19 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր

Խնդրենք Աստծուն, որ աշխարհին ապաշխարություն տա

Օ՜հ, եթե միայն գիտակցեինք, թե որքա՜ն համբերող է Աստված: Նոյան տապանի շինարարության համար հարյուր տարի պահանջվեց (Ծննդ. 5:32): Կարծում եք Աստված չէ՞ր կարող այդ տապանն արագ կառուցել: Իհարկե կարող էր, բայց Նա թույլ տվեց, որ Նոյը հարյուր տարի չարչարվի, որպեսզի մյուսներն էլ հասկանային, թե իրենց ինչ է սպասվում և ապաշխարեին: «Տեսե՛ք,- ասում էր մարդկանց Նոյը,- ջրհեղեղ է լինելու: Ապաշխարեցե՛ք»: Բայց մարդիկ ծաղրում էին նրան: «Ի՞նչ արկղ է կառուցում»,- հեգնում էին Նոյի ժամանակակիցներն ու իրենց գործերը շարունակում: Եվ այսօր էլ, Աստված կարող է երկու րոպեում ցնցել ողջ աշխարհն ու ստիպել, որ այն փոխվի, բոլորը հավատացյալ ու նույնիսկ «գերհավատցյալ» դառնան: Ինչպե՞ս: Ահա՛, թե ինչպես. եթե Նա երկրաշարժի «կոճակը» սեղմի ու սկսի ուժեղացուցչի կարգավորիչը պտտել նախ Ռիխտերի սանդղակի 5 բալլի վրա, հետո՝ 6-ի, հետո 7-ի… 8-ի վրա բարձրահարկերը կսկսեն հարբածի պես օրորվել ու միմյանց զարկվել: 10-ի վրա բոլորը կասեն. «Մեղա՜ Քեզ, Տե՛ր, աղաչում ենք փրկիր մեզ»: Հնարավոր է նաև, որ բոլոր մարդիկ, մինչև վերջին հոգին, վանական դառնալու ուխտ անեն: Բայց բավական է միայն, որ երկրաշարժը դադարի, իսկ մարդիկ թեկուզ օրորվելով, բայց արդեն կարողանան ոտքի վրա կանգնել, կրկին բարեր ու դիսկոտեկներ կվազեն: Որովհետև նման դարձի դեպքում իրական ապաշխարություն չի լինի, նրանք ապաշխարության խոսքերը մակերեսորեն կարտասանեն, որպեսզի չարիքից փրկվեն:

- Հա՛յր, իսկ եթե Աստծո ցասումը տարերային աղետի տեսքով գա ու արդար մարդիկ ողորմություն աղերսեն Աստծուց, ապա Աստված կլսի՞ նրանց աղոթքները:

- Գիտե՞ս, թե բանն ինչումն է: Մարդիկ չեն ապաշխարում և այդ պատճառով էլ Աստված արդարների աղոթքները չի լսում: Եթե Աստծուն զայրացնենք, բայց հետո ընդունենք մեր մեղքը՝ ուրիշ հարց է, Աստված կողորմի մեզ ու կօգնի: Բայց եթե մարդ չի ընդունում, որ զայրացրել է Աստծուն ու շարունակում է իր հին երգը երգել, ապա Աստված ինչպե՞ս կլսի արդարների աղոթքները: Եթե մարդ որևէ զանցանք է գործել, ապա պետք է գիտակցի այդ զանցանքը, որպեսզի Աստված ների նրան: Իսկ, եթե հոգևոր մարդիկ են զանցանքներ գործում, ապա մեղմացուցիչ հանգամանքներ չկան նրանց համար: «Մեր մեղքերի ու մարդկանց անգիտության համար» ասվում է մի աղոթքում(1): Եթե աշխարհիկ մարդկանց զանցանքներն «անգիտություն» են, ապա հոգևոր մարդկանց զանցանքներն արդեն «մեղքեր» են: Այդ պատճառով էլ, եթե հոգևոր մարդիկ են զանցանք գործում, ապա դա արդեն կատակ չէ: Այդ աշխարհիկ մարդիկ է, որ մեղմացուցիչ հանգամանքներ ունեն:

Այս տարի(2), երբ Վերափոխման տոնի պահոց շրջանում հրդեհ բռնկվեց Սուրբ լեռան վրա, ուղղակի սարսափելի բան էր կատարվում: Բոլոր ամենաուժեղ հրշեջներն էին Աթոսում հավաքվել, բայց նրանցից ոչ-ոք ոչինչ չկարողացավ անել, մնում էր միայն կանգնել ու նայել, թե ինչպես է կրակը մոլեգնում: Թվում էր, թե հրշեջ ինքնաթիռներն ավելի էին սաստկացնում այն: Վանքերից մեկը հատուկ հակահրդեհային գոտիներով շրջապատեցին, որպեսզի կրակը ներս չանցնի, բայց չնայած այդ բոլոր միջոցներին՝ կրակը ներս թափանցեց այնտեղ, ուր ոչ-ոք չէր սպասում: Սուրբ լեռը տասնհինգ օր այրվում էր և օգոստոսի 15-ին(3) կրակն ինքն իրեն մարեց: «Իսկ Աստվածամայրն ինչո՞ւ հրդեհը չի հանգցնում», - ասում էին ոմանք: Այսինքն այնտեղ ենք հասել, որ արդեն Աստծո անունն ենք հայհոյում: Բայց երբ վեց օր հետո կրկին հրդեհ բռնկվեց Սուրբ լեռան մեկ այլ վայրում՝ միանգամից անձրև եկավ ու մարեց կրակը: Մի հրդեհը մարվեց, իսկ մյուսը՝ ոչ: Մի՞թե հասկանալի չէ, թե ինչու:

Որոշ մարդիկ, գործող հոգևոր օրենքները չիմանալով, ցավով աղոթում են, բայց լսելի չեն լինում, որովհետև կատարվող դժբախտությունն Աստծո զայրույթն է: Իսկ որոշ աղետների ժամանակ մարդիկ կան, որ ընդհանրապես չեն աղոթում (տերողորմյայի ոչ մի շրջան չեն անում), որովհետև ընդունում են Աստծո զայրույթի արդարացիությունը, որի նպատակը մարդկանց խելքի բերելն է: Թող Աստված մեզ՝ վանականներիս, ավելի լուսավորի, որովհետև մեծամասամբ մենք հիմար կույսեր ենք (Մտթ. 25:1-13), իսկ մեր լապտերները ջրով են լցված, միայն պատրույգն է ձեթով ներծծված մի քիչ: Իսկ աշխարհիկ մարդիկ սպասում են, որ մենք կլուսավորենք իրենց ճանապարհն ու իրենք չեն սայթաքի:

Արդ խնդրենք Աստծուն, որ աշխարհին ապաշխարություն տա ու մենք խուսափենք Նրա արդար զայրույթից: Միայն ապաշխարությամբ ու Աստծո պատվիրանների պահպանմամբ է հնարավոր խուսափել Նրա գալիք զայրույթից:

 

1) Սուրբ Պատարագի ընթացքում կարդացվող Սուրբ Հովհան Ոսկեբերանի Ընծայման աղոթքը:

2) Արտասանվել է 1990թ. նոյեմբերին:

3) Հին տոմարով Սուրբ Աստվածամոր Վերափոխման տոնի օրը:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

10.07.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․