Գրքեր

ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Է ԿՅԱՆՔԸ ԼԱՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ

- Հա՛յր, մի մարդ, որ ձեզ ասաց վանական կյանքն ընտրելու իր մտադրության մասին, ինձ ասաց, որ նրա համադասարանցիներից մեկը նրան հարցրել է թե ինչու չի ընտրում կինոնկարչական արվեստը և չի շփվում տղաների հետ: Ի՞նչ պետք է պատասխաներ իրեն հարց տվողին:

- Պետք է նրան ասեր. <<Այդպիսի հարց նույնիսկ իմ եղբայրը ինձ երբեք չի տվել և դո՞ւ ես ինձ հարցնում>>:

- Մի քանի օր հետո դպրոցից դուրս հանդիպեց այդ աղջկան և բռնեց նրա ուսից: Այդ աղջիկը միայն բարև տվեց և անմիջապես ներս մտավ:

- Ո՛չ, ճիշտ չի արել: Այս պարագային պետք է պատասխանել, որովհետև կարող է այն տպավորությունը թողնել, որ ընդունել է նրա այդ արտահայտությունը և նա այդ քայլը նորից կանի: Նրա տարիքը դժվար տարիք է և օգտակար չէ, որ նա տղաների հետ ընկերություն անի: Ոչ էլ անհրաժեշտ է, որ խոսի նրանց հետ, որպեսզի իբր թե նրանց օգնի: Եվ երբ որոշի ընտանիք ստեղծել և ճանաչի մի լավ տղայի, պետք է ասի իր ծնողներին: Նրանք կքննեն, թե նախապայմաններ ունի՞ գեղեցիկ ընտանիք ստեղծելու համար: Սակայն այժմ, որ դեռ չի որոշել, թե ինչ ճանապարհ պետք է ընտրի, տղաների հետ խոսելն օգտակար չի լինի, որովհետև առանց պատճառի կնեղվի և կկորցնի իր անդորրը: Ինչքա՜ն երեխաներ են նման բաների մեջ և շատ շփոթված են և շարունակ հուզված, անդորր չունեն: Նրանց դեմքն ու աչքերը այլայլված են:

Արական սեռի կողմից իգական սեռի հանդեպ հրապուրանքը և հակառակը, մարդու բնության մեջ է: Սակայն նրան ասա, որ այժմ դրա ժամանակը չէ: Թող հետևի իր դասերին: Այն երեխաները, որ փոքր տարիքից տրվում են այդ հրապուրանքին, պատշաճ ժամանակից շուտ են ցանկանում ամուսնանալ, իսկ հետո, երբ գալիս է անհրաժեշտ պահը արդեն ամուսնացած են լինում և չեն կարողանում ուրախանալ, որովհետև ապրել են այդ ուրախությունը այն ժամանակ, երբ դեռ պատշաճ ժամանակը չէր: Մինչդեռ ուշադիր երեխաները, ավելի շատ են ուրախանում, երբ գալիս է պատշաճ ժամանակը և մինչ այդ ժամանակի գալը խաղաղ են լինում: Տեսնո՞ւմ ես, որ որոշ մայրեր, որ մաքուր են ապրել, ինչքա՜ն խաղաղ են, չնայած որ հոգսեր ունեն:

Ես միշտ շեշտում եմ, որ երիտասարդը մինչև ամուսանանալը ինչքան կարող է, պետք է փորձի ապրել հոգևոր կյանքով և պահպանի իր մաքրությունը, որն ապահովում է կրկնակի առողջություն: Յուրաքանչյուր ճանապարհի համար, ինչ էլ որ մարդն ընտրի, հոգևոր կյանքը կարևոր նախապայման է: Աշխարհը կարծես դարձել է մի ցորենի արտ, որտեղ ցորենները սկսում են հասունանալ, իսկ հետո խոզերը մտնում են արտի մեջ և այն ոտնակոխ են անում: Դրանից հետո արտում նշմարվում են տակնուվրա եղած խոտեր, տիղմ և երբեմն-երբեմն երևում են ուղիղ մնացած հասկեր:  

Ինչքան մեկը երիտասարդ տարիներին շատ ուշադրություն է դարձնում իր հոգևոր կյանքին, այնքան հետագայում, ինչ ճանապարհ էլ որ ընտրի, ավելի հեշտ է լինում: Մարտից առաջ ինչքան լավ սպառազինվի և նախապատրաստվի, այնքան պատերազմի ժամանակ ավելի հեշտ կլինի, երբ նրա վրա կրակեն  և գնդակոծեն: Մինչև որոշելը, թե որևէ աղջիկ միանձնուհի պետք է դառնա, թե լավ մայր, մաքուր կյանքը պարտադիր է: Դրա համար պետք է փորձի ինչքան կարող է իր դասերի մեջ առաջընթաց ապահովել: Երբ ուշադրություն դարձնի իր աչքերին, ականջներին և վանի կեղտոտ մտքերը, հետագայում պարզապես կճախրի: Կամ մի երիտասարդ, երբ հանդիպում է մի առաքինի աղջկա, պետք է նրա մասին գեղեցիկ մտածումներ ունենա, նրան համարի որևէ սրբուհու կենդանի պատկեր: Կամ եթե հանդիպում է մի մոլորված աղջկա, նրան որպես քույր նայի և նրա համար ցավ զգա, ինչպես ցավ կզգար իր քրոջ համար, որովհետև բոլորս Ադամի որդիներն ենք:

- Հա՛յր, բայց այսօր համալսարաններում երիտասարդների համար շատ փորձություններ կան:

- Թող շփվի հոգևոր կյանքով ապրող երիտասարդների հետ, որպեսզի նրանցից անհրաժեշտ օգնությունն ստանա և հոգևոր անդաստանում առաջ ընթանա: Եկեք ամեն բան չդժվարացնենք: Ճանաչում եմ շատ երիտասարդների, որ համալսարան են գնում և իրենց փոքր ջանքով և Աստծու մեծ օգնությամբ առաքինի կյանքով են ապրում:

 

Հունարենից թարգմանեց՝ Էդգար սրկ. Ծատուրյանը

23.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․