Գրքեր

Չարհամարհենք միմյանց

Սիրելի՛ ընթերցող, այսօր մեզանում տարածված մի արատավոր ու ոչ քրիստոնեական երևույթի մասին եմ կամենում գրել, որին հնարավոր չէ չանդրադառնալ:

Ամենքս մեզ քրիստոնյա ենք համարում, բայց առիթը և հնարավորությունը բաց չենք թողնում մեր առավելություններով և դրական կողմերով հպարտանալու, սակայն գործնականում մեր ապրած կյանքով արդյո՞ք կիրառում և կատարում ենք աստվածահաստատ պատգամներն ու պատվիրանները: Քրիստոս Աստված ասում է. «Սիրեցե՛ք միմյանց» և «Ոչ ոքի մի արհամարհեք»: Այսօր մեզանում նկատվում է արհամարհանք, քամահրանք, ծաղրական վերաբերմունք հատկապես մեզանից թույլ, տկար, հաշմանդամ անձանց նկատմամբ, ովքեր առավել մեր ուշադրության ու խնամքի կարիքն ունեն, քան արհամարհանքի: Վ. Այգեկցին ասում է. «Նա, ով նախատում է գաճաճին, տգեղ մարդուն կամ էլ խեղվածին, նրա Արարչին է նախատում», քանի որ Աստված մարդուն Իր պատկերով և նմանությամբ ստեղծեց, և յուրաքանչյուր մարդու մեջ պետք է տեսնենք Տիրոջ պատկերն ու նմանությունը: Որպես ճշմարիտ քրիստոնյաներ՝ հարկ է անկեղծորեն աղոթել մեզանից թույլ, տկար, ֆիզիկական որևէ արատ ունեցող մարդկանց համար, որպեսզի Տեր Աստված համբերություն և զորեղ հավատ շնորհի նրանց՝ ոչ միայն հաղթահարելու, համբերությամբ կրելու, այլև հասարակության որոշ շերտերի քամահրական վերաբերմունքը հանդուրժելու համար: Ի վերջո մտածենք Աստծո արդար զայրույթի մասին, այն մասին, որ կարող ենք պատժվել և հայտնվել ավելի վատթար վիճակում, քան նրանք, որոնց ծաղրում ենք, արհամարհում: Մինչդեռ հարկ է գնահատել, արժևորել այն ամենը, ինչ Աստված շնորհել է մեզ: Եթե ֆիզիկական որևէ արատ կամ թերություն չունենք, ավելի՛ն, Աստված շնորհել է մեզ առողջություն և գեղեցկություն, գոհանանաք Տիրոջից, խնդրենք, որ Նա օգնի մեզ՝ ունենալ նաև գեղեցիկ և առողջ հոգի՝ դիմացինին հարգելու, նրա մեջ Տիրոջ պատկերն ու նմանությունը տեսնելու համար: Որքա՜ն տկար, ֆիզիկապես թույլ և հաշմանդամ մարդիկ կան այսօր մեզանում՝ կարոտ մեր օգնության, մի անկեղծ ժպիտի, ջերմ վերաբերմունքի, սիրո և հարգանքի: Եվ գուցե նրանցից շատերը հոգով շատ ավելի լավն են ու բարի, ազնիվ, քան մենք, որ մեզ գերագնահատում ենք և կատարյալ ու անթերի կարծում: Ուրեմն  ի Քրիստոս մեր քույրերի ու եղբայրների՝ առանց այն էլ դժվարին կյանքը չփորձենք ավելի բարդացնել և մեր բացասական վերաբերմունքի պատճառով չվանենք նրանց մեզանից, այլ սիրով վերաբերվենք միմյանց, քանի որ քրիստոնեական վարդապետության հիմքը սերն է: Սիրենք միմյանց, ինչպես Աստված սիրեց մեզ: Հիշենք, որ Դատաստանի օրը մեր խոսած յուրաքանչյուր դատարկ բանի, մեր գործած յուրաքանչյուր վատ արարքի համար պատասխան պետք է տանք և հատուցենք, իսկ կատարած յուրաքանչյուր բարի գործի և ողորմության դիմաց հարյուրապատիկը պիտի ստանանք: Խորհենք այս մասին, բարի գործերով իմաստավորենք մեր կյանքի յուրաքանչյուր օրը, մեզ բարձր չդասենք մյուսներից, այլ գութ և ողորմություն ցուցաբերենք միմյանց նկատմամբ, որպեսզի արդարադատ Աստված էլ մեզ գթա և ողորմի: Բարությամբ, ներողամտությամբ, սիրով ու խոնարհությամբ նմանվենք մեր արարիչ Աստծուն, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և հավիտյանս. ամեն:

 

Անժելա Խաչատրյան

01.05.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․