Գրքեր

Աստծու գերյալը սոխակի պես է

Թող ոչ ոք չտեսնի ու չհասկանա ձեր սրտի մղումները Աստծուն ծառայելու հարցում։ Թող ամեն ինչ ծածուկ, խորհրդավոր լինի, ինչպես ճգնավորների մոտ։ Հիշո՞ւմ եք, թե ինչ էի պատմում ձեզ սոխակի մասին։ Նա երգում է անտառում, լռության մեջ։ Մի՞թե որևէ մեկը լսում է նրան, որևէ մեկը՝ գովաբանում։ Ոչ ոք։ Ի՜նչ հիանալի երգեցողություն է անապատում։ Տեսե՞լ եք, թե ինչպես է ուռչում նրա կոկորդը։

Այդպես է լինում նաև այն մարդու հետ, որը սիրում է Քրիստոսին։ Այն ժամանակ, երբ նա սիրում է, «նրա կոկորդը ուռչում է, լեզուն՝ հոգնում, սիրտը՝ մեռնում տառապանքից»։ Այդժամ նա մի անձավ է գտնում, մի ճեղք ու խորհրդավորաբար ապրում այնտեղ Աստծով, «անմռունչ հառաչանքով» (Հռոմ․ 8։26)։

Նրա՝ Աստծով կյանքի նշանն ու ապացույցն այն է, որ նա աշխարհը տեսնում է կենդանի միասնությամբ՝ «քանի որ նրանով ապրում ենք և շարժվում ենք և կանք» (Գործք 17։28)։ Եվ դա խոնարհություն է։

Երբ հասնես նման խոնարհության ու Աստծու շնորհին «ստիպես», որ բնակվի քո մեջ, այդժամ ձեռք ես բերել ամեն ինչ․․․ Երբ խոնարհություն ունես, երբ Աստծու գերյալն ես, գերյալ՝ լավ իմաստով, այսինքն՝ Աստծու շնորհի անոթ, այդ ժամանակ կարող ես ասել Պողոս առաքյալի հետ․ «ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս» (Գաղ․ 2։20)։

Միգուցե չհավատաք, բայց դա շատ հեշտ է, որ դա դառնա իրականություն, այսինքն՝ անել այն, ինչ կամենում է Աստված։ Դա ուղղակի հեշտ չէ, այլ շատ հեշտ է։ Բավական է միայն բացվել, սիրտը բաց անել․․․ Երբ մենք բացվում ենք աստվածայինը ընդունելու համար, այդժամ դառնում ենք Աստծուն արժանի, արժանի, որ Քրիստոս բնակվի մեր մեջ։ Եվ եթե Քրիստոս բնակվի մեր մեջ, մեզ ազատություն կշնորհի։

Ա՜հ, որտեղի՞ց բառեր գտնեմ այդ խորհուրդներն արտահայտելու համար․․․ Ողջ գաղտնիքը սիրո մեջ է, Քրիստոսի հանդեպ բոցավառ սիրո։ Գաղտնիքն այն է, որ նեղ անցումով խցկվելով՝ անցնես հոգևոր աշխարհ ․․․ Իսկ անցումը մեկն է՝ անձանձիր աղոթքը․․․

Այդժամ միայնություն չես զգում, ապրում ես մեկ այլ աշխարհում, այնտեղ, որտեղ հոգին ուրախանում է, որտեղ երբեք չի հագենում։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

19.04.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․