Գրքեր

Աստվածճանաչողությունն Աստծո հետ ընդհատվող հանդիպումների ընթացք է

Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանի հետ

 

- Աստված փուլ առ փուլ է հայտնվել մարդուն. «Ի սկզբանէ էր Բանն:…և Բանն մարմին եղև, և բնակեաց ի մեզ»:

- Աստվածճանաչողությունն Աստծո հետ ընդհատվող հանդիպումների ընթացք է, որն սկսվում է դեպի Աստված կատարած առաջին վճռական քայլից: Մինչև Աստծուն հանդիպելը ես Աստծո հետ էի, բայց չէի գիտակցում, կամ, ավելի ճիշտ՝ Աստված էր ինձ հետ, կանչն զգում էի և որոշում էի, որ պետք է գնամ եկեղեցի, սակայն անընդհատ հետաձգում էի: Հետո առողջության հետ խնդիր ծագեց… որոշեցի գնալ եկեղեցի:  Եկա եկեղեցի և մնացի:

Աստվածճանաչողությունն առանց հոգևոր պատերազմների չի լինում: Հոգևոր պատերազմի ընթացքում թվում է, թե անդունդի եզրով ես քայլում, անպաշտպան լինելու զգացողություն, վախեր, շփոթմունք, և առանց Աստծո դա սարսափելի է, սակայն Աստծով ամեն ինչ իմաստավորվում է: Ընդհատվող հանդիպումների հոդակապերը միանում են, և ձևավորում է հոգևոր հստակ գիտակցությունը՝ Աստված ինձ հետ է, նա ինձ օգնում է, սովորեցնում է և խաղաղեցնում:

Սկիզբը դժվար է, սակայն հոգևոր պտուղներն են քաղցր, որի համար շնորհակալ եմ:

- Տիկին Սաթենիկ, Դուք Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության ատենապետուհին եք, ի՞նչ ծրագրեր է այսօր իրագործում տիկնանց միությունը:

- Տիկնանց միության ատենապետ լինելը ծառայություն է: Սկզբում շփոթված էի՝ պատասխանատվությունը մեծ էր, սակայն մեծ էր նաև ուրախությունը:

Ամեն ինչ սկսվում է առաջին քայլից, առաջին քայլն անելիս լինում են դժվարություններ, անհամաձայնություններ, սակայն որևէ գործ ձեռնարկելուց առաջ պետք է անկեղծ լինել և այդ գործի համար ջանք գործադրելու պատրաստակամություն ունենալ, ինչն էլ որ մենք անում ենք, Աստված մեր սրտի դիտավորությանն է նայում: Եթե մենք ճիշտ հոգևոր վիճակում ենք և  ջանք ենք գործադրում, Աստված անպայման օգնում է: Աստված տալիս է հնարավորություն, որի արժեքը հարկ է գիտակցել: Տիկնանց միության նպատակն է համախմբել, միավորել մարդկանց ջանքերը, որպեսզի այդ բարի պտուղները չցրվեն, չփոշիանան և տան իրենց քաղցր պտուղները, և, որ կարևոր է, կազմակերպվի ու ամրապնդվի եկեղեցու հոգևոր համայնքը:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում գործում են թատերական խմբակ, կիրակնօրյա դպրոց, սակայն որևէ նախաձեռնություն իրագործելուց բացի այն պետք է միևնույն ժամանակ ընդլայնվելու խնդիր ունենա՝ այս պարագայում եկեղեցու հոգևոր համայնքն ընդլայնելը և ավելի շատ մարդկանց դեպի եկեղեցի ուղղորդելն է:

- Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով և նմանությամբ, որպեսզի մարդը սիրո հարաբերության մեջ լինի իր Արարչի հետ

- Աստված մարդուն միաժամանակ տվեց նաև ազատ կամք, որպեսզի մարդն իր ազատ կամքով որոշի՝ միանո՞ւմ է իր Արարչին, թե՞ ոչ: Երբ մարդը որոշում է, Աստված հնարավորություններ և շնորհներ է տալիս՝ համբերության, ներողամտության, գթասրտության, բարության շնորհներ, ինչպես նաև իմաստություն և սեր: Իր ջանքով, աստվածային շնորհներով և անպայման Աստծո օգնությամբ մարդը դիմակայում է իրեն պատուհասած փորձություններին և հոգով ամրանալով՝ հաստատվում է իր հավատի և սիրո մեջ առ Աստված:

-  Մի նետեք Ձեր մարգարիտները խոզերի առջև…

- Երբ Աստծո պատվիրանը ճիշտ տեղում ճիշտ ձևով չես կիրառում, և արդյունքը չի լինում այն, որ պատվիրանը կատարելիս Աստված փառաբանվի և քո մեջ, և դիմացինի մեջ, ապա պատվիրանը նպատակին չի ծառայում, և ստացվում է, որ սրբությունը նետեցիր խոզերի առջև:

-  Խոնարհ մարդն ամեն բան անում է Աստծո փառքի համար…

- Կատարյալ խոնարհություն է, երբ մարդն իր ունեցած ոչ մի բանով չի հպարտանում, որովհետև հասկանում է, որ ինչ ունի, Աստծուց է տրված իրեն, և Աստծո համեմատ իր ունեցածը շատից քիչն է:

- Ի՞նչ է պակասում մերօրյա կանանց՝ բարեպաշտ կյանքով ապրելու համար:

- Միշտ պետք է զանազանել նպատակը միջոցից, երբ ածանցյալը՝ երկրորդականը, դառնում է առաջնային, միջոցը դառնում է նպատակ, խախտվում է ներդաշնակությունը:

Կինը պետք է լինի գեղեցիկ, հաճելի, սակայն դա կնոջ կյանքն իմաստավորող միակ նպատակը չպետք է լինի, որովհետև ամեն մի սխալ նպատակ սնանկացնում է մարդու հոգին: Աստվածճանաչողությունը փրկում է մեր հոգին սնանկացումից: Դեպի Աստված տանող ճանապարհները բազմազան են և անհատական: Որպեսզի այդ ճանապարհը չլինի մեխանիկական, անհրաժեշտ է, որ Աստծո ամեն խոսքը թափանցի մարդու հոգու մեջ և այնտեղից ծնվի, կյանքի կոչվի, իմաստավորի և արժևորի մարդու կյանքը: Աստծով ամեն ինչ հաղթահարելի է: Եվ օրհնությունն էլ չի ուշանում:

- Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողին:

- Աշխարհում ապրելը մարդու համար դժվար է, հատկապես կանանց համար: Բայց այդ դժվարություններից յուրաքանչյուր մարդու համար դուռ է բացվում դեպի Աստված:  Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ոք գտնի դեպի Աստված տանող դուռը: Եվ դա կուրախացնի, կերջանկացնի մարդկանց:

 

Աղբյուրը՝ Պառլամենտ ամսագիր

 

 

 

17.08.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․