13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր

«Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստվա՛ծ, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում»

«Սիրտ սուրբ հաստեա՛ յիս, Աստուա՛ծ, և հոգի ուղիղ նորոգեա՛ ի փորի իմում»։

«Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստվա՛ծ, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում» (Սաղմոս 50։19)։

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս․

Աստվածաշնչում ասվում է․«Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին» (Ա Թագավորություններ 16։7)։ Քրիստոնյայի համար սիրտը մաքուր պահելը առաջնահերթություն է։ Այո՛, մարդը մեղավոր է, մարդը մեղանչական է, բայց ամենակարևորը, կարելի է ասել, որ քրիստոնյայի կյանքում սիրտը շտկելն է, մեղքից ու աղբից մաքրելն է՝ հպարտությունից, մեծամտությունից, նախանձից, բարկությունից, բղջախոհությունից և մնացյալ մեղքերից։ Հպարտությունից մաքրում ենք մեր սիրտը, որ խոնարհություն ունենանք Աստծո և մարդկանց առաջ, որ մեր սրտում տեղ բացվի Աստծո համար, քանի որ հպարտ մարդու սրտում իր եսն է, իր անձը, ոչ թե Աստված։ Նախանձից մաքրում ենք մեր սիրտը, որ սեր ունենանք մեր մերձավորների հանդեպ, չարը չկամենանք նրանց։ Մաքրում ենք մեր սիրտը ծուլությունից, որովհետև աշխատասիրությամբ պիտի ապրենք մեր կյանքը, որովհետև ամեն րոպեն Աստծո պարգևն է, և պետք է արդյունավետ օգտագործել ժամանակը։ Մաքրում ենք մեր սրտերը չարությունից։ Մաքրում ենք մեր սրտերը ագահությունից, որպեսզի կարողանանք բարիք անել, ուրիշների մասին ևս մտածել ու հոգ տանել։ Բոլոր մեղքերին հակառակ առաքինություններ կան, որոնց մենք պետք է ձգտենք հասնել Աստծո օգնությամբ։ Ի վերջո, Աստված տեսնելու է մեր ջանքերը և օրհնի, տեսնելու է մեր սրտի ցանկությունն ու իղձը և տա մեզ․«Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ, որովհետև ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթեոս 7։7, 8)։ Այո՛, սա վերաբերում է հոգևոր առաքինություններին ևս, մինչդեռ մենք՝ մարդիկս, ավելի հակված ենք աշխարհիկ և նյութական խնդիրների համար խնդրել Աստծուն, քան թե կոնկրետ մեղքերի հաղթահարման ու առաքինությունների ձեռքբերման համար։

Սիրտը շատ կարևոր դերակատարում ունի քրիստոնյայի կյանքում։ Որքան է մարդը ուրախանում և իրեն լավ զգում, երբ սրտանց վեաբերմունք է նկատում իր անձի հանդեպ։ Սրտանց ասված խոսքերը և սրտանց արված բարիքները բարձրացնում են նրա տրամադրությունը։ Նույն կերպ մարդ ինքը պետք է ձգտի լինել ուրիշների հանդեպ․«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը և դուք արեք նրանց» (Մատթեոս 7։12)։ Ինչպես մարդու համար անգին են մաքուր սրտով, անկեղծ և առանց շահադիտական նպատակների արված գործերը, այնպես էլ Աստծո համար են կարևոր մաքուր սրտով և սիրով ասված խոսքերն ու արված գործերը։

Սիրտը հետևողականություն և զգոնություն է պահանջում մարդուց։ Քրիստոս ասում է․ «Ամեն բան, որ դրսից մարդու մեջ է մտնում, չի կարող նրան պղծել որովհետև ոչ թե նրա սիրտն է մտնում, այլ՝ որովայնը և դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները»: Եվ ասում էր․«Ինչ որ մարդուց դուրս է գալիս․ այն է, որ պղծում է մարդուն․ որովհետև ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն։ Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն» (Մարկոս 7։18-23)։

Սիրելինե՛ր, կարելի է ասել, որ քրիստոնյայի պայքարը իր սիրտն ու միտքը մաքրելն է, աղոթքի առաջնային նպատակը սիրտը աղբից դատարկելն է, որպեսզի այն մաքուր լինի։ Հիշո՞ւմ եք, Քրիստոս եկավ և տաճարի լումայափոխների, աղավնեվաճառների սեղանները շուռ տվեց և չէր թողնում, որ որևէ մեկը տաճարի միջով նույնիսկ որևէ բան անցկացնի (Մարկոս 11։16)։ Հիսուս բարկանում է և հիշեցնում․ «Գրված է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն է կոչվելու, իսկ դուք այն դարձրել եք ավազակների որջեր» (Մարկոս 11։17)։ Սա նշանակում է, որ «Քո տան նկատմամբ իմ նախանձախնդրությունը ինձ պիտի ուտի» (Հովհաննես 2։17) խոսքերը պիտի վերաբերեն նաև մեր սրտին։ Մենք նախանձախնդիր պիտի լինենք մեր սրտերը մաքուր պահելու։ Սրտի սրբվելով մարդը սրբանում է, Աստված գալիս է՝ բնակվելու մարդկանց սրտերում, որովհետև մեր սրտերը Աստծո համար ցանկալի բնակարան են։ Լեռան քարոզում Քրիստոս ասում է․«Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթեոս 5։8)։

Սրբերը միանգամից սուրբ չեն ծնվել, նրանք ուղղակի համառորեն և աննահանջ պայքարել են մեղքերի դեմ, չեն հանձնվել, մեղանչելուց հետո չեն ընկճվել, այլ Աստծո շնորհով հաղթահարել են իրենց մեղքերը։ Ինչպես զինվորն է մարտնչում իր հայրենիքի և ժողովրդի համար մինչև վերջին շունչը, այնպես էլ քրիստոնյան պիտի մարտնչի և պայքարի, որպեսզի չարին չզիջի, հոգևոր շնորհներից չզրկվի և հոգևոր ձեռքբերումները չկորցնի։

Սիրտը անքակտելիորեն կապված է մտքի և հոգու հետ, ուստի մեղքերը բույն են դնում թե՛ սրտում, թե՛ մտքում և թե՛ հոգում։ Աստվածաշնչում, հատկապես գրաբարյան տեքստում, մտածելու համար հաճախ գործածվում են «խօսէր ի սրտի իւրում», «ասացին իր սիրտս իւրեանց» արտահայտությունները, այսինքն՝ մտածում է մարդը՝ խոսելով իր սրտում։ Սողոմոն Իմաստունը Աստծուց խնդրում է․ «Իմաստությո՛ւն տուր Քո ծառային, որ նա կարողանա արդարությամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտություն ունենա տարբերելու բարին ու չարը, որովհետև ո՞վ կարող է ղեկավարել Քո այս բազմամարդ ժողովրդին»։ Գրաբարում հետևյալ կերպ է․ «Եվ տացես ծառայի քում սիրտ լսելոյ և դատելոյ զժողովուրդ քո արդարութեամբ…»։ Եվ Աստծուն հաճելի է թվում Սողոմոնի խնդրանքը․ «Ահա արարի ըստ բանի քում (քո ասածի համաձայն եմ վարվելու), ահա ետու քեզ սիրտ իմաստուն և հանճարեղ (աշխարհաբար՝ քեզ տալիս եմ իմաստուն և հանճարեղ միտք)»։ Գրաբար և աշխարհաբար տեքստերում երևում է սրտի և մտքի փոխկապակցվածության հանգամանքը։

Բացի սրանից՝ Սուրբ Գրքում ուշագրավ են նաև «սիրտը խստացավ» (աշխարհաբար՝ կարծրացավ), որը վերաբերում է Եգիպտոսի թագավորին (Կարծրացավ փարավոնի սիրտը, և նա իսրայելացիներին չարձակեց (Ելք 9։35)) և «սիրտը խոտորեցնել» դարձվածային արտահայտությունները, որը ասվում է Սողոմոն թագավորի համար (Կանայք նրա սիրտը խոտորեցրին օտար աստվածների կողմը (Գ Թագավորություններ 11։4))։ Ժողովողի գրքում ասվում է, որ մարդկանց սիրտն է համարձակվում մեղք գործել․«Չարի դատաստանն անմիջապես չի կատարվում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակվում են չարիք գործել» (Ժողովող 8։11)։   

Մարդկային բոլոր զգացմունքներն ու զգացումները սրտից են բխում՝ վախ, կասկած, սեր, անհանգստություն, քաջություն։ Մարդու գաղտնիքներն էլ վերագրվում են նրա սրտին։ Ապաշխարության պարագային ևս կարևորվում է սիրտը․ «Ձեր սրտերը պատռեցե՛ք և ոչ թե ձեր հագուստները», ասում է Աստված (Հովել 2։13)։ Աստծուն սիրելու պայմանն էլ կրկին սիրտն է․ «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մատթեոս 22։37)։ Աստծուն սիրելով՝ պիտի մաքրենք մեր սրտերը, սպասենք Նրան, ինչպես որ օրվա ընթերցվածքում է ասվում․ «Գիտենք, որ երբ Նա հայտնվի, լինելու ենք Նրա նման, քանի որ Նրան տեսնելու ենք այնպես, ինչպես Նա կա։ Եվ ամեն ոք, որ այս հույսն ունի իր մեջ, մաքրում է ինքն իրեն, ինչպես որ Նա է մաքուր» (Ա Հովհաննես 3։2,3)։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ Ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

17.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․