Գրքեր

Կյանքն Աստծու պարգևն է... Պատասխանատվություն

Արարիչ Աստված, Իր անհուն սիրուց մղված, ստեղծեց համայն աշխարհն ու տիեզերքը՝ ի վայելումն արարչության թագ ու պսակ հանդիսացող մարդու, որին և տնտես կարգեց ողջ արարչության վրա, ինչպես փաստում է Ծննդոց Գիրքը. «Տեր Աստված Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի» (2:15): Տեր Աստված պատվիրեց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան...» (1:28): Փաստորեն Արարիչ Աստված մարդու խնամքին և հոգածությանը, պահպանությանը հանձնեց արարչագործ բնությունն ու կենդանական աշխարհը, այսինքն՝ ողջ արարչագործությունը: Ուրեմն յուրաքանչյուր մարդ տնտես է այս աշխարհում, որ պարտավոր է աստվածապարգև իր տնտեսությունը խնամել ու պահպանել՝ հնազանդվելով Տիրոջ կամքին: Մարդը տնտես է կարգված ոչ միայն իր կյանքի, այլև իր շնորհների, առաքինությունների վրա, որոնք պարտավոր է ի բարին գործադրել: Կյանքն Աստծու պարգևն է, և մենք պետք է Նրա առջև հաշվետու լինենք այն բանում, թե ինչպես ենք տնօրինում այդ պարգևը: Մենք մեր կյանքի կամ էլ մեր մարմնի տերը չենք ու չենք կարող դրանք տնօրինել ըստ մեր ցանկության ու քմահաճությունների:

Սակայն ինչպե՞ս ենք այսօր տնօրինում աստվածապարգև մեր կյանքը, ունե՞նք արդյոք պատասխանատվության զգացում մեր ընթացքի, յուրաքանչյուր քայլի համար, ընդունո՞ւմ ենք, որ մի օր պիտի հաշվետու լինենք Աստծու առջև այն բանում, թե ինչպես ենք տնօրինել մեր կյանքը: Ցավոք, այս գիտակցությունն այսօր իսպառ բացակայում է մեզանում: Աստծո պատկերն ու նմանությունն ունեցող մարդու հոգում բացակայում է պատասխանատվության զգացումն արարչության և իր կյանքի հանդեպ: Յուրաքանչուր ոք տնօրինում է իր կյանքն ըստ իր հայեցողության,  իր ունեցած ամեն ինչը համարելով իր մենաշնորհը՝  վատնում է Աստծուց իրեն տրված շնորհները, բարիքները՝ կարծելով, որ կյանքն իր սեփականությունն է: Մինչդեռ կարող է կորցնել աստվածապարգև իր շնորհներն ու կարողությունները՝ դրանք անտեսելու կամ ճիշտ չտնօրինելու, բարուն չծառայեցնելու դեպքում: Սուրբ Գիրքը զգուշացնում է նաև, որ մարդ պատասխանատու է ոչ միայն իր ապրած կյանքի, այլև իր խոսած յուրաքանչյուր  բառի, մինչև անգամ մտածումների ու խորհուրդների համար և Դատաստանի օրը հաշվետու պիտի լինի Աստծու առջև. «Մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև՝ քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. 12:36-37): Պատասխանատվության զգացումի իսպառ բացակայությունն ավերներ կարող է գործել ոչ միայն անհատի, այլև հասարակության և ժողովուրդների կյանքում: Այսօր աշխարհի առջև ծառացած բացառիկ հրատապ հիմնախնդիրը շրջակա միջավայրի պահպանումն է: Եվ որպես Աստծու կողմից արարչության վրա կարգված տնտես՝ մարդը պարտավոր է կատարել Արարչի պատգամը՝ խնամել և պահպանել ողջ արարչագործությունը: Մինչդեռ այսօր առավել, քան երբևէ մարդը մեղանչում է բնության՝ կյանքի աղբյուրի դեմ՝ աղտոտելով, ապականելով շրջակա միջավայրը՝ պահպանելու, խնամելու փոխարեն, որը կարող է հանգեցնել համաշխարհային աղետի: Այնքա՜ն անտարբեր ենք մեր շրջակա միջավայրի, մեզ շրջապատող աշխարհի հանդեպ, յուրաքանչյուր ոք մտածում է իր անձնական շահի և օգուտի մասին, հոգ չէ, թե անձնասիրական նպատակների իրագործման ճանապարհին առողջ և փարթամ ծառեր կոչնչացվեն, բազում մարդկանց իրավունքներ կոտնահարվեն, հոգ չէ, թե առաջիկա տասնամյակներում մթնոլորտի ապականումն աղետալի հետևանքների կհանգեցնի: Ցավալի է, որ եսամոլության ախտով տառապող մերօրյա մարդը չի մտածում իրենից հետո եկող սերունդների մասին, այն մասին, որ ինքը պարտավոր է դադարեցնել շրջակա միջավայրի ապականումը, հոգատարությամբ խնամել, պահպանել և հետագա սերունդներին փոխանցել իրեն վստահված տնտեսությունը: Չէ՞ որ վաղվա բացվող օրվա լուսավորությունը յուրաքանչյուրիցս է կախված, շրջակա միջավայրի հանդեպ յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքից: Մեր մեծագույն մտածողներից մեկը մի առիթով ասել է. «Հարկ է, որ յուրաքանչյուր ոք հոգա ազգին ու երկրին մի բան թողնելու մասին, ջանա պայծառացնել իր գործերով անունն ազգի: Հարկ է սեփական մատնահետքերը և մտքի հետքերը թողնել այս հողին»: Իսկ մենք այսօր գործում ենք հակառակը. ապօրինի և անխնա ծառահատումներ, շրջակա միջավայրի աղտոտվածության սարսափելի բարձր ցուցանիշ... Արարչագործ բնության նկատմամբ բռնությունն ակնհայտորեն հակասում է Աստծու կամքին և ուղղված է ողջ արարչագործության դեմ: Նայե՛նք Աստծո ստեղծած հրաշասքանչ բնությանն ու կենդանական աշխարհին: Որքա՜ն հնազանդ են Արարչի օրենքներին՝ օրինակ լինելով մեզ: Անկենդան բնությունն անգամ օրինակ է մեզ՝ Աստծու պատկերն ու նմանությունն ունեցողներիս: Այս առնչությամբ բավական խորիմաստ միտք է արտահայտել Ռուս Եկեղեցու հոգեշնորհ հայրերից մեկը՝ ասելով. «Որքա՜ն ավելի մաքուր ու բարոյապես բարձր է մարդուց այժմ նույնիսկ այն խախտված բնությունը, որից ստեղծվել է նրա մարմինը: Որքան մաքուր է քարը, որ պատրաստ է աղաղակելու մարդկանց դեմ, որ Աստծուն փառք չեն տալիս, որքան մաքուր են ծաղիկները, ծառերը... որքան փառահեղորեն հնազանդ են Արարչի օրենքներին գազաններն իրենց մաքրության մեջ: Անբան բնությունը սովորեցնում է մարդուն, թե ինչպես է պետք կրել Աստծուն հնազանդվելու խաչն այս աշխարհի բոլոր փոթորիկների և տանջանքների մեջ» (Իոհան արք. Սան-Ֆրանցիսկի): Խորհենք այս մասին և լինենք ավելի զգոն: Մերօրյա մարդը պետք է գիտակցի, որ կյանքն իր սեփականությունը չէ, որ ինքն Աստծու կողմից կարգված տնտես է, իր կյանքի կամ շնորհների տնօրենը չէ, ուստի պետք է փորձի հնարավորինս իմաստնաբար տնօրինել իրեն վստահված տնտեսությունը՝ Աստծու կամքի համաձայն, տերունավանդ պատվիրանների գործադրումով և առաքինագործ կենցաղավարությամբ աճելով բարեպաշտության մեջ, որպեսզի երբ Տերը գա հաշիվ պահանջելու, չամաչի Նրանից, այլ համարձակորեն՝ որպես իմաստուն տնտես, կարողանա ներկայացնել իր տնտեսության հաշիվը (տե՛ս Ղուկ. 16:1-8):

Հիշենք, որ մահկանացու ենք և հավերժ չենք ապրելու այս երկրի վրա, ուստի չվատնենք աստվածային պարգև մեր կյանքը՝ որպես անիրավ տնտեսներ, որպեսզի չկորցնենք նաև անանց ու մշտնջենավոր պարգևը՝ գանձերի գանձը՝ երկնքի արքայությունը:

 

Անժելա Խաչատրյան

14.07.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․