Գրքեր

Ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք

Որպէս սիրեցի Ես զձեզ, զի և դուք սիրեսջիք զմիմեանս։

Ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցե՛ք (Հովհաննես 13։34)։

Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ․

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Տոնը նշանավորում է 7-րդ դարում Տիրոջ խաչափայտի գերեդարձությունը Պարսկաստանից։ Սուրբ խաչի տոները առնչվում են Տիրոջ խաչափայտին ու խաչի երևումներին։ Դրանք պանծացնում են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչելությունը, սերը մարդկության հանդեպ, զոհաբերությունը, հարությունը, խաչի խորհրդաբանությունն ու փառավորումը, մարդկության ազատագրումը չարի ու մեղքի ճիրաններից, հաշտեցումը Հայր Աստծու հետ և փրկությունը։ Աստծու սիրո ապացույցը Իր Որդու խաչելությունն է, զոհաբերությունն է, շարունակական պատարագվելը աշխարհի եկեղեցիների Սուրբ Սեղաններին։ Աստված նայում է մեր սրտի զղջմանը, լսում մեր մեղքերի խոստովանությունը, թողություն է տալիս մեր մեղքերին, քանի որ Իր Որդու պատարագվելը հաշտեցնում է մեզ Իր հետ։ Երբ մենք խաչակնքվում ենք, հիշում ենք ու ապավինում Խաչյալի զորությանը։ Խաչը՝ որպես մահվան գործիք, հասկանում են միայն նրանք, ովքեր դեռևս չեն հասկացել կամ չեն ուզում հասկանալ Հիսուսի խաչելության իմաստն ու կարևորությունը և մերժում են ոչ միայն Որդուն, այլ նաև Հորը։ Քրիստոս ասում է. «Ով Ինձ է ընդունում, ընդունում է Ինձ Ուղարկողին» (Մատթեոս 10։40)։ Մեծագույն դժբախտություն է մարդկանց համար ապրել կյանքը՝ անտեսելով կամ ժխտելով Աստծու Որդու մարդեղացումը, մարմնացումը, խաչելությունը, մահն ու հարությունը։ Մեծագույն դժբախտություն է մարդկանց համար այդ ամենը համարել մարդկանց կողմից հորինված, փուչ ու սուտ պատմություն կամ համանման պատմություններից մեկը կամ համեմատել Քրիստոս Աստծուն չաստվածների հետ։ Մեծագույն դժբախտություն է մարդկանց համար չփորձել ըմբռնել խաչի խորհուրդն ու իմաստը և համարել մարդկանց խաբելու համար գրված ստեղծագործություն։ Ապրել անտարբեր ու չմտածել, չխորհել փրկագործության մասին ուղղակի անմտություն է։ Փնտրել փրկության ամրոցներ, ապահովություն, երազել բարեկեցության մասին, անմահության ուղիներ որոնել, գրավել մոլորակներ, սակայն չտեսնել տեսանելին ու չլսել լսելին, մնալ կույր ու խուլ Աստծու խաչելության նկատմամբ, նշանակում է հպարտանալ ու ամբարտավանանալ և զարկ տալ Բաբելոնաշինությանը և կործանվել Ղովտի ու Նոյի ժամանակակիցների պես։ Իսկ հավատալ Աստծու Միածին Որդու մահվանն ու հարությանը նշանակում է բռնել փրկության ճանապարհը, հայացքը հառելով երկնքին՝ սպասել Աստծու հայտնությանը։ Դա նշանակում է նաև փորձել խորամուխ լինել զոհաբերության իմաստաբանության մեջ։

Խաչը բժշկական նշտար է, որ մխրճվում է մեր մեղքերի վերքի մեջ և մաքրում մեր հոգին, հակառակ պարագայում մեր կործանարար մեղքերը պիտի պատեն մեզ։ Հնարավոր չէ սիրել Աստծուն և չտոնել Սուրբ Խաչի տոները։ Որքան էլ խոսենք և բառերով նկարագրենք, չենք սպառի Նրա պարգևած փրկության, մաքրության և սրբագործող զորության թեման։ 

Աստծու Միածին Որդու զոհաբերությունը մեզ սովորեցնում է ճշմարիտ զոհաբերություն։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցե՛ք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13։ 34, 35)։ Չկա զոհաբերություն, չկա ճշմարիտ սեր։ Վաղ թե ուշ սերը պիտի փորձվի։ Շատ հաճախ են մարդիկ գեղեցիկ բառերով խոսում սիրո մասին, սակայն պատրաստ չեն ինքնազոհաբերության։ Ահա թե ինչու ընտանիքներ են քանդվում, ընկերական հարաբերություններ են փչանում, բարեկամներ են հեռանում միմյանցից։ Սիրո ու զոհաբերության պակաս առաջին հերթին կա մարդկանց սրտերում, հետո միայն դա արտահայտվում է կյանքում։

Մի փոքր զոհաբերությունը որքան բան կարող է փոխել։ Այն կառուցում է, պահպանում է, ստեղծում է, ծաղկեցնում է ու բազմացնում։ Զիջելը, ներելը, ինչ-որ տեղ տեղի տալը, կռվից ու պարզաբանումներից խուսափելը, անհիշաչարությունը, ներողամտությունը, հնազանդությունը, խոնարհությունը, հեզությունը, անհաշվենկատ ողորմածությունը, պահքը, ծոմը, ծանրությունը սեփական ուսերին վերցնելը, ուրիշի ծառը ևս ջրելը, սեփական հոգսից բացի՝ ուրիշների հոգսերի թեթևացման համար նույնպես չարչարվելը, առանց դափնեպսակի ու գովասանքների բարեգործությունը ճշմարիտ զոհաբերության օրինակներ են։ Քննեցե՛ք ձեր սրտերը, եթե զոհաբերություն չկա ձեր քայլերում, ուրեմն կասկածե՛ք ձեր սիրուն։ Ինչպես է մայրը արթուն անցկացնում գիշերները՝ հանուն իր զավակների, ուստի հարկավոր է, որ մեր սերը ևս նմանեցնենք մայրական անշահախնդիր սիրուն։ Երբ մենք դիմում ենք զոհաբերության, չպետք է մտածենք ուրիշների արձագանքի մասին, ուրիշներից ստանալիք ծափահարությունների ու գովեստների մասին։ Հանուն անվան և փառքի արված զոհաբերությունը արժեք չունի։ Մարդը սիրում է նաև իր արած զոհաբերությունները երեսով տալ կամ պատմել ուրիշներին, թե ինչեր է արել և շնորհակալություն ու փառաբանություն է ակնկալում։

Առանց զոհաբերության՝ սերը սուտ է։ Ում նկատմամբ ուզում եք տածեք այդ սերը՝ ամուսնու, կնոջ, ընկերոջ, որդիների ու դուստրերի, ընկերների թե հարևանների, աշխատակիցների թե դասընկերների, հայրենիքի թե աշխատանքի։  Զոհաբերությունն է, որ սիրո ճշմարիտ դարբնոցն է, կռում է, ճկում, կրակով փորձվում ու սերը գեղեցիկ տեսք է ստանում։ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա», – ասում է մեր Տերը (Հովհաննես 12։24)։ Զոհաբերությունը թող չնույնացվի պարտադրանքի հետ։ Ճշմարիտ զոհաբերությունը սիրով է լինում, և զոհաբերողը չի մտածում կատարածը տարփողելու մասին՝ ակնկալելով ընտանեկան, ծնող-զավակ, ընկեր-ընկեր, բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունների ու կապերի էլ ավելի ամրապնդում։ 

Սիրելինե՛ր, Տիրոջ խաչը, Աստծո Որդու խաչելությունն ու զոհաբերությունը անկրկնելի սիրո և զոհաբերության դպրոց են ու դասագիրք, որոնցից մենք անընդհատ պիտի սովորենք ճիշտ ապրել և շտկել այս և հավիտենական կյանքի մասին ունեցած մեր թյուր պատկերացումները ու բռնենք փրկության ուղին։ Զոհաբերությունը, այո՛, խոնարհություն է պահանջում մեզանից և նպաստում Է մարդկային հարաբերությունների կերտմանը։ Խոնարհությունն ու զոհաբերությունը հոգևոր բարձունքների, կյանքի շարունակականության ու նոր որակների հիմքն են ու անչափ կարևոր բոլորիս հոգիների փրկության համար։                                                         

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

 

Տեր Վահան քհն․ Առաքելյան

 

12.09.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․