիսուս տանջվում, խաչվում է ոչ թե նրա համար, թե մարգարեները այդպես էին ասել, որպեսզի այդպես լիներ, այլ քանի որ կային Հուդաներ, Կայիափաներ, Պիղատոսներ, որոնք պատմական իրադարձություններում իրենց արարքներով ու ազատ կամքով ու ցանկությամբ Փրկչին մահվան են դատապարտում: Աստված մարդկանց չի նախասահմանում որպես մարդասպաններ, մատնիչներ և չարագործներ: Այդպիսին մարդիկ են դառնում` հակառակ Տիրոջ պատվիրանների, հորդորների, նախօրոք զգուշացումների:

Նյութը պատրաստվեց ըստ <<Հուդան իբրև մատնիչ>> գրքի` Протоиереи Павел Алфеев ‘Иуда-предатель’, Москва 2005.

Հովհաննես սրկ. Մանուկյան

 

 

01.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․