5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

«Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, քեզ կտամ»

21-րդ դարում մարդու առջև շարունակաբար բացվում են նոր հնարավորություններ, որոնք տալիս են ավելի հեշտ և անհոգ կյանք վարելու կարողություն: Այսօր քրիստոնեական հավատի պահպանումը կարծես դառնում է սխրանք. նորագույն տեխնոլոգիաների և ինֆորմացիոն դաշտի հասանելիությունն ամենուր մարդուն թույլ է տալիս ավելի արագ մոռանալ Աստծուն և ապրել առանց Նրա, որովհետև նյութական հնարավորություններով լեցուն մարդը սկսում է ավելի քիչ զգալ Աստծո կարիքը և փորձում է կյանքը կառուցել իր անհատական ցանկալի աշխարհը ստեղծելով: Այդուհանդերձ, մարդկության համար հիվանդությունն ու տկարությունները դեռևս մնում են անհաղթահարելի, իսկ մահն անխուսափելի վերջակետ է դնում ամեն ինչին: Մեղքը շարունակում է թագավորել մարդու էության մեջ և քայքայում է կյանքի ներդաշնակությունը: Հասարակության մեջ բևեռացումը, անարդարությունը ժամանակ առ ժամանակ ալեկոծում են հետագայի ձևավորվող պատմության ուղին և ստեղծում նորանոր խոչընդոտներ ու դժվարություններ մարդկության առջև: Սակայն առաջին դարի քրիստոնյայի կյանքը, որ լեցուն էր հալածանքներով ու դառնությամբ, ներկա ժամանակներում փոխվել է. քրիստոնյան շատ երկրներում ապրում է ապահով և հանգիստ: Եթե նախկինում հավատացյալը չուներ արծաթ ու ոսկի և տառապում էր հանուն իր հավատի, ինչի պատճառով ընչազուրկ էր, այժմ քրիստոնյաներից շատերն ապահովված են իրենց հանապազօրյա հացով և ավելին: Բայց առաջին դարի քրիստոնյաներից շատերն ունեին Աստծո զորությունը, որն այսօր չունի հավատացյալների զգալի մասը: Պետրոս առաքյալը Հոգեգալստյան օրը խանդավառ ավետում է` մեջբերելով Հովել մարգարեի խոսքերը, որ Աստված ասում է, թե սրանից հետո իմ Հոգուց պիտի թափեմ ամեն մարդու վրա, և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան, ձեր երիտասարդները տեսիլներ և ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն: Եվ իմ ծառաների ու իմ աղախինների վրա այն օրերին իմ Հոգուց պիտի թափեմ, և նրանք պիտի մարգարեանան (Գործք 2:17-18): Առաքելական դարաշրջանում շատերն էին ականատես լինում նման զարմանահրաշ իրողությունների, քանի որ Աստծո ներկայությունը տեսանելի գործում էր հավատացյալների մեջ, ովքեր նվիրված և անկեղծ ապրում էին հանուն Քրիստոսի և Ավետարանի: Անշուշտ, այսօր էլ կարող ենք տեսնել հրաշքներ և Աստծո զորության արտացոլումը, բայց հազվադեպ: Ներկայումս մենք ունենք ավելի շատ նյութական բարիքներ, դրամ և հնարավորություն, քան առաքելական դարաշրջանի սոցիալապես անապահով քրիստոնյան, սակայն չունենք Աստծո զորությունը: Թեև կարող ենք վիճարկել, ասել, որ ունենք, կամ ներկա ժամանակներում Աստծո Հոգին այլ կերպ է գործում և կարիք չի համարում բազմաթիվ գերբնական նշաններով ու հրաշքներով գործել, կամ մենք չենք նկատում, սակայն երբ մոտենանք եկեղեցուն և տեսնենք կաղ կամ անբուժելի մի հիվանդ մարդու, որ ողորմություն է խնդրում, ի՞նչ կարող ենք անել: Պարզապես հիշենք «Գործք առաքելոց» գրքից, թե ինչ արեցին Պետրոս և Հովհաննես առաքյալները, երբ տաճարի մոտ հանդիպեցին ի ծնե մի կաղ մարդու, որ նրանցից ողորմություն էր խնդրում: Պետրոսը նայեց այդ մարդուն և ասաց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, քեզ կտամ. հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վեր կաց և քայլիր»: Եվ բռնելով նրա աջ ձեռքից` վեր բարձրացրեց, և իսկույն ամրացան նրա ազդրերն ու սրունքները: Եվ այդ մարդը սկսեց քայլել և ուրախությունից ցատկել» (Գործք 3:4-10): Այսօր մենք` բոլոր խավերի ներկայացուցիչներս, թե շինական, թե հոգևորական, թե իշխանավոր, թե մտավորական և այլք, մեր գրպաններում քիչ, թե շատ դրամ ունենք, սակայն չունենք այն անհրաժեշտ հավատը, որ Աստված մեր միջոցով իր զորությունը բացահայտի և գործի: Չունենք այդ զորությունը, որովհետև Սուրբ Հոգին չի կամենում մեզ փոխանցել իր գերբանական զորությունը, քանի որ կարևոր է համարում, որ առաջին հերթին հոգևոր պտուղները գործեն մեր մեջ: Եվ երբ այդ պտուղները շարունակաբար գործեն և փայլեն մեր մեջ, Աստծո տեսանելի լույսն էլ շոշափելի կդառնա մեզ համար: Մենք մեր հավատի մեջ ձևական ենք, այլ ոչ թե էապես ապրում ենք այդ հավատով, որովհետև չենք փոխվում` նոր մարդ չենք դառնում, մեր վարքի ու բնավորության մեջ փոփոխություն չի լինում, որ մոտենանք ու ավելի նմանվենք Քրիստոսին: Ահա թե Աստված ինչու է կամենում, որ փոխվենք, ազատագրվենք մեղավոր ցանկություններից, բնավորության բացասական կողմերից և բնույթով ու էությամբ ավելի նմանվենք Քրիստոսին: Եվ ինչպե՞ս հասկանալ, որ հաղորդակից ես Աստծուն, որ Նա գործում է քո սրտում և հոգում: Պողոս առաքյալն ասում է. «Հոգու պտուղն այս է` սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղ. 5:22-23): Երբ այս հոգևոր պտուղները գործում են մեր մեջ և ծաղկում, մենք հաղորդակից ենք Աստծուն և կատարում ենք Նրա կամքը, և աստվածային լույսը այդժամ ճառագում է մեր մեջ և փոխանցվում նաև մյուսներին:

 

 

Հովհաննես սրկ. Մանուկյան

 

Աղբյուրը՝ irates.am

26.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․