Գրքեր

Մասնագիտությունը չէ մարդուն մարդ դարձնողը

- Հա՛յր, ինչո՞ւ է մարդ անհանգստություն զգում աշխատանքի ժամանակ:

- Միգուցե նա բարեհաճ չէ՞ իր աշխատանքի նկատմամբ: Եթե նա ճիշտ է վերաբերվում իր աշխատանքին, ապա ինչպիսին էլ որ այն լինի՝ նրա համար որպես տոնակատարություն կլինի:

- Հա՛յր, իսկ եթե մարդ դառնանում է այն պատճառով, որ ծանր ու կեղտոտ աշխատա՞նք է կատարում: Օրինակ՝ շինարարությամբ է զբաղվում, ճաշարանում կաթսա է լվանում կամ նման մի գործով է զբաղված: Ինքն իրեն ինչպե՞ս պետք է տրամադրի:

- Եթե նա մտածի այն մասին, որ Քրիստոս Իր աշակերտների ոտքերը լվաց (Հովհ. 13:4-14), ապա կդադարի դառնանալուց: Քրիստոս դրանով կարծես ասում է մեզ. «Դուք էլ պետք է այդպես վարվեք»: Ինչով էլ որ մարդ զբաղված լինի՝ կաթսաներ լվանա, մաքրի, հողը փորի, պետք է ուրախանա: Չէ որ մարդ կա, որ կոյուղի է մաքրում, որովհետև չի կարողանում այլ աշխատանք գտնել: Խեղճն ամբողջ օրը կեղտի ու մանրէների մեջ է: Մի՞թե նա մարդ չէ: Աստծու պատկերը չէ՞: Մի ընտանիքի հայր կոյուղի մաքրող էր աշխատում և հոգևոր բարձունքի էր հասել: Նա թոքախտով հիվանդացավ և թեկուզ կարող էր թողնել այդ աշխատանքը, բայց չցանկացավ, որպեսզի իր փոխարեն մեկ ուրիշը տանջվի: Այդ մարդը սիրում էր այն պարզ, ստորին կյանքը, որն արհամարհված էր այլոց կողմից, և դրա համար էլ Աստված նրան օրհնության արժանացրեց:

Մասնագիտությունը չէ մարդուն մարդ դարձնողը: Ես նավահանգստում աշխատող մի ծանոթ բեռնակիր ունեի, որը մահացածին հարություն տվեց: Երբ Իվերական անապատում ես դիկեոս* էի, մի անգամ ինձ մոտ հիսունհինգ տարեկանին մոտ մի մարդ եկավ: Ուշ երեկոյան գալով՝ նա դուռը չթակեց, որպեսզի չանհանգստացնի հայրերին և դրսում պառկեց քնելու: Երբ անապատի ճգնավորները տեսան դա՝ նրան ներս տարան և ինձ հայտնեցին այդ մասին: «Ինչո՞ւ զանգը չտվեցիր,- հարցրի նրան,- մենք դուռը կբացեիք և քեզ սենյակ կտայինք»: «Այդ ի՞նչ ես ասում, հայր,- պատասխանեց նա,- ինչպե՞ս կարող եմ համարձակվել անհանգստացնել ձեզ»: Տեսնելով, թե ինչպես է նրա դեմքը շողում՝ հասկացա, որ շատ հոգևոր կյանքով է ապրում: Հետո այդ մարդը պատմեց, որ մանկական հասակում նա զրկվել է հորից և այդ պատճառով էլ, ամուսնանալով՝ շատ էր սիրում իր աներոջը: Աշխատանքից հետո նախ՝ գնում էր աներոջն ու զոքանչին տեսնելու, հետո՝ իր տուն էր գնում: Սակայն շատ էր դառնանում, որովհետև աները մեծ հայհոյախոս էր: Շատ անգամներ էր խնդրել աներոջը դադարել, սակայն նա վերջ չէր տալիս: Մի անգամ աները ծանր հիվանդացավ: Նրան հիվանդանոց տարան, և մի քանի օրից մահացավ: Երբ աները մահանում էր՝ այդ բեռնակիրը նրա մոտ չէր, որովհետև այդ ժամանակ նավ էր բեռնաթափում: Երբ նա հիվանդանոց եկավ և նրան ասացին, որ աները մահացել է, նա դիահերձարան գնաց և սրտի խոր կսկիծով սկսեց աղոթել. «Աստված իմ, խնդրում եմ հարություն տուր նրան, որպեսզի խոստովանի իր մեղքերը և հետո նորից հետ վերցրու»: Նույն պահին մահացածն աչքերը բացեց և սկսեց ձեռքերը շարժել: Դա տեսնելով՝ դիահերձարանի աշխատակիցները սարսափով փախան: Բեռնակիրն աներոջը տուն տարավ, և նա լիովին ապաքինվեց: Դրանից հետո ևս հինգ տարի ապրեց զղջման ու ապաշխարության մեջ: «Հա՛յր,- պատմում էր ինձ բեռնակիրը,- ես փառք եմ տալիս Աստծուն այն բանի համար, որ ինձ այդ շնորհն արեց»: Նա շատ պարզ մարդ էր: Եվ միաժամանակ նա այնքան մեծ խոնարհություն ուներ, որ նույնիսկ մտքով էլ չէր անցնում, որ մահացածի է հարություն տվել: Նա բառացիորեն փուլ էր գալիս Աստծու հանդեպ զգացած երախտագիտությունից, թե Նա ինչ էր արել իր համար:

Շատ մարդիկ տանջվում են, որ իրենց չի հաջողվում սին փառքի արժանանալ կամ փուչ բաներով հարստանալ: Նրանք չեն մտածում, որ այդ բոլոր հարստություններից ու փառքից մյուս կյանքում, այսինքն՝ իսկական կյանքում, ոչ մի օգուտ չի լինի: Ախր դրանք տեղափոխել էլ չի լինի այդ մյուս՝ իսկական կյանք: Այնտեղ մենք կտանենք միայն մեր այն գործերից, որոնց օգնությամբ այստեղ՝ երկրի վրա, կստանանք համապատասխան «ելքի թույլտվությունը»՝ մեր առաջիկա մեծ ու հավիտենական ճամփորդության համար:

 

* Դիկեոս – մեկ տարով ընտրված կամ նշանակված վանական Սուրբ լեռան անապատներում, որ համակարգում է անապատի բնակիչների կյանքը:

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

16.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․