Գրքեր

Երախտամոռություն՝ Աստծու սիրո դիմաց

- Հա՛յր, փորձությունները միշտ լինում են հօգո՞ւտ մարդկանց:

- Կախված է այն բանից, թե մարդն ինչպես է փորձություններին վերաբերվում: Նրանք, ովքեր բարի տրամադրվածություն չունեն, սկսում են հայհոյել Աստծուն փորձությունների ժամանակ: «Ինչո՞ւ դա պատահեց ինձ,- տրտնջում են այդպիսիք։- Տե՛ս, ախր ուրիշների մոտ ամեն ինչ այնքա՜ն լավ է: Ի՞նչ Աստված է, որ թույլ է տալիս այս ամենը»: Այդպիսի մարդիկ «մեղա՜ Քեզ, Տեր» չեն ասում, բայց տանջվում են: Իսկ բարեպաշտ մարդիկ շնորհակալություն են հայտնում Աստծուն այսպես. «Փա՜ռք Աստծու: Այս փորձությունն ինձ Նրան մոտեցրեց: Աստված դա իմ բարօրության համար թույլ տվեց»: Առաջ այդպիսի մարդիկ կարող էին ընդհանրապես եկեղեցի չգնալ, սակայն փորձություններից հետո նրանք սկսում են գնալ եկեղեցի, խոստովանել իրենց մեղքերն ու Սուրբ Հաղորդություն ստանալ: Դրանից բացի, Աստված հաճախ շատ խստասիրտ մարդկանց այնպիսի բարեպաշտության է հասցնում փորձությունների միջոցով, որ նրանք շրջվում են հարյուր ութսուն աստիճանով և իրենց արարքների համար սարսափելի ցավ են ապրում ու տանջվում են:

- Հա՛յր, երբ մեզ հետ ամեն բան կարգին է, ապա պետք է «Փա՜ռք Քեզ, Տեր» ասե՞նք:

- Այո՛, եթե ուրախության պահին «Փա՜ռք Քեզ, Տեր» չասենք, ապա ինչպե՞ս կարող ենք վշտի պահին ասել: Ի՞նչ է, դառնության պահին շնորհակալ ես լինում Աստծուց, իսկ խնդության պահին չե՞ս ուզում երախտագիտությունդ հայտնել: Դե իհարկե, եթե մարդն անշնորհակալ է, ապա Աստծու սերն անծանոթ է նրան: Երախտամոռությունը մեծագույն մեղք է: Ինձ համար դա մահացու մեղք է: Ապերախտ մարդը ոչնչով չի բավարարվում, նրան ոչինչ ուրախություն չի պատճառում: Ամեն առիթով տրտնջում է: Ամեն ոք ու ամեն ինչ մեղավոր է նրա առջև: Իմ հայրենիքում՝ Ֆարասում, որպես քաղցրավենիք շատ էին սիրում խաղողի խյուսը: Եվ ահա, մի անգամ գիշերը մի աղջիկ սկսեց լաց լինել, որովհետև այդ խյուսից էր ուզում: Ի՞նչ անել: Նրա մայրը ստիպված էր հարևանների տուն գնալ ու խնդրել: Մի քիչ ուտելուց հետո, աղջիկը նորից սկսեց լաց լինել, ոտքերով հատակին դոփել ու բղավել. «Մայրի՜կ, թթվասեր էլ եմ ուզում»: «Աղջիկս, ախր այս ուշ ժամին որտեղի՞ց թթվասեր գտնեմ քեզ համար»,- հարցրեց մայրը: Ո՛չ, «թթվասեր եմ ուզում» ու վերջ: Ի՞նչ անել: Խեղճ մայրը հարևանուհու մոտ գնաց ու պարտքով թթվասեր խնդրեց: Թթվասերը փորձելով՝ աղջիկը կրկին լաց եղավ: «Հիմա ինչո՞ւ ես լաց լինում»,- հարցրեց մայրը: «Ուզում եմ, որ դրանք իրար խառնես»: Դե ինչ, վերցնում է մայրը քաղցրահյութն ու թթվասերը և իրար է խառնում: Բայց աղջիկը միևնույն է լաց է լինում. «Մայրի՜կ, չեմ կարող դրանք միասին ուտել: Ուզում եմ առանձնացնես»: Եվ այստեղ մորն այլևս ոչինչ չէր մնում անելու, քան աղջկան մի լավ ապտակելը: Ա՜ռ քեզ թթվասերն ու խախողի խյուսն առաձնացնելը:

Ուզում եմ ասել, որ որոշ մարդիկ իրենց այս աղջկա պես են պահում և այդժամ Աստծու պատիժն է հասնում նրանց: Գոնե մեր երախտամոռությունն ընդունելով՝ պետք է օր ու գիշեր շնորհակալություն հայտնենք Աստծուն այն օրհնությունների համար, որ տալիս է մեզ: Այսպես վարվելով մենք վախկոտ բանսարկուտի ոտքն են կոխ տալիս, ով իր բոլոր դևերին հավաքելով՝ չքանում է սև ծխի պես, որովհետև (ընդունելով մեր ապերախտությունն ու շնորհակալ լինելով Աստծուն Իր օրհնությունների համար) մենք սատանայի ցավոտ տեղին ենք խփում:

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

15.07.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․