26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Ջուրը

Գանձ որոնող մի մարդ, որ մեծ ադամանդ էր գտել, դեգերում է անապատում և բարձրաձայն ասում.

- Վերջապես իրականացավ իմ երազանքը. գտա այս թանկարժեք քարը, սակայն Աստված իմ, ջուր եմ ուզում, խմելու ջուր:

Մի արաբ է մոտենում ու սառնորակ ջրով լի մեծ թաս է պարզում այդ մարդուն և ասում.

- Քարավանով այս կողմերում անցնում էինք: Հեռվից լսեցի ձայնդ: Ահա վերցրու, խմիր:

Գանձախույզը ջրի մի մասն ագահորեն խմում է, իսկ մյուս մասը թափում արևի ճառագայթներից շիկացած ավազի վրա և ասում.

- Աստծուց ջուր էի խնդրել, բայց ոչ այսքան շատ: Ես երազում եմ, որ Նա ինձ ավելի շատ ոսկի, ադամանդ տա:

Արաբը, շվարած այդ տեսարանից, վերցնում է իր դատարկ թասը և հեռանում:

Որոշ ժամանակ անց գանձ որոնող մարդը զգում է, որ նորից սաստիկ ծարավ է և աղերսում է.- Աստվա՛ծ իմ, մեծ սխալ գործեցի. արաբի բերած ջուրը թափեցի... ու քո օգնությունը իմ նյութական ցանկությունների պատճառով չգնահատեցի: Խնդրում եմ, այս անգամ էլ օգնիր:

Հեռվում նկատում է մի քարավան: Ուրախությամբ շտապում է այդ կողմը, տեսնում զինված մարդիկ և իրեն ջուր բերող արաբին ու ասում.

- Եղբա՛յր, խնդրում եմ կրկին խմելու ջուր տուր, այլապես այս անապատում ծարավից կմեռնեմ:

Արաբը պատասխանում է.

- Այս կողմերում ջուրն ավելի թանկ է, քան ամեն մի թանկ արժեք քար կամ ոսկի: Այս անգամ վճարիր ջրի փոխարեն:

Գանձախույզը գրպանից ստիպված հանում է իր գտած ադամանդը և փոխանակում մեկ բաժակ ջրի համար:

Հաճախ Աստված նաև լռում է և չի իրագործում մարդկանց խնդրանքները, քանի որ այն, ինչ Աստված հարկ է համարում պարգևել, մարդիկ հոգևոր առումով դեռևս պատրաստ չենգնահատելու ու կորցնում են...

 

Հովհաննես Մանուկյան

02.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․