Գրքեր

Գիջություն կամ ձեռնաշարժություն

Կարդում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ընդհանրական խոստովանության մեջ. «Մեղայ...․ ի գիշերի եւ տուընջեան. երազական գիջութեամբ եւ անրջական գարշ աղտեղութեամբ. մեղայ Աստուծոյ»: Այստեղ կարող է հարց առաջանալ մի երիտասարդի կամ երիտասարդուհու մոտ՝ ինչո՞ւ գիջությունը կամ   ձեռնաշարժությունը մեղք է համարվում, երբ Աստված դրեց սեռային հարաբերության կարիքը մարդու մեջ:

Այս հոդվածի նպատակն է քննարկել ձեռնաշարժությունը բժշկական և կրոնական մոտեցումներով, որպեսզի ընթերցողը տեղեկանա դրանցից յուրաքանչյուրի մոտեցմանը, վերլուծությանն ու պատասխանին:

Ի՞նչ է ձեռնաշարժությունը: Ձեռնաշարժություն բառը ըստ Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարան»-ի՝ նշանակում է. «1. ձեռնաշարժ անելը, լինելը, 2. ձեռնելը այս ու այն կողմ շարժելը պարի ժամանակ, 3. օնանականություն, իսկ օնանականություն բառը նշանակում է՝ անբնական կերով սեռական կիրքը հագեցնելու մոլություն. օնանականությունը շատ անգամ ունենում է աղետալի հետևանքներ»: Բժշկական բացատրությամբ, ինչպես կարդում ենք www.doctors.am-ում. «ձեռնաշարժությունը սեռական օրգանների արհեստական գրգռումն է՝ սեռական բավարարվածություն ստանալու նպատակով»:

Ձեռնաշարժության տոկոսաչափը: Ձեռնաշարժությամբ զբաղվում են թե՛   տղամարդիկ, թե՛ կանայք, սակայն դրա տոկոսաչափը տարբերվում է նրանց միջև: www.armdaily.am-ը 2019 թ.-ի ապրիլի 15-ին գրել է. «Ալֆրեդ Կինզիի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  տղամարդկանց 92%-ը և կանանց 62%-ը զբաղվում  են ձեռնաշարժությամբ»:

Ձեռնաշարժության ժամանակաշրջանը: Կարդում ենք ysmubooks.am-ում․ «Ձեռնաշարժությունը սովորաբար սկիզբ է առնում սեռական հասունացման շրջանում և դադարում սեռական կյանքի սկսվելու հետ»: Սակայն այստեղ տեղին է նշել, որ կան «քիչ տոկոսով» ամուսնացածներ՝ տղամարդիկ և կանայք, որոնք իրենց ամուսնական սեռային հարաբերության կողքին զբաղվում են ձեռնաշարժությամբ:

Ձեռնաշարժության պատճառները: Ձեռնաշարժությունը ունի զանազան պատճառներ, որոնք տարբեր մակարդակի ազդեցություն ունեն մարդկանց վրա: Այդ պատճառներն են. 1. անհատական, օրինակ՝ ուրախության, տխրության կամ ձանձրույթի զգացումը, հաջողության կամ ձախողության վիճակը, նեղ հագուստ հագնելը, 2. ընտանեկան, օրինակ՝ տան դաժան մթնոլորտից առաջացած դեպրեսիան, 3. դրամային, օրինակ՝ տուն գնելու և պսակվելու նյութական անկարողությունը, մեծ պարտքը, 4. ընկերային, օրինակ՝ ձեռնաշարժությունը սիրող մարդկանց հետ զրուցելը և նրանցից քաջալերվելը, 5. հրատարակչական, օրինակ՝  սեռական բովանդակություն ունեցող ամսագրեր և ֆիլմեր տեսնելը, 6. սննդային, օրինակ՝ քնից առաջ թունդ թեյ կամ սուրճ խմելը:  

Ձեռնաշարժությունը բժշկական և կրոնական մոտեցումներով: Նախքան այդ երկու մոտեցումների մասին խոսելը, պետք է շեշտել, որ բժշկությունը և կրոնը իրար  հանդեպ թշնամիներ, հակառակորդներ կամ մրցակիցներ չեն: Բժշկությունը և կրոնը  ունեն անջատ մասնագիտական դաշտեր, գրականություն, պատմության մեջ  դիմագրավված դժվարություններ ու արձանագրած նվաճումներ, մեթոդներ և այլն: Կան բժիշկներ, որոնք ժամանակի ընթացքում դարձան կղերական և աստվածաբան, օրինակ՝ Ղուկաս ավետարանիչը. «Ողջունում է ձեզ Ղուկասը՝ սիրելի բժիշկը, ինչպես նաև Դեմասը»: (Կող. 4:14): Բժշկությունը և կրոնը  միշտ չէ, որ համակարծիք են մարդու կյանքի բոլոր թեմաների վերաբերյալ: Դրանք երբեմն նույնակարծիք են, օրինակ՝ ծխախոտի և թմրանյութերի գործածության վնասակարության մասին, և երբեմն էլ են հակամիտ: Բժշկությունը քննում է ձեռնաշարժության ազդեցությունը մարդու ֆիզիկական առողջության վրա, իսկ կրոնը քննում է՝ հոգևոր առողջութան վրա՝ մարդ – Աստված հարաբերության վրա:

Ձեռնաշարժությունը կրոնական մոտեցումով: Ձեռնաշարժությունը կրոնական մոտեցումով մեղք է՝ 1. որովհետև Աստված սկիզբից մարդուն ստեղծեց արու և էգ, ուստի սեռական բավարարվածություն ստանալու հաճույքը պետք է տեղի ունենա միայն պսակով, և ոչ թե առանձին՝ ձեռնաշարժությամբ, 2. որովհետև ձեռնաշարժությանն ընկերակցում են ոչ բարի նայվածքներ, պատկերներ, երևակայություններ: Մինչդեռ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասաց. «...․Ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ» (Մատթ. 5:28), «Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքն առողջ է, ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի» (Ղուկ. 11:34), 3. որովհետև ձեռնաշարժությունը բացասականորեն ազդում է մարդու հոգևոր կյանքի վրա՝ նա սկսում է լավ չաղոթել, անորոշության մեջ ընկնել սուրբ հաղորդությունից առաջ՝ հաղորդվեմ թե ոչ, զգալ՝ մի սխալ բան է արել Աստծու առաջ, 4. որովհետև ձեռնաշարժությունը ոչ միայն ֆիզիկական և սեռական էներգիայի անօգուտ սպառում է, այլ նաև ժամանակի:   

Ձեռնաշարժությսն ազդեցությունները բժշկական մոտեցումով: Ինչպես որ աշխարհի բժիշկները համակարծիք չէին Covid-19-ի համավարակի համար պատրաստված պատվաստանյութերի դրական ազդեցության վերաբերյալ, նույնպես այժմ չկա միացյալ բժշկական ուսմունք ձեռնաշարժության դրական և բացասական ազդեցությունների մասին մարդու ֆիզիկական առողջության վրա: Կան բժիշկներ, որոնց մոտ ձեռնաշարժությունը միայն դրական է դիտարկվում, այլ խոսքով՝ ձեռնաշարժությունը սովորական սեռային գոհացության արարք է, չունի որևէ բացասական ազդեցություն ֆիզիկական առողջության վրա, խնդիր չկա, որ անհատը շաբաթը երեքից հինգ անգամ անի ձեռնաշարժություն, ունի բազմազան օգուտներ՝ սեռական լարվածության թուլացում, սթրեսի մակարդակի իջեցում, տրամադրության բարձրացում, քնի բարելավում և այլն: Սակայն կան բժիշկներ, որոնք գրում են հոդվածներ ձեռնաշարժության վնասների մասին՝ ամուսնանալու անինքնավստահություն, մտային անհանգստություն, դեպրեսիա, քնի խանգարում, անձնասիրության մղում, մտքում պիղծ պատկերների զետեղում, մարմնի էներգիայի սպառում, ժամանակի կորուստ և այլն: Տակավին կարելի է քննել ձեռնաշարժությունը հոգեբանական, դաստիարչական, տրամաբանական, պատմական և այլ մոտեցումներով:

Ձեռնաշարժություն չանելու գործնական քայլերը:  Ձեռնաշարժությունից հեռու մնալը անհնար չէ: Դրա իրագործման համար կան գործնական քայլեր՝

Համոզում: Մարդը պետք է համոզվի, որ ձեռնաշարժության արարքը իր մտային  երևակայություններով և զգացումներով ոչ միայն մեղք կամ սխալ է, այլ նաև ֆիզիկական և սեռային ուժի սպառում է, հոգեկան աշխարհի ալեկոծում է: Այդ բոլորի վրա կավելանան ձեռնաշարժության պատճառով կորցրած վայրկյանները, րոպեները և ժամերը:  

Հագեցում: Երբ մարդը հագենա հոգևոր միջոցներով՝ Աստվածաշունչ կարդալով, եկեղեցի հաճախելով, խոստովանելով և հաղորդվելով, պահեցողություն անելով, սրբերի մասին ֆիլմեր դիտելով և այլն, ավելի կզորանա հոգևոր կյանքում, և կնայի   ձեռնաշարժությանը որպես սկսնակների մեղք, և ինքը տակավին ունի երկար քայլելու հոգևոր ճանապարհ, որովհետև գրված է. «Սո՛ւրբ եղեք, քանզի ես՝ Տերը, ձեր Աստվածը, սուրբ եմ» (Ղև. 19:2) և «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48):

Հրաժարում: Մարդը պետք է աշխատի հեռու մնալ ձեռնաշարժության պատճառներից՝ վատ բարեկամներից, սխալ տեսարաններից, վնասակար ընթերցանություններից, նեղ հագուստներից, չմարզվելու ծուլությունից:

Խոստովանություն: Քահանայի առջև իր մեղքերը խոստովանած անձը կպայքարի իր հոգևոր կյանում, զգույշ կլինի իր խոսքերի, զգացումների և գործերի մեջ, չի ցանկանա, որ մեղքերը իր մեջ ամրապնդվելով՝ վերածվեն սովորության և խոստովանության մնայուն թեմաներ լինեն, չի սիրի ձախողվել հոգևոր կյանքում, ինչպես ծույլ աշակերտներիը ձախողում են իրենց ուսումնական կյանքում:

Ծրագրում: Ծրագրեր ունեցող անձը ժամանակ չունի ձեռնաշարժության: Նրա մոտ յուրաքանչյուր վայրկյան ունի իր արժեքը, որովհետև դա իր կյանքի մաս է կազմում: Խնդրո անձը գիշերով կարձանագրի իր հաջորդ օրվա ծրագրերը և լուսաբացին կսկսի աշխատել դրանց իրագործման վրա: Նա չի սիրում իր օրը անցկացնել առանց ծրագրի, անորոշ վիճակի մեջ, զբաղմունք փնտրելով: Ինչպե՞ս ձեռնաշարժություն անելու գաղափարը մուտք պիտի գործի զբաղված անձի կյանքի մեջ: 

Զգուշացում: Անձը զգուշությամբ պետք է օգտագործի որոշ ուտելիքներ, ստամոքսը չծանրաբեռնի քնելուց առաջ: Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ:

 

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

28.04.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․