Գրքեր

Հացերի բազմացումը

«Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք» (Մատթ. ԺԴ 16):

Սուրբ Գրքում մեկը մյուսից տարբեր ընդգրկում ունեցող երկու մեծաշուք ու փառավոր խնջույքներ են նկարագրվում: Առաջինը պարսից թագավոր Ասուերոսի խնջույքն է: Նրա թագավորության սահմանները ձգվում էին Հնդկաստանից մինչև Եթովպիա՝ հարյուր քսանյոթ նահանգների վրա: Այս Ասուերոսը հույների պատմության մեջ հայտնի աշխարհակալ Քսերքսեսն է: Ահա այս Քսերքսեսն էր, որ իր թագավորության մայրաքաղաք Շուշանում երևելի մարդկանց համար ճաշկերույթ կազմակերպեց՝ ցույց տալու «իր թագավորության փառավոր հարստությունը և մեծապատիվ շքեղությունը (Եսթեր Ա 4):

Այս ճաշկերույթը տեղի ունեցավ պալատի պարտեզի գավթում՝ ճերմակ, կանաչ ու կապույտ բեհեզների և վարագույրների տակ, որոնք ծիրանագույն ժանյակներով ու արծաթե օղակներով զարդարված՝ կախված էին մարմարյա սյուներից: Հրավիրվածները, ըստ արևելյան սովորության, նստած էին ոսկյա ու արծաթյա նստարաններին, որոնք ամրացված էին պորփյուրե, ճերմակ մարմարից հատակների վրա: Ըմպելիքների համար գործածվում էին ոսկյա բաժակներ. թագավորական գինին աներևակայելիորեն առատ էր: Կարելի է եզրակացնել, թե ուտելիքների ինչպիսի՜ առատությամբ էին լեցուն բոլոր սեղանները, թեև դրա մասին հեղինակը որևէ ակնարկ չի անում:

Խնջույքը, որ տևեց յոթ օր, շատ վատ ու տխուր ավարտ ունեցավ, քանի որ խնջույքի վերջին օրը թագավորը, գինովցած լինելով, հակառակ արևելյան սովորություններին ու կարգերին, հրամայեց իր մոտ բերել Վաշտի անունով թագուհուն, որպեսզի սեղանակիցներն ու իշխանները տեսնեն նրա գեղեցկությունը: Ամբարտավան ու խրոխտ Վաշտին (ինչպես ասում է Ռասին, իսկ ես կասեի ավելին՝ իմաստուն ու առաքինի՛ Վաշտին) հրաժարվեց հնազանդվել թագավորի հրամաններին:

Կարող ենք եզրակացնել, թե ի՜նչ մեծ ցասում ու սրտնեղություն պատճառեց թագավորին Վաշտիի այս ըմբոստացումը, որի հետևանքով նա հեռացվեց տանտիկինության «պաշտոնից»: Երբ թագավորին մերձ գտնվող սեղանների շուրջն այսպիսի դեպքեր էին տեղի ունենում, կարո՞ղ եք ենթադրել, թե որչա՜փ անպատեհ ու անպատշաճ դեպքեր տեղի կունենային «ժողովրդական» սեղանների շուրջը, որտեղ ո՛չ բանականություն, ո՛չ հանդարտություն և ո՛չ էլ ճշմարիտ երջանկություն է կարող գոյություն ունենալ, երբ գինին է հանդիսանում խնջույքի հոգին: 

Մյուս խնջույքը, որ ես ունեմ իմ աչքի առաջ և որի նկարագրությունից էլ վերցրել եմ իմ բնաբանը, տեղի է ունենում անապատի մի անկյունում՝ մի ամայի վայրում, Գաննեսարեթ լճից ոչ այնքան հեռու: Հացկերույթը առանց որևէ պատրաստության տեղի ունեցավ միևնույն օրը՝ երեկոյան, երբ բազմությունը քար կտրած՝ լսում էր Հիսուսի շուրթերից բխող հավիտենական կյանքի խոսքերը, երբ նույնիսկ մոռացության էր մատնվել ուտելիքի ու խմելիքի հայթայթման հարցը:

Հրավիրյալները, եթե կպատշաճի այսպես ասել, 5000 հոգի էին՝ չհաշված կանանց ու մանուկներին: 50-ական ու 10-ական խմբերի բաժանված՝ նրանք նստած էին կանաչ մարգագետնի վրա և մի հիանալի տեսարան էին ներկայացնում հեռվից դիտողի աչքին: Սրահի զարդարանքները կազմում էին երկնքի կապուտակ կամարը, գեղեցիկ ու ժպտերես Գեննեսարեթի լճակը, հորիզոնի ծաղկասփյուռ բլրակներն ու ծաղկազարդ լեռները: Այնտեղ չկային ոսկյա ու արծաթյա նստարաններ՝ պորփյուրե և կիսաթափանցիկ մարմարից հատակներով, այլ, ինչպես ասում է Հովհաննես Ավետարանիչը, նստելու համար «այնտեղ առատ խոտ կար» (Հովհ. Զ 10):

Հացկերույթի նախագահողն Ինքը՝ Հիսուս էր: Նա Իր Հոր տան մեջ էր և Իր Հոր տան մեջ պատիվների էր արժանացնում մարդկանց: Նա հացկերույթը սկսեց գոհության մաղթանքով և շնորհակալությամբ օրհնեց այն հացերը, որ Իր տրամադրության տակ դրվեցին աշակերտների կողմից, որոնք էլ հացի օրհնությունից հետո այն բաժանեցին բոլոր ներկաներին: Այս հացկերույթը Շուշան մայրաքաղաքում տեղի ունեցած հացկերույթից նաև այն տարբերությունն ուներ, որ այնտեղ հացի մասին որևէ ակնարկ չկար, այլ խոսվում էր միայն գինու և արբեցումի մասին, իսկ ահա այստեղ գինու և արբեցումի խնդիր չկա, այլ միայն՝ հացի:

Հավանաբար, գինի չկար, բայց առատ ջուր կար, քանի որ կանաչ մարգագետնի գոյություն ունենալը ենթադրել է տալիս ջրի առատության մասին: Եվ ահա երբ բոլորն էլ կշտացան, տասներկու զամբյուղ հացի կտորտանքներ հավաքեցին, իսկ ժողովուրդն էլ հեռացավ խնջույքից՝ փառավորելով Աստծուն և ևս մեկ անգամ երախտագիտությամբ խանդավառվեց Հիսուսով:

Արդ, ո՜վ հավատացյալներ, ի՞նչ եք խորհում այս երկու խնջույքների, հացկերույթների մասին: Ո՞րն է ավելի ճոխ ու բազմաբեղուն, իրական գոհունակություն ու անբիծ ուրախություն պատճառող հացկերույթը: Որի՞ն եք ուզում ներկա գտնվել, Ասուերոսի՞, թե՞ Հիսուսի հացկերույթին: Մինչ այժմ էլ այդ երկու սեղանները գոյություն ունեն աշխարհի վրա և դրված են դեմ առ դեմ: Երկուսն էլ հրավիրյալներ ունեն: Հրավիրողներից մեկը Ասուերոսն է, որ հրավիրում է իր հացկերույթին, մյուսը Հիսուսն է: Մեկն աշխարհի սեղանն է, մյուսը՝ Աստծու սեղանը:

Ասուերոսի պարսկական ճաշկերույթը մարդուն առաջնորդում է երկրավոր ցանկությունների ու մարմնի փառավորման: Նազովրեցու Գալիլիական հացկերույթը մարդուն մոտեցնում է Աստծուն: Այդ հացկերույթը նշանավորումն ու գրավականն է Աստծու օրհնությունների: Այսօրվա մեր քարոզի նպատակն այլ բան չէ, քան միայն Քրիստոսի սեղանից ընկած մի քանի փշրանքներ հավաքելը, ասել կուզեմ՝ մի քանի հրահանգիչ դասեր քաղելը հացերի բազմացման այս գեղեցիկ ու գրավիչ պատմությունից:

Ես ձեր ուշադրությունը կուզեի հրավիրել Հիսուսի՝ Իր աշակերտներին ուղղված այս խոսքի վրա. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»: Այս խոսքի մեջ է, որ պիտի ջանանք պատասխան գտնել քաղցած բազմությանը ֆիզիկապես ու հոգևորապես կերակրելու կրկնակ հարցերին:   

Ա

Նախ նկատի ունենանք, թե ինչպես սկսվեց գալիլիական այս հանպատրաստից հացկերույթը և թե հացերի բազմացման այս անճառելի հրաշքն ինչպես տեղի ունեցավ, հրաշք, որը հանդիսավորությամբ պատմվում է բոլոր չորս ավետարանիչների կողմից էլ:

Առաքյալները, որ երկու-երկու ուղարկված էին Գալիլիայի քաղաքներն ու գյուղերը՝ քարոզելու, վերադարձել էին իրենց շրջաններից և Հիսուս, կամենալով նրանց լսել ու նոր կարգադրություններ անել, նրանց հրավիրեց առանձնացված մի վայր: Բայց կարծես թե այս ծրագիրը չհաջողվեց. հազիվ էին նրանք առանձնացել, երբ ահա շրջակա գյուղերի բնակիչները հարյուրներով սկսեցին գալ ու խռնվել Հիսուսի շուրջը: Նա էլ՝ մշտապես քաղցրահոգի ու բարի լինելով, բարությամբ ու հաճույքով ընդունեց այս անակնկալ այցելուներին և նրանց համար սկսեց ժամերով խոսել երկնավոր Հայր Աստծու թագավորության մասին ու բժշկեց նրանց մեջ եղող հիվանդներին:

Օրն այսպես անցավ, իսկ ուտելիքի ու խմելիքի մասին մտածող չկար, և եթե ոմանք էլ բերել էին որոշակի քանակի ուտելիք, անշուշտ, այն արդեն սպառվելու վրա պիտի լիներ: Վերջապես, աշակերտները մոտենում են Հիսուսին և ասում. «Այս տեղը ամայի է, և օրը տարաժամել է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմությունը, որպեսզի գնա շրջակա գյուղերը, իր համար ուտելիք գնի»: Եվ թերևս նրանք իրենց սրտից էին ասում. «Մենք ևս հոգնած ու քաղցած ենք»: Այս իրավիճակում ի՞նչ պիտի աներ Հիսուս:

Անշուշտ, Նա չէր ցանկանա աշակերտների թելադրանքի համեմատ շարժվել, քանի որ վերջիններիս նպատակը ժողովրդին արձակելն ու ցրելն էր, որպեսզի ամեն ոք իր միջոցներով իր հացը հոգար: Դա ամենակարճ միջոցն էր ու, ըստ երևույթին, այդ միջոցը անարդար էլ չէր երևում, քանի որ Հիսուս Ինքը չէր, որ հրավիրել էր այդ մարդկանց, մանավանդ որ Նա կարող էր ասել ներկաներին. «Ես ուտելիքի ու խմելիքի հարցերով չեմ ուզում զբաղվել, Ես միայն հոգիների սնունդի մասին եմ հոգ տանում, իսկ ձեր անձնական ու ընտանեկան պետքերը հոգալը ձեր իսկ պարտականությունն է»:   

Աշակերտները կարծես թե մի քիչ էլ նեղսրտությամբ էին ասում. «Արձակի՛ր ժողովրդին, որ գնան, իրենց համար կերակուր գնեն»: Սակայն նմանատիպ կարգադրությունը կարող էր անախորժ հետևանքներ ունենալ: Ժողովուրդը հեռվից էր եկել, հոգնած էր, քաղցած: Մարդիկ կային, որ ընտանիքների ու զավակների հետ էին եկել: Որտեղի՞ց նրանք այդքան կերակուր պիտի գտնեին: Ու գուցե հետդարձի ճանապարհին էլ նրանց ուժերը սպառվեին ու նրանք այդպես տկարացած՝ անօգնական մնային:

Շա՜տ հեշտ է ասելը. «Թո՛ղ գնան, կերակուր գնեն»: Բայց դյուրի՞ն էր, հնարավո՞ր էր այդ: Ինչպե՞ս կարելի էր սնուցել, կշտացնել այս 5000-ից ավելի բազմությանը: Ենթադրենք, որ հաց գնելու համար գումար հավաքել ձեռնարկվեր, սակայն ամենքը վճարել կարո՞ղ էին: Նման գործելակերպը, թեև շատ պարզ է երևում, սակայն ծանր ու անախորժ հետևանքներ պիտի ունենար ու շատերն իրապես պիտի սրտնեղեին: Ուստի և գթությամբ լեցուն Հիսուսի սիրտը չէր կարող համաձայնել աշակերտների առաջարկածին:

Հիսուս մեկ այլ եղանակով պիտի գործել կարողանար ու գոհացներ քաղցած ժողովրդին: Նա կարող էր ասել Իր աշակերտներին. «Ե՛ս նրանց ուտելիք կտամ»: Բայց Հիսուս ասում է. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»: Նա կարող էր, իբրև Աստծու Որդի, բազմության համար ոչնչից անհրաժեշտ կերակուր ստեղծել: Նա կարող էր, Եղիայի պես, թռչուններով կերակրել բազմությանը:

Նա կարող էր ասել անապատի քարերին, որ հաց դառնային, կամ, Մովսեսի պես, կարող էր երկնքից հաց տեղացնել: Սակայն Հիսուս ո՛չ մեկը և ո՛չ էլ մյուսն արեց: Եթե Նա հրաշքի միջոցով կամենար կշտացնել բազմությանը, դա նրանց համար օգտակար չէր լինի: Է՛լ ավելի հրաշալի զորություն էր անհրաժեշտ ցուցադրել այնտեղ: Այնտեղ հարկ էր, որ Աստծու միջամտության լույսն այլ կերպ հայտնվեր:

Հիսուս չկամեցավ հրաշքներով գոհացնել ժողովրդին: Հրաշքները բնավ խրատող ու կրթող դեր չունեն մարդու հոգու ու զգացմունքների վրա: Դրանք ավելի շատ հետաքրքրություն են շարժում, ինչն էլ շատ վաղանցուկ երևույթ է մարդու համար: Հիսուս չուզեց մոգական միջոցներով արտաքին շարժում առաջ բերել. Նա կամեցավ, որ հրաշքը տեղի ունենա ու սկսվի հենց մարդու սրտից, հոգուց, մարդու հոգու խորքերից, քանի որ այնտե՛ղ էր հրաշքի աղբյուրը:

Հրաշքը Աստծու հետ գործակցությունն է: Աստված իր ողորմությունն ու փրկությունը մարդկանց միջոցով է ուղարկում, մարդուն փրկում է մարդու միջոցով: Հիսուս էլ, իբրև անեղի պատկերը, փոխանակ միայնակ ու առանց միջնորդի գործելու, ասաց Իր աշակերտներին. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»: Անշուշտ, Հիսուս տեղյակ էր, թե ինչ կերակուր ունեին իրենց ձեռքի տակ աշակերտները, ուստի Նա բերել է տալիս գարուց պատրաստված հացերն ու երկու ձկները: Հիսուս Իր առջև է դնել տալիս այս անբավարար հացերն ու, բազմության՝ զարմանքով լի աչքերի առաջ, երկինք նայելով՝ գոհանում է, կտրում հացերն ու ասում աշակերտներին. «Բաժանե՛ք»:

Աշակերտներն էլ հավատքով ու խոնարհությամբ՝ առանց հասկանալու, թե ինչ է անում իրենց Տերը, հնազանդվում են ու բաժանում հացերը: Օ՜հ, ինչպիսի՜ անակնկալ: Հազիվ թե հարյուր հոգանոց խմբին բաժանած լինեին, երբ նկատում են, որ իրենց բաժանած հացը ոչ միայն չի սպառվում, այլև ավելացած՝ վերադառնում է իրենց, շատանում է: Սա, անշուշտ, խրախուսում է աշակերտներին, որպեսզի նրանք շարունակեն եռանդով բաժանել հացերը:

Ժողովուրդն էլ ուրախությամբ ու երախտագիտությամբ է ընդունում Հիսուսի ձեռքով օրհնված հացերը: Իսկ երբ ամենքն էլ կշտանում են, Հիսուսի հրամանով ավելացածն ի մի են հավաքում ու տեսնում, որ այն շատ ավելի շատ էր նախապես եղած հացերից: Ահա՛ թե ինչպես Հիսուս լուծեց դժվարությունները, ահա՛ թե ինչպես հասավ նրանց կարիքների բավարարմանը, ովքեր քաղցած՝ Իր գթությանն էին սպասում:

Բ

Գործադրե՛նք այս սկզբունքն ու այս օրինակը ներկայիս խնդիրների լուծման մեջ, ու մեր վերքերը մեծապես պիտի դարմանվեն: Ներկայիս ամենաարդիական ու օրակարգային խնդիրը աղքատությունն է: Քաղաքական, դիվանագիտական աշխարհի, ինչպես նաև մեր այս ներկա դարի իմաստունների ու իշխանությունների մղձավանջը, միտքը զբաղեցնող ու սրտնեղություն պատճառող խնդիրը ամբոխի աղքատությունն է: Այն քաղցած բազմությունը, որի մասին խոսում է այսօրվա Ավետարանը, տակավին գոյություն ունի: Հարկ չկա հեռուներում փնտրել այն: Ամենամեծ, հարուստ ու ճոխ քաղաքներում է՛լ ավելի մեծ է այդ բազմությունը:

Հիրավի, Հիսուսի օրերից ի վեր շա՜տ բան է փոխվել, սակայն կա մի բան, որը չի փոխվել ու դեռ մտահոգություն է պատճառում: Աղքատությունն է այդ, խուռներամ ամբոխների քաղցն է այդ: Այն ժամանակ քաղցած ամբոխը լսում էր Հիսուսի խոսքերը, բայց այժմյա քաղցած ամբոխը շատ անգամ չի ուզում լսել Հիսուսին: Այն ժամանակ քաղցած ամբոխը հանդարտությամբ համբերում էր, գիտեր համբերել քաղցին ու սիրով սպասում էր Հիսուսին՝ Նրա օգնությունը վայելելու համար:

Այժմյա քաղցած ամբոխը, սակայն, ոչ միայն հանդգնաբար «հա՛ց» է աղաղակում, այլև աշխարհի ունեցվածքն ու զվարճություններն է պահանջում և նույնիսկ երբեմն էլ, երբ իր պահանջմունքները չեն բավարարվում, այդ ամբոխը բարկությամբ լի աղաղակներով ու ցույցերով հափշտակությունների է դիմում և խլում այն, ինչ իրեն չի պատկանում: Այդ ամբոխը կազմակերպում է գործադուլներ ու խռովություններ, որոնց հետևանքով հաճախ սպանություններ են տեղի ունենում:

Ի՞նչ է պետք անել այս իրավիճակում: Եթե Հիսուսի աշակերտներին հարցնելու լինենք, նրանք պիտի պատասխանեն. «Արձակի՛ր այդ ժողովրդին, որպեսզի գյուղերը գնան ու իրենց համար ուտելիք գնեն»: Շատերը կան, որ ճի՛շտ այս ոճն են որդեգրում քաղցածության խնդրին ի պատասխան. «Թո՛ղ որ աշխատեն՝ փոխանակ ծույլ-ծույլ սրճարաններում նստելու, և փոխանակ իրենց վաստակած դրամը զուր տեղը վատնելու՝ թող այն իրենց ընտանիքի վրա՛ ծախսեն»: Ճշմարիտ է, որ այս դիտողության մեջ իրավացի կետեր կան, ստույգ է, որ աղքատությունների մեծ մասը հետևանք է աղքատների մոլությունների ու թերությունների:

Բայց եթե իրավացի կետեր կան այս դիտողությունների մեջ, կան, սակայն, նաև ճշմարտությանը չհամապատասխանող կետեր: Ինչո՞ւ նկատի չի առնվում այսօր իսկ ապրող, աշխատող ու վայելող գործարարների և արհեստավորների մոլություններն ու նաև իրենց հատուկ ծուլությունը: Նույնիսկ եթե աղքատը մասամբ արժանի է իր բախտին, ուրեմն պե՞տք է, մարդկայի՞ն է արդյոք, որ մենք զլանանք նրան, նրա զավակներին ու ընտանիքին գթություն և օգնություն ցուցաբերել:

Մի՞թե դուք որևէ թերություն չունեք, մի՞թե դուք երբևէ չեք տառապել, ուրեմն ինչպե՞ս եք ինքներդ ձեզ թույլ տալիս քար նետելու նրանց վրա, ովքեր դառնապես տառապում են: Մեզ շրջապատող այս թշվառությունների հանդեպ ցուցաբերվող ձեռնպահությունը հակաքրիստոնեական, հեթանոսական վերաբերմունք է: Այդ ամենից զատ էլ մանավանդ մեր այս օրերում անմտություն ու անզգամություն է նման անխիղճ վերաբերմունքը:  

Որոշ մարդիկ բավարարվում են թշվառ վիճակում գտնվող աղքատներին Աստծու ամենազոր ողորմությանը հանձնելով՝ բարեմաղթանքով ասելով. «Աստված ողորմի՜», «Աստծու գթությունը հասնի՜ քեզ»: Այս բարեմաղթանքներից հասկացվում է, որ մի հրաշք է պետք՝ բոլորին կշտացնելու համար: Սակայն թշվառության աղբյուրներն այնքա՜ն խորն են, որ նմանատիպ բարեմաղթանքներով անհնար է դրանք ցամաքեցնելը:

Որտե՞ղ է, ուրեմն, դարմանը, և ի՞նչ է պետք անել: Հիսուս նաև այս բարեմաղթանքներին է պատասխանում՝ ասելով. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»: Հիսուս Իր աշակերտներին էր, որ ասաց այս խոսքը, իսկ այժմ այդ խոսքը մեզ է ուղղվում. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»: Գիտե՞ք, որ այնպիսի մարդասերներ կան, որ քրիստոնյաներ չեն, բայց որոնք իրենց բարեգործությամբ գովեստի են արժանանում: Այնուամենայնիվ, նրանցից իսկական ու կարևոր մի բան պակասում է. աստվածային հոգի՛ն է բացակայում նրանց վրայից, իսկ առանց Աստծու մեր արածները ոչինչ են. «Առանց Ինձ ոչինչ չեք կարող անել» (Հովհ. ԺԵ 5):

Մենք ամեն պարագայում իրավունք ունենք այս խորանի վրայից ձեզնից պահանջելու, որ գործեք իբրև ճշմարիտ քրիստոնյա: Ամեն բանից առաջ քրիստոնյա՛ եղեք, այսինքն՝ այն համոզումը կերտեք ձեր մեջ, որ դուք ձեզ չեք պատկանում, այլ երկնավոր Հորը, որը փրկել է ձեզ: Եթե միայն դուք ա՛յս ոգով քրիստոնյաներ եք, այդ դեպքում է, որ կարող եք Աստծու որդիներ համարվել: Ուրեմն, երբ Տերը մեզ ասում է՝ «դո՛ւք նրանց ուտելու բան տվեք», Նա ուզում է մեր ձեռքով գործել, մեր միջոցով հաց տալ մեր քաղցած եղբայրներին ու մեր միջոցով հասնել նրանց թշվառության մեղմացմանը:

Թերևս, դուք էլ աշակերտների պես ասեք, թե՝ «այստեղ ոչինչ չունենք», սակայն ինչպե՞ս ոչինչ չունեք: Հավատքն ու գթությունը թույլ չէին տա, որ դուք նման բան ասեիք: Աշակերտների ունեցածը ի՞նչ էր որ, ի՞նչ արժեր այդ ներկա 5000 հոգի բազմության համար: Մի՞թե մոռանում ենք, որ Հիսուսի հոգին մեզ հետ է, ինչպես որ աշակերտների հետ էր: Գուցե ասեք. «Այլոց կարոտություններն այնչա՜փ անսահման են, և մեր միջոցներն էլ՝ այնքա՜ն աննշան, որ մեր ունեցածները հազիվ հինգ հացի ու երկու ձկան արժեք ունենան»: Չգիտե՞ք, սակայն, որ Տիրոջ օրհնությունը բազմապատկում, բեղմնավորում ու արարում է:

Ինչ էլ որ ունենաք՝ աղքատին տալու համար, Աստծու համար հաճելի է: Ինչ որ ունեք՝ քիչ լինի, թե շատ, դրե՛ք Աստծու տրամադրության տակ՝ ձեր եղբայրների համար, և այն պիտի բազմապատկվի, պիտի ավելանա ձեր տվածը ձեր ենթադրածից էլ ավելի շատ: Նաև թերևս ասվի. «Սակայն ես պետք է հոգ տանեմ նաև իմ անձնական կարիքների, ընտանիքիս ու զավակներիս մասին. նրանց հոգսը ինձ ցավ է պատճառում»:

Բայց ի՞նչ եք կարծում, Հիսուսի աշակերտները, որ իրենց հացերը տրամադրում էին բազմությանը, իրենց անձնական, իրենց սեփական կարիքները չունեի՞ն: Մեկ անգամ միայն դուք ձեր ունեցածը ու մանավանդ՝ ինքներդ ձեզ հանձնե՛ք Տիրոջը, ու այդժամ ձեր սոցիալական կյանքի պայմանները պիտի փոխվեն, պիտի տեսնեք, որ ամեն բան կերպարանափոխվել, ավելացել ու բազմապատկվել է, և քաղցածներն էլ ձեր տվածով կշտացել են:  

Նաև կասեք. «Բայց միայն մեր տալով ու նվիրելով այսքան մեծ չափերի հասած աղքատությունը չի վերանա, ինչքան էլ որ մեր այդ քայլն առաքինության ու վեհանձնության դրսևորում լինի»: Սակայն մի՞թե կարծում եք, որ մենք այնքան միամիտ ենք, որ չիմանանք, թե ի՛նչ ենք պահանջում: Երբ ես ասում եմ՝ «այն ամենն, ինչ ունեք, դրե՛ք Տիրոջ տրամադրության տակ», նկատի չունեմ՝ միայն ձեր դրամը, այլև՝ ձեր սիրտը: Փորձե՛ք, մի՛ երկմտեք, հակառակ դեպքում ոչ մի բանով չեք տարբերվի հեթանոսներից:

Ձե՛զ է վերապահված մխիթարելու արվեստը ուսումնասիրելը, աղետների հետևանքով ստեղծված ահավոր կացությունը մեղմելու լուծումը գտնելը: Երբ այդ անեք ձեր ողջ սրտով, Աստված պիտի օրհնի ձեզ ու ձեր ողջ զորությունը, իսկ Նրա օրհնությունը ստեղծիչ ուժ ունի, ուստի և ձեր ունեցածը պիտի բազմապատկվի ու պիտի վերանորոգվի, և ձեր տունն էլ ձեր իսկ աչքի առաջ հացերի բազմացման վայրը պիտի դառնա:

Միայն թե դուք կատարե՛ք ձեր պարտականությունը հավատքով ու սիրով: Հավատքը ամեն ինչ հնարավոր է դարձնում, սերը ամեն բան դյուրացնում է: Միայն «սիրով հաջողված հավատքով» կարող ենք հաղթահարել սոցիալական դժվարին պայմաններն ու խնդիրները: Ահա՛ հաջողության գաղտնիքը, ահա՛ քրիստոնեական կրոնի հրաշքը:

Գ

Քարոզս վերջացնելուց առաջ կցանկանայի բացատրել քրիստոնեական կրոնի տեսակետը հացին, քաղցին առնչվող խնդիրների բնույթի ու նման երևույթների մասին։ Հիսուս գիտեր, թե ինչ ասել է՝ քաղցած լինելը, ուստի Տերունական աղոթքի մեջ ամեն խնդրանքից առաջ սովորեցրեց Աստծուց հաց խնդրել։ Ուշադրությո՛ւն դարձրեք ու պիտի տեսնեք, որ Տերունական աղոթքի խնդրանքների մեջ Աստծուց առաջին խնդրանքը հաց խնդրելն է։ Նաև չէ՞ որ Իր առաջին փորձության ժամանակ Հիսուս Ինքն էլ քաղցեց. «Ապա քաղց զգաց» (Մատթ. Դ 2)։ Իսկ երբ Հիսուս պատմում է անառակ որդու առակը, այնտեղ որքա՜ն պատկերավոր է ներկայացնում անառակ որդու քաղցելը (Ղուկ. ԺԵ 17)։

Քաղցի պատճառով առաջ եկած ֆիզիկական ու հոգեկան նեղություններին քաջ ծանոթ լինելով էր, որ Հիսուս անմիջապես հանձնարարեց աշակերտներին 5000-ից ավելի բազմությանը հաց տալ՝ ուտելու։ Հետևաբար, Հիսուս կարևորություն տվել է կենսական հացի այս խնդրին, որը վերաբերում է մարդու նյութական, ֆիզիկական կյանքին։ Նրանք, ովքեր մատնացույց են անում այն, որ Հիսուս միայն հոգևոր ու ֆիզիկական խնդիրներով է զբաղվել և չի կամեցել խորհել նյութական խնդիրների մասին, մեծապես սխալվում են։ Նրանք չեն կարող ճանաչած լինել Հիսուսին, որը այնքանով որ զբաղված է հոգևորով ու երկնայինով, նույնքանով էլ զբաղված է նյութականով ու ֆիզիկականով։

Մեր աչքի առջև ունենանք այն, որ այսօր 5000-ի փոխարեն երկրագնդի վրա կա խուռներամ ու անհաշվելի միլիոնավոր բազմություն, որը «հա՜ց» է աղաղակում ճիշտ այնպես, ինչպես հռոմեացիները, որոնք միայն հաց ու կրկես էին ուզում. «Panem et circenses»: Մեր այս երկրագնդի վրա 10-ից 9-ը մեծ դժվարությամբ է վաստակում իր հացը։ Անգլիայի օրինակով հաշվված է, որ այնտեղ 2 միլիոն մեծահարուստ և 5 միլիոն բարեկեցիկ կյանքով ապրող ժողովրդի կողքին 40 միլիոն մարդ դառնագին ու դժնդակ ձևով է իր օրվա հացը գտնում։ Հացի պահանջը որքան հին, նույնքան և արդիական պահանջ է, կենսական ու կարևոր մի հարց։

Արդ, երբ հացի խնդիրը կարգավորված չէ, երբ մարդը, սովի սպառնալիքի տակ, մահվան մղձավանջն ունի իր աչքերի առաջ, ինչպե՞ս կարող ենք սպասել, որ Աստծու թագավորությունը գա երկրի վրա։ Ինչպե՞ս եք ցանկանում, որ մարդու մեջ բարոյական ու կրոնական զգացումները մնան մաքուր ու ջինջ, երբ այդ մարդը սնվելու նյութի պակաս ունի։ «Քաղցած որովայնը ականջ չունի»,- ասում է առածը։ Քաղցած մարդկանց հետ փրկության մասին խոսելը հեգնել ու ծաղրել կնշանակի նրանց անօթությունը։ Օրվա հացից զրկվել՝ նշանակում է զրկվել ամեն բանից, քանի որ հացի տեղը որևէ այլ բան չի կարող լրացնել։

Հացի առաջնակարգ կարևորությունը երևում է նաև այնժամ, երբ խորհում ենք, թե ինչպիսի՜ աշխատասիրություններով ու ջանքերով ենք հաց ստանում։ Հացի մի կտորը, մի պա՜րզ կտորը անգամ պետք է, որ մեծ երկյուղածությամբ՝ հարգանքի առարկա դարձնենք, ինչպես որ Հիսուս հացը հարգանքի առարկա դարձրեց, երբ հանձնարարեց, որ հացերի բազմացումից ավելացված կտորտանքները մի տեղ հավաքվեն, քանի որ քրտինքի ու անդադար ջանքերի արդյունք է հացը։

Մենք հաճախ մոռանում ենք այս ամենը, երբ հացը հեշտությամբ գալիս-հասնում է մեր սեղանին։ Ո՛չ, սակայն, այդպես ճիշտ չէ։ Եթե խորհրդածության առարկա դարձնենք հացի ծագումից մինչև մեր սեղանի վրա դրվելու ողջ գործընթացը, կհամոզվենք նրա բարձր արժեք ունենալու և անգին լինելու մեջ։   

Հացի, քաղցածության խնդիրն ընդհանրապես սկիզբ է առնում մարդու անզգուշություններից, թերություններից ու մսխումներից։ Ինչպե՞ս կարելի սպասել, որ մարդը կարողանա հանգիստ ու լավ ապրել, երբ չմտածված շռայլությամբ ու զեխությամբ մսխում է իր վաստակածը։ Իսկ ահա խելամիտ կյանքով ապրող մարդը միշտ ավելացնում է իր վաստակը։ «Նախ խնդրեցե՛ք Աստծո արքայությունն ու Նրա արդարությունը, և այդ բոլորը ավելիով կտրվի ձեզ» (Մտթ. Զ 33)։

Պետք է գիտենալ, որ «մի՛ հոգացեք վաղվա մասին, վաղն ինքը կհոգա իր մասին» խոսքը միայն նրա՛նց համար է ասված, ովքեր չափից դուրս հեռատեսությամբ, զգուշությամբ ու մտածկոտությամբ են ապրում։ Իսկ ահա այդ խոսքի՝ անմիտներին ուղղվելու դեպքում պիտի ասվեր. «Վաղվա օրը ձեր մտքո՛ւմ ունեցեք», մշտապես մտաբերե՛ք այն։

Դարձյալ, հացի ու քաղցի խնդիրը ծագում է ծուլությունից։ Եթե ուզում ենք, որ Աստված լսի հացի համար արած մեր աղոթքները, ուրեմն հարկ է, որ մենք որևէ աշխատանքի լծված լինենք։ Հնարավոր չէ, որ մանանա տեղա կամ Եղիայի արածի պես՝ թռչունները հաց բերեն ծույլ ժողովրդին։ Անկարելի է դատարկության մեջ նստած-սպասող ժողովրդի պետքերի գոհացումն ապահովել։ Խնդրել ամեն օրվա հացն ու չաշխատել՝ կնշանակի մոռանալ առաքյալի այս ազդարարությունը. «Ով չի աշխատում, թող հաց էլ չուտի» (Բ Թես. Գ 10)։

Դարձյալ, հացի ու սովի խնդիրը սկիզբ է առնում հաճույքների, ավելորդ բաների վրա եղող մսխումներից։ Իսկ ահա կարգ ու կանոնի և խնայողության մասին մոռանալը, վաստակածը զուր տեղը վատնելը նշանակում է մոռանալ ժողովրդական այն առածը, որն ասում է. «Քո ունեցած մանրուքները ամուր պահիր, և ոսկիներն էլ քեզ կպահպանեն»։ Նկատելի է, որ աղքատները ավելի շատ ու ավելի շուտ են մսխում իրենց վաստակածը, քան հարուստները։

Այս վերջինները գիտեն իրենց վաստակածը իմաստությամբ ու խնայողությամբ գործածել։ Այսպես, օրինակ, բարձր դիրքի տեր անձինք իրենց ունեցած հարստության համեմատությամբ շատ ավելի համեստ պայմաններով են ապրում, քան նրանք, ովքեր որևէ աննշան բան ձեռք բերելով՝ իրենց կյանքով մրցել են սկսում հարուստների հետ ու դեռ մի բան էլ տալիս-անցնում են նրանց։

Եվ վերջապես, որպեսզի աղքատությունը չգա ու չտապալի մեզ, պետք է, որ նախ մենք մեզ օգնենք, որպեսզի Աստված էլ մեզ օգնած լինի։ «Դու քեզ օգնիր, և երկինքն էլ քեզ պիտի օգնի»,- ասում է առածը։ Քրիստոնյա մի մտածող էլ ասում է. «Աշխատենք այնպես, որ ասես ամեն բան ունենք, աղոթենք այնպես, ասես ոչ մի բան անել չենք կարող»։

Այս բոլոր հանգամանքները պարզելով՝ պիտի վկայենք, որ մարդկային թշվառությունները միշտ էլ գոյություն ունեն ու պիտի գոյություն ունենան։ Աղքատն ինքն է իր աղքատության պատճառը, բայց մարդկանց պարտականությունն է զոհողության գնալ՝ այդպիսինների հանդեպ գթությամբ վարվելով՝ մեղմելու համար նրանց թշվառությունը։ Հիսուս մեր ընտրած բնաբանով հանձնարարում է ո՛չ թե թշվառությունը թողնել Աստծու ողորմության հույսին, ո՛չ թե թողնել, որ աղքատը իր անփութության, իր շռայլության ու մսխումների մեղքերը ինքն իրենով քավի, այլ Հիսուս հանձնարարում է մեր անմիջական օժանդակությունը ունենալ, փույթ չէ, թե՝ աննշան գումար լինի այն կամ մի կտոր հաց։

Այդկերպ մենք ոչ միայն թշվառության ճիրաններից ազատած կլինենք մեր նմաններին, այլև ինքներս էլ անհուն գոհունակություն պիտի զգանք՝ տեսնելով, որ մեր սրտից, մեր սեղանից տրվածի փոխարեն մեր ունեցածները ավելանում են և մեր սեղանն ու տունն էլ Աստծու օրհնությամբ է՛լ ավելի շեն ու ծաղկուն են դառնում։

 

 

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Բ հատոր, Փարիզ, 1924 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

22.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․