11 Օգոստոս, Գշ, Աստվածածնի պահքի Բ օր

Գրքեր

«Դուք մարմինն եք Քրիստոսի»

«Դուք մարմինք Քրիստոսի եք»

«Դուք մարմինն եք Քրիստոսի» (Ա Կորնթացիներ 12։27)։

Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․

Այսօր, ըստ մեր եկեղեցու տոնացույցի, Կարմիր կիրակին է։ Կարմիրը մեզ հիշեցնում է Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը, որովհետև Նրա արյամբ երկրագունդը ներկվեց փրկարար կարմիր գույնով։ Մարդկությունը մեղքերից ու հանցանքներից մաքրվեց և սրբվեց, քանի որ եկավ Աստծո Միածին Որդին Իր մեծ սիրով և զոհաբերությամբ ու փրկություն պարգևեց մարդկանց։ Նրա հեղած արյամբ է, որ շարունակվում է մարդկային կյանքը։ Մարդկային հոգին խաղաղվում է իր խղճի դատապարտությունից։ Փրկություն է շնորհվում յուրաքանչյուր մեղավորի անհատապես և բոլոր մահկանացուներին ընդհանրապես։ 

Քրիստոսի հեղած արյամբ հիմնվում է եկեղեցին։ Եկեղեցին վեր է խոյանում Քրիստոսի անվամբ մարտիրոսացածների նահատակությամբ։ Նրանց արյամբ են շաղախվում Քրիստոսի եկեղեցու քարերը։ Մենք՝ զինվորյալներս, մեր հայացքը հառել ենք Հաղթանակած եկեղեցուն, որովհետև մենք էլ մեր հերթին պիտի փորձենք մեր ներդրումն ունենալ Քրիստոսի եկեղեցու շինության գործում, չէ՞ որ մենք նրա անդամներն ենք։ Այդ անդամների նվիրումով է եկեղեցին բարգավաճել ու ծաղկել դարերի ընթացքում։ Եկեղեցին առաջին հերթին մենք ենք, մեր հոգին։ Եթե անսասան է մեր հոգու տաճարը, ապա անսասան կպահենք նաև ընդհանրական եկեղեցին։ Եթե մեր սրտերը փակենք Աստծո առաջ, ապա մեր հոգու հետ միասին կփակենք նաև մեր աչքերը Աստծո տան առաջ։ 

Եկեղեցու գլուխը Քրիստոսն է, եկեղեցին քրիստոնեական մի մեծ համայնք է, մի մեծ ընտանիք, և ոչ ոք չի կարող նրա հիմքերը խարխլել։ Տարբեր դարերում եկեղեցին հալածանքներ է տեսել, բայց շարունակում է իր գոյությունը, որովհետև չի ընդհատվել մարդկանց հավատքը։ Եթե մեր սրտերում Քրիստոսի համար տեղ չլինի, և Քրիստոսի պատվիրանները մեզ համար ժամանակավրեպ համարվեն, այդ իսկ պահին մենք կհրաժարվենք փրկության տապանը մտնելուց։

Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում իր քարն է ավելացնում եկեղեցու շինության և պայծառության համար։ Նա ջրում է այն ծառը, որի ճյուղն է ինքը։ Ջրում է կամ իր անտարբերությամբ թողնում է, որ այն չորանա։ Իր նպաստն է բերում, որ եկեղեցու այգին ծաղկի ու պտուղ տա, կամ անառակ որդու պես հեռանում է՝ հրաժարվելով այգու բարիքների ճաշակումից։

Եկեղեցին մեր տունն ու ընտանիքն է։ Ուրախություն է մեր տանը, ուրախ ենք և մենք, խաղաղություն է մեր տանը, խաղաղ ենք և մենք։ Անհանգստություն է մեր ընտանիքում, հիվանդ է ընտանիքի անդամներից մեկը, անհանգիստ է և մեր հոգին, ցավ ու վիշտ ունի մեր ընտանիքի անդամներից մեկը, տխրում ենք և մենք, ցավում է և մեր հոգին։

Մեր ընտանիքի գլուխը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն է՝ Ամենակարող Արարիչ Աստված։ Ի՞նչ ասաց Հայրը «Անառակ որդու առակում» ավագ որդուն․«Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է, բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկաս 15։ 31, 31)։ Քրիստոնեական ընտանիքում տեղ կա այն բոլոր մեղավորների համար, որոնք զղջում են իրենց մեղքերի, չար արարքների համար, որոնց մեղքերը աշխարհի կողմից կարող են միշտ հիշվել ու հիշատակվել, մինչդեռ եկեղեցում՝ ոչ։ Իրենց կատարած հանցանքների համար նման մարդիկ կարող են այլոց կողմից կանխակալ վերաբերմունքի արժանանալ, բայց ընդունվել եկեղեցու կողմից, որովհետև իր զավակներն են․«Առողջներին բժշիկ պետք չէ, այլ հիվանդներին․և Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին», ասում է Քրիստոս (Մարկոս 2։17)։

Այո՛, սիրելինե՛ր, Քրիստոս ներեց և սովորեցրեց, որ քրիստոնեությունը մաքրելու և մաքրագործելու է բոլոր զղջացող մեղավորներին։ Պետրոսի այն հարցին․«Տե՛ր, քանի՞ անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է ներեմ նրան․մինչև յո՞թն անգամ»։ Հիսուս նրան ասաց․«Քեզ չեմ ասում, թե մինչև յոթն անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթը» (Մատթեոս 18։21, 22)։ Պետրոս առաքյալի դեպքում էլ երևաց Տիրոջ ներողամտությունը, երբ նա ուրացավ Տիրոջը երեք անգամ, Տերը նրան հնարավորություն տվեց՝ զղջալու և ուրացության փոխարեն երեք անգամ իր սերը հայտնելու։ Քրիստոսի արյամբ բոլորիս մեղքերը ներվում են, բոլորս մաքրվում ենք՝ ապաշխարելով, խոստովանելով և թողություն ստանալով։ 

Քրիստոսի արյամբ կարմիր են եկեղեցու փրկագործ քարերը, բայց միաժամանակ կանաչ ու մշտադալար է եկեղեցին, որովհետև Աստվածորդու հարությամբ կանաչում է այն, ծաղկում ու պտուղ տալիս։ Քրիստոսի արյան կարմիրը սպիտակ է դարձնում Նրան հավատացողներին և խոստովանողներին։

Մենք՝ իբրև Զինվորյալ եկեղեցի, այսօր մեր փոքրիկ ներդրումն ենք ունենում եկեղեցու կյանքում, մեր ամենօրյա վկայությունն ենք բերում իբրև մկրտության սուրբ դրոշմը կրողներ։ Մեր գործերով պիտի վկայենք, որ քրիստոնեական եկեղեցու զավակն ենք, քրիստոնեական ընտանիքի մի անդամը։ Մեր ամենօրյա փոքրիկ ճիգերով ջրում ենք մեր այգին և նպաստում նրա պտղաբերությանը, որովհետև հավատարիմ լինել Քրիստոսի եկեղեցուն, նշանակում է հավատարիմ լինել Նրա պատվիրաններին, նշանակում է կատարել և կյանքի կոչել Աստվածային պատգամները և մոտենալ փրկությանը, մոտենալ Աստծուն, մոտենալ հավիտենական կյանքին։ 

Իրականում եկեղեցին Աստծո սիրո փաստողն է։ Նրանք, ովքեր հայտնվում են այստեղ, չեն կարող տխրել, որովհետև մարդը երևի թե ավելի շատ ստանում է, քան տալիս է, որովհետև սա փրկության տապան է, սա առաջնորդում է դեպի հավիտենական կյանք, շտկում է մարդու սխալ գործերը, խոսքերը և նույնիսկ մտքերը։ Մարդուն քաջություն է տալիս, որպեսզի չվախենա փորձությունների ժամանակ ու չհուսալքվի։ Այստեղ է մարդը սովորում բարեգործություն անել և բերկրանք ապրել արած բարիքից։ 

Մարդը մտնում է մեղքերով սևացած, սակայն Քրիստոսի արյամբ ճերմակ զգեստներ է ստանում։ Ընկնում է, սակայն գիտի, որ, բացի բարձրանալուց, այլ ելք չունի, որովհետև իրեն ձեռք է մեկնում ինքը՝ Հիսուս Քրիստոս։ Կյանքի տարուբերումներից անվտանգ մի ապաստան է եկեղեցու տապանը։ Մարդու չարն ու կործանումը չի ցանկանում, օգնում է խաղաղություն և անդորր գտնել նախ և առաջ հոգու խորքում, այնուհետև խաղաղ լինել սեփական ընտանիքում։ Եկեղեցու այգին մենք ջրում ենք, մշակում ենք, և պտուղներից քաղում և օգտվում ենք բոլորս։ Սակայն որքան էլ մեր ներդրումն ենք ունենում նրա կյանքում, այնուամենայնիվ ավելի շատ մենք քաղում ու ստանում ենք, քան տալիս ենք։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

03.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․