Գրքեր

Թույլ տանք Աստծուն ղեկավարելու մեր կյանքերը

- Հա՛յր, Ավետարանում ինչո՞ւ է Աստծո Արքայությունը մանանեխի հատիկի նմանվում «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մէջ։ Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում» (Մատթ. 13:31, 32):

- Մանանեխի հատիկը շատ փոքր է, սակայն, երբ այն մեծանում է՝ դառնում է մեծ թուփ: Թռչունները նույնիսկ կարող են դրա թփերին նստել: Աստծո Խոսքը մանանեխի հատիկի է նմանվում, որովհետև մի փոքր ավետարանական խոսքից մարդն աճում է, զարգանում ու նրան հասու է դառնում Աստծո Արքայությունը:

- Հա՛յր, ինչպե՞ս կարելի է զգալ այն, ինչի մասին Սուրբ Գիրքն ասում է. «...ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ. 17:22)։

- Օրհնյալ հոգի, լսի՛ր, երբ մենք երկնային ուրախության մի մասնիկն ենք կրում մեր ներսում՝ այնժամ Աստծո Արքայությունը մեր մեջ է: Եվ հակառակը՝ երբ հոգեկան անհանգստություն ունենք, խղճի խայթ, այդ ժամանակ մեր մեջ դժոխային տանջանքի մասն ենք կրում: Մեծ բան է, երբ մարդն արդեն այս կյանքում սկսում է երկնային ուրախության մի մասը զգալ: Եվ դժվար չէ հասնել դրան. սակայն, դժբախտաբար, մեր եսասիրությունը խանգարում է մեզ հասնել այդ հոգևոր մեծությանը:

Մարդն՝ ինքը, կարող է իր կյանքը դրախտային դարձնել, եթե թույլ տա, որ Աստված, Բարեգութ Հոր պես, ղեկավարի իր կյանքը: Պետք է վստահություն ունենալ առ Աստված, ամեն ինչում հուսալ Նրան՝ ինչ էլ որ պատրաստվելիս լինենք անել, և փառաբանել Նրան ամեն ինչի համար: Պետք չէ հոգեկան անհանգստություն ունենալ: Հոգեկան անհանգստությունը հոգեկան ընկճվածության է բերում, այն կաթվածահար է անում հոգին: Եթե մարդ Երկնային Արքայությունն է փնտրում, ապա մնացած ամեն բան տրվում է նրան: Ավետարանն ասում է. «Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը...» (Մատթ. 6:34), ինչպես նաև «… երկնքի արքայությունը ուժով է առնվում և ուժովներն են հափշտակում այն» (Մատթ. 11:12):

Այսօր մարդիկ իրենք են իրենց կյանքը բարդացրել, որովհետև քչով չեն բավարարվում, այլ անընդհատ վազում են նյութական բարիքների ետևից: Սակայն նրանք, ովքեր կամենում են ապրել իսկական, անկեղծ հոգևոր կյանքով՝ նախ և առաջ պետք է սովորեն քչով բավարարվել: Եթե մարդիկ պարզեցնեն իրենց կյանքը, չծանրաբեռնեն այն շատ հոգսերով, ապա դա կազատագրի նրանց և՛ աշխարհի ոգուց, և ազատ ժամանակ կտա հոգևորի մեջ վարժվելու համար: Հակառակ դեպքում, փորձելով հասցնել նորաձևության ետևից՝ մարդիկ կհօգնեն, կկորցնեն խաղաղությունն ու լռությունը, և ձեռք կբերեն հոգեկան մեծ անհանգստություն:

Ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ երբեմն իրենք իրենց կյանքը տանջալից դարձնում: Այսօր, երբ դուրս եկա Աթոսից, Ուրանոպոլիսից մի մարդ իր մեքենայով ինձ այստեղ՝ վանք բերեց և ճանապարհին խնդրեց կարճ ժամանակով իր տուն մտնել: Քանի որ նա շատ էր պնդում, ես չցանկացա վշտացնել նրան: Հենց որ նրա տան դռանը հասանք, տեսա, որ նա հանեց կոշիկներն ու ոտքերի թաթերի վրա միջանցք մտավ: «Քեզ ի՞նչ պատահեց, ինչո՞ւ ես այդպես տարօրինակ քայլում»,- հարցրեցի նրան: «Լուրջ բան չկա, Հա՛յր,- պատասխանեց,- ուղղակի փորձում եմ զգուշորեն քայլել, որպեսզի չվնասեմ մանրահատակը»: Դե էլ ի՞նչ ասես այս դեպքում: Մարդիկ իրենք իրենց տանջում են առանց պատճառի:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

07.05.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․