24 Մարտ, Կիր, Քառասնորդական պահքի Դ կիրակի

Գրքեր

Աստվածճանաչողության ճանապարհին

Աստվածճանաչողության ճանապարհը չի կարող ընթանալ այլ կերպ, եթե ոչ առաքինության ճանապարհով, հակառակ դեպքում մարդու գործերը կվկայեն, որ նա հեռու է թե՛ Աստծուն և թե՛ իր հավիտենական բարիքը ճանաչելուց:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, աստվածճանաչողության ճանապարհին կարևորում է այն սոցիալական ծրագրերը, որ կյանքի են կոչվում ինչպես համայնքի անդամների, այնպես էլ արտերկրում բնակվող մեր հավատավոր հայրենակիցների նախանձախնդիր մասնակցությամբ: Հերթական տնայցին իր աջակցությունը բերեց համայնքից մի երիտասարդ ընտանիք, որի անդամները չէին ցանկացել հրապարակել իրենց անունները, և ցանկություն էին հայտնել աջակցել կարիքի մեջ հայտնված որևէ ընտանիքի: Հունիսի 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանի հետ այցելեց Վեդի քաղաքի Կասյան 26/13 բն. 20 հասցեում վարձակալությամբ բնակվող Պետրոսյան ընտանիքին: Կարիքավոր ընտանիքի երիտասարդ մայրը՝ Գոհար Պետրոսյանը (28 տ.), խորապես զգացված էր համայնքի ուշադրությունից, նա նշեց, որ շատերին է դիմել օգնության խնդրանքով, բայց միայն եկեղեցին է արձագանքել: Մեկ տարուց ավել է, ինչ Գոհարի ամուսինը լքել է իր ընտանիքը, և երեք զավակների մայրը հայտնվել է անելանելի վիճակում: Ծայր աստիճան աղքատության մեջ հայտնված ընտանիքը միայն ընտանեկան նպաստի գումարով չի կարողանում հոգալ անգամ իր նվազագույն կարիքները, մի քանի ամիս շարունակ չի կարողացել վճարել տան և կոմունալ վարձերը, խանութներում կուտակված պարտքերը:

«Այս տարի ավագ դուստրս պետք է դպրոց գնա, բայց չգիտեմ ինչպես եմ հոգալու անհրաժեշտ հագուստն ու մյուս պարագաները, փոքր աղջկաս մանկապարտեզից դուրս հանեցի նույն խնդիրների պատճառով: Հինգ ամսեկան տղայիս համար էլ չեմ կարողանում գնել անհրաժեշտ կաթի փոշին և տակդիրները: Հինգ ամիս է, որ չեմ կարողանում տան վարձը վճարել, և տանտերն սպառնացել է, որ չվճարելու դեպքում կամ տանից դուրս կհանի, կամ տան նկուղը կտրամադրի, ուր ցրտի և խոնավության, նաև մկների և կարիճների պատճառով անհնար է երեք երեխաների հետ ապրել: Եթե հնարավոր լիներ բնակարանային խդիրը լուծել, ապա դա մեծ աջակցություն կլիներ ընտանիքիս համար»,- ասաց Գոհարը:

Ընտանիքի մայրը մասնագիտությամբ բուժքույր է, նաև դերձակությամբ է զբաղվել և ասաց, որ եթե կարի մեքենա ունենար, ապա երեխաների խնամքին զուգահեռ մեծ դժվարությամբ, բայց կփորձեր օրվա հացը վաստակել՝ անկողնային պարագաներ և սփռոցներ կարելով:

Տեր Գրիգորը Գոհարին հանձնեց համայնքի երիտասարդ ընտանիքի կողմից տրամադրված դրամական օգնությունը (100 000 դրամ): Ընտանիքի մայրն իր շնորհակալությունը հայտնեց Տեր Հորը, աջակից ընտանիքին՝ ուշադրության և հոգածության համար:

Ս. Հովհաննես առաքյալն ասում է. «Եթե գործադրենք Աստծո պատվիրանները, այն ժամանակ միայն կիմանանք՝ ճանաչո՞ւմ ենք Նրան, թե՞ ոչ: Ով ասում է՝ «Ես ճանաչում եմ Նրան», բայց չի կատարում Նրա պատվիրանները, սուտ է խոսում, և նրա մեջ ճշմարտություն չկա: Իսկ ով կատարում է Նրա խոսքը, դրանով իսկ ցույց է տալիս, որ իր մեջ իսկապես կատարյալ սերն է Աստծո հանդեպ» (Ա Հովհաննես 2:3-6): Ս. Իոhան Կրոնշտադսկին ասել է. «Նա, ով ցանկանում է արժանանալ հավիտենական կյանքին, պետք է ձգտի ճանաչել Աստծուն ոչ միայն սառը մտքով, այլ ողջ սրտով և գործերով: Դու գիտես, որ Աստված սուրբ է, ջանք թափիր, որ դու էլ սրբանաս, գիտես, որ Աստված համբերատար է, դու ևս եղիր համբերատար, գիտես, որ Աստված արդար է, դու ևս ամեն ինչում արդար եղիր, գիտես, որ Աստված բարի է և ողորմած, դու ևս եղիր ներողամիտ և ողորմած: Ահա այսպիսի աստվածճանաչողությունը կմոտեցնի քեզ հավիտենական կյանքին»:

 

Կարինե Սուգիկյան

23.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․