Գրքեր

Արդյո՞ք յոգան կապ չունի կրոնի հետ

Ներկա ժամանակներում առողջ ապրելակերպի ձգտումը դառնում է յուրօրինակ մշակույթ, որն իր մեջ երբեմն ներառում է հոգևոր և ֆիզիկական համադրությունների ամբողջական ուղիներ: Այդօրինակ ուղիներից մեկը համարվում է յոգան, որն առաջարկում է ինքնակատարելագործման մի ճանապարհ՝ իր յուրօրինակ մեթոդներով: Երբեմն կարող ենք հեռուստատեսությամբ, լրատվամիջոցներով, համացանցով տեսնել յոգայի դասընթացների մասնակցության վերաբերյալ գովազդներ, հրավերներ, ուր նշում են, թե յոգան առողջ ապրելակերպի ուղիներից մեկն է, որը բերում է նաև հոգեկան հանգստություն: Յոգայի մասնագետները հավաստիացնում են, որ այն առնչություն չունի կրոնի, հավատքի հետ: Բայց մյուս կողմից հետաքրքրական է, որ նրանք պնդում են, որ յոգան սոսկ ֆիզիկական վարժություններ և մարմնամարզություն չէ, այլ ինքնաճանաչման, հոգևոր ներդաշնակության ուղի, ուր ֆիզիկական, շնչառական վարժությունները, մեդիտացիաներն օգնում են անհատին հասնել կատարելության: Յուրաքանչյուր անհատի ընտրության իրավունքն է, եթե նա կամենում է զբաղվել յոգայով, սակայն առավելապես ծայրահեղ և մոլեռանդ մոտեցումները դրական չեն քրիստոնյայի համար, թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր հարցերում: Ըստ կաթոլիկ եկեղեցու հետազոտությունների՝ յոգայի որոշ վարժություններ, որոնք հիմնված չեն կրոնական հիմնադրույթների և մեդիտացիայի վրա, առանձին դեպքերում կարող են փորձառու, համապատասխան բժիշկների կողմից նշանակվել՝ բարելավելու համար մարդու առողջությունը: Բայց ուշադրության արժանի է առանցքային մի իրողություն: Յոգայով զբաղվողները մեդիտացիայի ժամանակ օգտագործում են իրենց կարևորագույն մանտրաներից մեկը՝ «ՕՄ» կամ «ԱՕՄ» հնչյունը, այդժամ ինչպե՞ս նրանք կարող են ասել, թե կապ չունեն հավատքի, կրոնական հարթության հետ: Յոգայի մասնագետները հենց իրենք նշում են, որ Փաթանջալին, ով համարվում է յոգայի  հիմնադիր, իր մեդիտացիաների ցուցակը սկսում է հետևյալ բառերով. «Լիակատար հնազանդություն ամենահզոր աստծուն»: Այս միտքն իր արտահայտությունն է գտնում հենց «ՕՄ» բառի հնչյունում: Ո՞վ է այդ ամենահզոր աստվածը, ո՞ւմ է հնազանդվում է յոգայով զբաղվող անձը՝ մտնելով մեդիտացիայի տիրույթ և օգտագործելով յոգայի առանցքային մանտրաներից մեկը: Մի՞թե սա արդեն հավատքի, կրոնական, մարդ-Աստված փոխհարաբերության խնդիր չէ: Պատասխանները շատ վերացական են, թե այն արտահայտում է գերգիտակցության, հավերժության էությունը, ներդաշնակության հնչյուն է և այլն: Պարգև արքեպս. Մարտիրոսյանը «Ես եմ ճանապարհը» գրքում, խոսելով յոգայի մասին, նշում է, որ յոգայի փիլիսոփայությունը, համաձայն Ռամակրիշնայի, Վիվեկանանդայի, Ռամաչարակայի և ուրիշների, ուսուցանում է, որ բոլոր կրոններն էլ միապես լավն են, և յուրաքանչյուրն ունի իր տեղը: «Ամենևին կարևոր չէ, թե ինչպիսին է աստվածության ըմբռնումը,- ասում է Ռամաչարական,- տարբեր անունների տակ մարդն իրականում երկրպագում է մեկ Մեծ Բանական Սկզբին: Ամենևին կարևոր չեն այդ պաշտամունքի բառերը և ձևերը, սակայն կարևոր են մտադրություններն ու նպատակները, որոնք մարդ իրագործում է իր և Աստծո հետ հարաբերության մեջ»: Այդուհանդերձ, ուսումնասիրելով յոգան, համոզվում ենք, որ յոգայի փիլիսոփայությունը, մտադրություններն ու նպատակները չեն համընկնում քրիստոնեության հետ, ուր Ավետարանում Քրիստոս հստակ ասում է. «Ես Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը: Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ ինձանով» (Հովհ. 14:6): Համենայնդեպս կարող ենք ականատես լինել, թե ինչպես բազմաթիվ մարդիկ, հատկապես երիտասարդներ, առանց հասկանալու այս խնդիրը և դրա հետևանքները, զբաղվում են յոգայով՝ օգտագործելով վերոհիշյալ մանտրան, ուր գիտակից կամ անգիտակից կերպով իրենց հնազանդությունն են հայտնում ինչ-որ հոգևոր ուժի, որին կոչում են աստված, որն ամենևին կապ չունի Քրիստոսի և  քրիստոնեական հավատքի հետ: Եվ սա ակամայից նմանվում է պաշտամունքային արարողության, այլ ոչ թե սոսկ ֆիզիկական վարժությունների կատարման՝ առողջ ապրելակերպի համար: Զավեշտալի է այն հանգամանքը, որ որոշ երիտասարդներ, ովքեր խուսափում են կրոնից և կրոնական արարողություններից, հրապուրվելով յոգայով և այն համարելով պարզապես աշխարհիկ առողջ ապրելակերպի ձև, այս դեպքում ակամայից դառնում են ինչ-որ պաշտամունքային, կրոնական գործառույթի մասնակից՝ օգտագործելով կրոնական հիմք ունեցող յոգայի կարևոր վերոնշյալ մանտրաներից մեկը: Արդ, յոգայով զբաղվող այն անձանց պնդումը, թե իրենց գործունեությունը կապ չունի հավատքի, կրոնի հետ, հենց իրենք էլ իրենց հակասում են՝ խոստովանելով, որ օգտագործում են իրենց կողմից շատ կարևոր «ՕՄ» կամ «ԱՕՄ» հնչյունը, որ արդեն կրոնական իրողություն է: Երբ ուսումնասիրում ենք յոգան, նկատում ենք, որ յոգայի նպատակը հոգևոր է, այլ ոչ թե ֆիզիկական: Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական Սերաֆիմ քահանան, ով երիտասարդության շրջանում հրապուրված է եղել յոգայով և զբաղվել դրանով, այնուհետև թողել է և նվիրվել քրիստոնեությանը, գրում է, որ մարդը, ով յոգայով զբաղվում է հանուն միայն ֆիզիկական առողջության, արդեն կամա, թե ակամա ներգավվում է համապատասխան հոգևոր  արժեհամակարգի մեջ, շատ անգամ նույնիսկ չնկատելով, թե ինչպես է հայտնվում այդ տիրույթներում: Ոչ թե ֆիզիկական վարժությունները, տարբեր մարմնամարզական դիրքերը և շարժումներն են համարվում յոգայի էությունն ու առանցքը, այլ մեդիտացիան: Մարմինն ու վարժությունները պարզապես օգնում են կենտրոնացնել միտքը: Այդ իսկ պատճառով յոգայի մեթոդների կիրառման նպատակն է, որպեսզի մարդու միտքը լինի հանգիստ, բավարարված, պասիվ, որ հնարավորինս ընկալի հոգևոր ոլորտը և գաղափարները: Նույնիսկ մի քանի շաբաթ յոգայով զբաղվելով մարդը կարող է նկատել, որ դարձել է ավելի հանգիստ, հավասարակշիռ, հանդուրժող, հոգևոր իրողությունների հանդեպ ավելի ընկալունակ: Սակայն այս ամենի նպատակն արդյունավետ մեդիտացիայի հասնելու նախապատրաստումն է, որի միջոցով անհատն առնչվում է հոգևոր աշխարհի հետ: Հատկանշական է, որ հոգևոր ոլորտների հարթություն մտնելով անձը կարող է հանդիպել տարբեր հոգևոր ուժերի: Այստեղ բացառություն չէ նաև դիվական աշխարհը: Այս առումով մեդիտացիան բավական վտանգավոր ուղի է, որովհետև քրիստոնեական աղոթքին առանձնահատուկ մտքի, սրտի  արթնությունը և զգոնությունը չի պահանջում: Եթե քրիստոնեական աղոթքի ժամանակ անձը զգուշություն է ցուցաբերում յուրաքանչյուր ներթափանցած մտքի, խորհուրդների, պատկերների շուրջ, որոնք հաճախ լինում են նաև դիվական հարձակումներ, ապա մեդիտացիայի պարագայում անհատի մտքի, սրտի դռները բաց են, և այս դեպքում դիվական ուժերի ներխուժումն անխուսափելի է դառնում, որոնք մարդուն մոլորեցնելու համար հաճախ լուսե հրեշտակների, արարածների կերպարանքով կարող են հանդես գալ: Հետևաբար, աղոթքի և մեդիտացիայի միջև տարբերությունն էական է: Մեդիտացիայի մեջ գտնվող անձը, կտրվելով կյանքի առօրյայից և հոգսերից, մտածումներից, կարող է հանգստություն, խաղաղություն զգալ, սակայն այդժամ նա Հիսուս Քրիստոսի անսահման զորության և խաղաղության հետ հաղորդակցություն չունի, որովհետև մեդիացիայի դեպքում չի կարևորվում Աստծո հետ անմիջական հաղորդակցությունը: Իսկ աղոթքը, ընդհակառակը, երկխոսություն է մարդու և Աստծո միջև, այն հանդիպում և հաղորդակցություն է Հիսուս Քրիստոսի հետ: Այն բոլոր հոգևոր մեխանիզմներն ու մեթոդները, որոնք օգտագործվում են յոգայում, կարող ենք գտնել արևելյան կրոնական ընկալումներում և արժեհամակարգում: Սա նշանակում է, որ յոգան հիմնված է արևելյան կրոնների հիմնադրույթների վրա և տարբերվում է քրիստոնեական արժեհամակարգից: Ինչպես արևելյան կրոններում, այնպես էլ յոգայում, անհատը փորձում է շրջանցել Աստծուն, հասնել և նմանվել Աստծուն՝ ինքն իրեն աստվածացնելով: Այս առումով մարդը, յոգայի հոգևոր ուղիով առաջնորդվելով, կատարում է Ադամի ու Եվայի մեղքը, ովքեր ցանկացան լինել Աստծու պես՝ անտեսելով Երկնավոր Հոր կամքը: Արդ, յոգայի առաջարկած խաղաղությունը չի հաշտեցնում մարդուն և Աստծուն, այլ ինքնակենտրոնության ուղի է: Այս դեպքում չես խոնարհվում Աստծու առջև` անվերապահ ընդունելով Նրա կամքը, այլ հաստատում ես քո «ես»-ը` իբրև աստվածացման ուղի` հրաժարվելով Աստծո միջոցով փրկության շնորհից:  Ե՛վ յոգան, և՛ արևելյան կրոններն ավարտվում են մի սահմանակետում, ուր մարդուն չեն ազատում հոգևոր մեղքի աղբյուրից` հոգևոր հպարտությունից: Պարգև սրբազանը, «Ես եմ ճանապարհը» գրքում, նշում է, որ տերունական այն ուսուցումը. «Առանց ինձ ոչինչ եք կարող անել» (Հովհ. 15:5) քրիստոնյայի գործնական աստվածճանաչողության հիմքն է: Առանց Աստծո շնորհի աջակցության մենք անզոր ենք անգամ ամենաչնչին դիվային ներգործության դեմ պայքարել: Հպարտ, «սեփական կարողությունների» պատրանքով հմայված մարդն ամենադյուրին որսն է դևերի համար: Այդպիսի մարդուն նրանք կարող են որոշակի «գերգիտակցական» հատկություններ տալ, որպեսզի նրան ավելի հաստատեն իր նախընտրած կորստական ընթացքի մեջ: Եվ ի՞նչ կարող է քրիստոնյան փնտրել յոգայի մեջ՝ խաղաղությո՞ւն, ներդաշնակությո՞ւն, առողջությո՞ւն, կատարելությո՞ւն, հոգևո՞ր կյանք, երջանկությո՞ւն: Սակայն այս բոլորն, ինչ առաջարկում է յոգան, ամենևին կապ չունի Քրիստոսի պարգևած երջանկության, խաղաղության, ներդաշնակության, կատարելության, հոգևոր կյանքի հետ: Քրիստոսի ներկայությունը հույսով, խնդությամբ, կյանքով և լույսով է լցնում մարդու հոգին: Այն լիովին տարբերվում է յոգայի և այս աշխարհի առաջարկած խաղաղությունից, որովհետև Քրիստոս ասում է.  «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք» (Հովհ. 14:27): 

 

Հովհաննես սրկ. Մանուկյան

01.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․