1 Ապրիլ, ԴՇ, Մեծ Պահքի ԼԸ օր

Գրքեր

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքը

Մարտի 3-ից 6-ը նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:

Քառօրյա ժողովի նիստերը վարեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ժողովի տարբեր նիստերին հրավիրված էին մասնակցելու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Ժողովին ներկա էր նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը:

Գերագույն հոգևոր խորհրդին Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության վերջին զարգացումների, առկա մարտահրավերների մասին տեղեկություններ փոխանցեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: ԳՀԽ անդամները Սահակ Բ Պատրիարքին հղեցին իրենց շնորհավորանքներն ընտրության կապակցությամբ և մաղթեցին քաջառողջ ու արդյունավետ երկար գահակալություն:

Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման ընթացքին: Կատարված աշխատանքների շուրջ անհրաժեշտ լուսաբանություններ տվեցին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանը: ԳՀԽ անդամները ծանոթացան տաճարի վերականգնման ժամանակ ի հայտ եկած խնդիրներին, որոնք կարոտ են նոր ուսումնասիրությունների և լրացուցիչ աշխատանքների կատարման: Տեղեկացվեց, որ, նկատի ունենալով վերականգնման և բարեկարգման աշխատանքների ընդհանուր ծավալը և առաջացած նոր խնդիրները, Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները հնարավոր կլինի ավարտին հասցնել 2021 թվականին:

Գերագույն հոգևոր խորհուրդը լսեց նաև Մայր Տաճարի հիմնանորոգման համար հայտարարված համահայկական հանգանակության, անհրաժեշտ միջոցների հավաքագրման ընթացքի և այդ նպատակով կազմակերպված այցելությունների մասին հանգանակության կազմակերպման աշխատանքային հանձնախմբի ատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի զեկույցը:

Ժողովականները գնահատանքով ողջունեցին Միածնաէջ տաճարի հիմնանորոգության և պահպանության, ինչպես նաև համազգային հանգանակության կազմակերպմանն ուղղված բոլոր պատասխանատուների ջանքերը:

Ժողովի օրակարգում կարևոր տեղ էին գրավում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովի (ԱԵԺ) կազմակերպական աշխատանքներին վերաբերող հարցերը:

Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպման ընթացքի մասին զեկույց ներկայացրեց ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ժողովականները լսեցին նաև ԱԵԺ օրակարգային նյութերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթը հանձնախմբերի զեկույցները: Հանձնախմբերի գործունեության և պատրաստված փաստաթղթերի վերաբերյալ զեկույցներ ներկայացրին Կանոնադրությունների մշակման և Թեմական ու ծխական կյանքի կազմակերպման հանձնախմբերի համաատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանձնախմբի ատենապետ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Սոցիալական ծառայության հանձնախմբի ատենապետ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և ազգային ինքնության պահպանության գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության հանձնախմբի ատենապետ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հոգևորականաց պատրաստության հանձնախմբի ատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Քրիստոնեական արժեհամակարգին նետված մարտահրավերների հանձնախմբի ատենապետ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսատնտեսական վիճակի բարելավման հանձնախմբի ատենապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Գերագույն հոգևոր խորհուրդը, մանրակրկիտ քննարկելով ներկայացված փաստաթղթերը, գնահատանքով ողջունեց կատարված հսկայածավալ աշխատանքը, որը մեծապես ծառայելու է Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանը: Անհրաժեշտ թելադրություններից հետո ժողովականները հանձնարարեցին շարունակել փաստաթղթերի հետագա լրամշակումը: Այս գործընթացում Գերագույն հոգևոր խորհուրդը կարևոր նկատեց հանձնախմբերի կողմից մշակված փաստաթղթերի շուրջ մասնագիտական և հանրային լրացուցիչ քննարկումների կազմակերպումը մասնակցությամբ ԱԵԺ հանձնախմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանում և սփյուռքի տարբեր թեմերում ու համայնքներում:

Հիշյալ փաստաթղթերի լրամշակման անհրաժեշտությունից ելնելով, նաև նկատի առնելով, որ Մայր Տաճարի շին. աշխատանքներն ավարտվելու են 2021 թվականին` Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց հետաձգել Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը:

Բուլղարիայի Հայոց թեմում տիրող կացության առնչությամբ զեկույց ներկայացրեց Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Խնդրի քննարկման և հանգուցալուծման նպատակով Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց հատուկ պատվիրակություն առաքել Բուլղարիա՝ անհրաժեշտ հանդիպումներ ունենալու եկեղեցական, պետական և համայնքային պատկան կառույցների հետ։

Ժողովին նաև քննության առնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2019 թվականի գործունեության տեղեկագիրը: Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ներկայացրեց հոգևոր-վարչական գործունեության զեկույցը: Լսվեցին ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:

06.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․