3 Հունիս, Դշ, Դ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Հարմարավետության գայթակղությունը

Մեր ժամանակներում հոգևոր կյանքով ապրելն ավելի դժվարին է դարձել, որովհետև քրիստոնյայի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները շատ անգամ քողարկված և ճշմարտանման են արտահայտվում ու մարդուն կլանում դրա մեջ, եթե չես ունենում հոգևոր արթնություն և սթափություն: Կարելի է նշել արդի երեք մարտահրավեր, առաջինը` տեղեկատվությունը և դրա ազդեցությունը: Երկրորդ` ցանկություններին հագուրդ տալու մատչելիությունը և հասանելիությունը, երրորդը` կոմֆորտի ձգտումը: Այս ամենն այն է, ինչը բնութագրում է այսպես կոչված սպառողական հասարակությունը: Այսօր այդ երեք գործոնները որոշում են ժամանակակից հասարակության դիմագիծը և հատկապես` ժամանակակից երիտասարդին: Արդի տեխնոլոգիաները, գիտությունը միտված են նպաստել անձի բարեկեցիկ կյանքի հնարավորությունների բազմապատկմանը, սակայն անտեսվում են բարոյական նկարագրի հղկումն ու հոգևոր կյանքի կարևորությունը: Ցավոք, արևմտյան ներկայիս քաղաքակրթությունը, աստիճանաբար, թեև վերջերս ավելի սրընթաց կերպով հրաժարվում է քրիստոնեական արժեքներից և նետվում հեթանոսական կյանքի հորձանուտը: Հետևաբար, հասարակական հարաբերություններում էական դրական փոփոխություններ տեղի չեն ունենում, և մարդկությունը շարունակաբար պատերազմների և տառապանքների հոլովույթից չի կարողանում դուրս գալ, ինչքան էլ արդիական աշխարհ է փորձում կառուցել` խոսելով ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից: Եթե հատկապես առաջին երեք դարերում չար ուժերը ամբողջ աշխարհում քրիստոնյաներին հալածանքների էին ենթարկում, նահատակում, խոշտանգում, որպեսզի մարդիկ հրաժարվեն Աստծուց, մոռանան Երկնավոր Հորը, ապա ներկայումս շատ անգամ կիրառվում է մեկ այլ զենք` կոմֆորտի գայթակղությունը, որն ավելի արագ է քրիստոնյաներին հեռացնում Աստծուց, քան հալածանքները, որոնք բազում դեպքերում, ընդհակառակը, դառնում էին հավատքի ամրապնդման գործոններ: Մենք ինքներս էլ չենք զգում, թե դյուրահարմարությունն ինչպես է սողոսկում մարդու սիրտը և այնտեղ գրավում Աստծո տեղը: Արդի կյանքում սա մեծ մարտահրավեր է քրիստոնյայի համար, որովհետև մարդիկ իրենց աղոթքներում ավելի շատ Աստծուց խնդրում են հարմարավետության բազմապատկում, քան հոգևոր կյանքի առաջընթաց և Աստծու հետ լինելու կամք: Երբ խոսում ենք կոմֆորտի մասին, անշուշտ, խոսքը կյանքի բարելավման անհրաժեշտությունների մասին չէ: Ի վերջո, հարմարավետության ներքո կարող ենք հասկանալ լավ տեխնիկայով ապահովված աշխատատեղը և շատ այլ բաներ, որոնք օգնում մեզ ինքնաիրականանալ, կայանալ և իրականացնել մեր սեփական մասնագիտական գործառույթները: Բայց խոսքը դրա մասին չէ, այսինքն` ոչ թե օբյեկտների, իրերի, այլ աշխարհայացքի մասին է:  Կիրիլ պատրիարքն ասում է, թե մի այսպիսի հասկացություն կա, որն անգլերենով ասում են` “relax and enjoy”` հանգստանացիր և վայելիր: Այդ հանգստության վիճակին հասնելու համար անհրաժեշտ են մեծ ջանքեր, քանի որ դրա համար գումար է պետք: Երբ հայտնվում է դրամը, ի՞նչ նպատակով այն ծախսել: Անշուշտ, կարևորագույն նպատակներին հասնելու համար: Եթե տվյալ մարդու համար հիմնական նպատակը կոմֆորտն է, ապա նա հենց դրա վրա էլ ծախսում է իր գումարները: Սա մարդուն տանում է ինքնակենտրոնության, եսակենտրոնության, նրա միտքն ուղղորդում սպառելու, այլ ոչ թե ստեղծագործելու, աշխատելու, արարելու արժեքին, ձգտելու կատարել Ավետարանի պատգամը, թե եղեք կատարյալ, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ (Մատթ. 5.48): Ժամանակակից արևմտյան քաղաքակրթության խնդիրն այն է, որ այն բացարձականացնում է մարդու այն վիճակը, որում ներկայումս նա գտնվում է` հոգևոր կյանքի կարևորությունը դուրս մղելով` որպես կյանքի ուղեցույց: Հակաբնականը հիմա համարվում է բնական և նորմալ: Այն ամենն, ինչը չի համապատասխանում այդ «չափանիշներին», վճռականորեն մերժվում է և ճանաչվում է որպես բռնություն, մարդու իրավունքների դեմ ոտնձգություն, և այդ բոլորը համեմված է բացարձակ կոմֆորտի գայթակղիչ առաջարկությամբ: Կոմֆորտն ինքնին մեղք չէ և քրիստոնեությունը դրան դեմ չէ, բայց հարցն այն է, որ այն ժամանակակից մարդու համար դառնում է բացարձակ արժեք: Այս բացարձականացումը անձին շեղում է իրական անհրաժեշտություններից դեպի վիրտուալ աշխարհ: Յուրաքանչյուր ժամանակակից տեխնոլոգիա, տեղեկատվական ծրագիր ուղղված է ոչ այնքան անհատին փոխանցելու անհրաժեշտ տեղեկություններ, այլ մարդուն պահելու այդ տիրույթում, որպեսզի անհատը համակվի այդ ամենով, այդ իրողություններից կախվածության մեջ հայտնվի և չկարողանա այդ շրջապտույտից դուրս գալ: Ինքներս կարող ենք նկատել, թե ինչպիսի կապվածություն ունենք հեռախոսներից, համակարգիչներից, սոցիալական կայքերից, մեքենաներից և մնացյալ նորագույն նորամուծություններից, տեխնոլոգիաներից, որոնք դրդում են մարդուն անվերջ ունենալ նորն ու ավելի շքեղն ու հարմարավետը: Հաճախ չենք զգում, թե ինչպես ենք շղթայվում դրանցով և առանց դրանց նույնիսկ չենք պատկերացնում, թե ինչպես կարող ենք ապրել, կարգավորել մեր կյանքի գոյընթացը: Այսպիսով, շատերն ընտրում են հարմարավետությունը, բայց մոռանում են, որ մեղքի պատճառով մեր հոգիները հիվանդացել են և կարիք ունեն հոգևոր բժշկության: Շարունակական հաջողությունները կարող են վնաս պատճառել մարդուն, նույնիսկ կործանել: Սուրբ Գրքից կարող ենք հիշել, թե ինչպես Սողոմոն թագավորը, թեև իմաստուն էր, բայց իր կյանքի վերջում հեռացավ Աստծուց և դարձավ կռապաշտ (Գ Թագ. 11.1-12): Այդ պատճառով Երկնային Նախախնամությունը ստիպված է թույլ տալ, որ խնդիրներ, հիվանդություններ, անհաջողություններ լինեն, որպեսզի մարդը ճանաչի իր տկարությունն ու ամբողջապես իրեն հանձնի Աստծու կամքին, այլ ոչ թե իր ուժերին հուսա, ձգտի իր կյանքի կարևոր նպատակը դարձնել կոմֆորտը և ցանկասիրությունը` ինքն իր մեջ ամփոփվելով և հոգևոր կյանքից հեռանալով: Այնպես որ, մենք ոչ թե պետք է նայենք Աստծուն, բայց հակառակ ուղղությամբ քայլենք, այլ իրապես հաղորդակից լինենք Արարչին՝ լցվելով այն բովանդակ ներքին խաղաղությամբ, խնդությամբ, որը բերում է սրտի լույսի անհրաժեշտ լիություն և կյանքի իմաստության ուղու մշտավառ ուղեկցություն: 

 

 

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

30.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․