19 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր

«Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են»

Ամենամեծ բարիքը, որ Աստված մեզ տվեց` կյանքն է: Աստված մարդուն տվեց մտածելու, խոսելու և գործելու կարողություն: Բանականությունն աստվածային ստեղծագործության կարևորագույն նշույլն է, այն Աստծո ներկայությունն է մարդու մեջ: Տիեզերքում միայն մարդն է մտածում և խոսքն է, որ մեզ մարդ է դարձնում: Խոսելով՝ մենք Աստծո աշխարհի մի մասն ենք դառնում: «Ա՜խ լեզո՛ւն, լեզո՛ւն, լեզո՛ւն, որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի»,- ասել է Խաչատուր Աբովյանը: Լեզուն մարդկության հաղորդակցման հիմնական և կարևորագույն միջոցն է: Մարդիկ իրենց մտքերը, ապրումներն ու ցանկություններն արտահայտում են լեզվի միջոցով:

Մարդու մոտ խոսքով ի հայտ է գալիս ծածուկը՝ դառնալով բացահայտ: Այդ պատճառով էլ խոսքի գործածությունը պետք է մեծ զգուշությամբ կատարվի: Կարևոր է, որ մարդու խոսքը շնչի բարությամբ, քանի որ խոսքի միջոցով յուրաքանչյուրը փորձում է հասնել բարեկեցության: Այդ պատճառով էլ մեր շուրթերից դուրս ելնող ամեն մի խոսք պետք է կրի բարություն՝ լուսավորելով մեր կյանքը: Եթե խոսակցության մեջ բարի խոսքն է գերակշռում, ապա նման խոսակցությունից հետո մնում է ինչ-որ արժեքավոր և աստվածային զգացողություն: Խոսքը պետք է միավորի մարդկանց և ոչ թե բաժանի, բայց մեղսալից կյանքը թուլացնում է խոսքի ուժը՝ թույլ չտալով, որ այն գործի իր ողջ ուժով: Խոսքը, որ միավորված է լույսի և կյանքի Աղբյուրին, բերում է միայն լույս և բարություն:

Աշխարհի շատ ժողովուրդներ, այդ թվում նաև հայերը ստեղծել են դիպուկ առած-ասացվածքներ, սեղմ ասույթներ մարդկանց կյանքում լեզվի խաղացած դերի մասին: Ահա դրանցից մի քանիսը.

Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է (հայկական):

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա (հայկական):

Քաղցր լեզուն օձին բնից կհանի (հայկական):

Մի շտապիր խոսել, շտապիր գործել (ռուսական):

Լավ խոսքը հանգցնում է կրակը (մոլդովական):

Զենքը սպանում է մեկին, լեզուն`հազարին (չեչենական):

Մարդու լեզուն իր նավի ղեկն է (եգիպտական):

Դանակը մեկ սայր ունի, իսկ լեզուն`հարյուր (վիետնամական):

Քո լեզուն մի առյուծ է, եթե նրան կապես, քեզ կպահպանի, եթե թողնես, կհոշոտի (արամեական):

Երկար լեզուն կկարճացնի կյանքը (պարսկական):

Խոսքը պարզապես մի հնչյուն չէ, այն ունի զորություն, ուժ, ստեղծագործող է, այն կարող է լինել նուրբ ծաղիկ և կարող է լինել սուր դանակ: Եկեղեցու հայրերից Մակար Մեծը լեզվի օգտակարության և վնասակարության մասին գրում է. «Լեզուն մարդու ամենաօրհնված և ամենավնասակար անդամն է, քանի որ միայն մեկ հատիկ խոնարհ խոսքը կարող է մեղմել բարկությունը, իսկ կոպիտը՝ կատաղության հասցնել»:

Երբ Եզոպոսի տերը՝ փիլիսոփա Քսանթոսը, կարգադրում է հյուրասիրության ժամանակ մատուցել աշխարհի ամենալավ ու ամենագեղեցիկ կերակուրը, Եզոպոսը ճաշ է պատրաստում լեզվից: Երբ Քսանթոսը հարցնում է, թե ինչու է այդպիսի ճաշատեսակ պատրաստել, Եզոպոսը պատասխանում է.

– Աշխարհում կա՞ ավելի լավ ու ավելի գեղեցիկ բան, քան լեզուն: Մի՞թե լեզվով չեն պահվում ամբողջ փիլիսոփայությունն ու գիտական միտքը, առանց լեզվի չի կարելի ոչ տալ, ոչ առնել, ամբողջ պետական կարգուկանոնը, օրենքները, որոշումները գոյություն ունեն լեզվի միջոցով, մեր կյանքի հիմքը լեզուն է, նրանից լավ ոչինչ չկա:

Քսանթոսը և հյուրերը համաձայնում են և սիրով ուտում: Հաջորդ օրվա համար տերը նորից է պատվիրում կերակուր պատրաստել, բայց այս անգամ աշխարհի ամենավատ ու անպետք բանը: Եզոպոսը դարձյալ լեզվից է կերակուր պատրաստում: Քսանթոսը և հյուրերը զարմանում են՝ տեսնելով կրկին նույն ճաշատեսակը:

– Այս ի՞նչ է նշանակում,– հարցնում է փիլիսոփան:

– Լեզվից ավելի վատ ի՞նչ կա աշխարհում: Լեզուն է բոլոր երկպառակությունների, գժտությունների և պատերազմների պատճառը, այն բերում է դավադրություն, կեղծիքներ, նախանձություն,– պատասխանում է Եզոպոսը:

Սեղանի շուրջ հավաքվածները հիանում են նրա հնարամիտ պատասխանով:

Խոսքն իր հավասարը չունի ո՛չ քանակական և ո՛չ էլ որակական առումով: Այն կարող է և՛ սփոփել, և՛ հոգեկան ծանր հուզապրումներ պատճառել:

Անզգույշ խոսքի, օրինակ, բժշկի ոչ ճիշտ վարվեցողության հետևանքով հիվանդի մոտ կարող է առաջանալ յատրոգեն հոգեբանական հիվանդություն: Յատրոգենիա անվանումը ծագել է հունարեն յատրոս բառից, որ նշանակում է բժիշկ: Յատրոգենիան բժշկի հարուցած բացասական երևույթներն են, որոնք հիվանդի մոտ դրսևորվում են անհանգստության զգացումով, տագնապալից սպասումներով և հետևաբար տարբեր բնույթի նյարդահոգեկան և ֆունկցիոնալ տեղաշարժերով:

Խոսքը կարող է հրաշքներ գործել, այն կարող է կյանք պարգևել, այդ թվում նաև սպանել: Բացասական մտքի և խոսքի ուժը կարելի է նմանեցնել հրաբխի ժայթքմանը կամ էլ միջուկային ռումբի պայթունին: Իսկ այն, որ «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են» (Առակներ 18:21), վկայում է հետևյալ պատմությունը: Մենամարտից հետո մահացու վերք ստացած Պուշկինին բերում են իր առանձնատուն: Անմիջապես նրան է այցելում անձնական բժիշկը՝ Սպասկին: Անում է հնարավոր ամեն բան, սակայն հրաշալի հասկանում է, որ մեծ գրողին փրկել այլևս անհնար է: Որոշ ժամանակ անց Սպասկին ստիպված է լինում այցելել ևս մի հիվանդի: Սա մեծահարուստ առևտրական էր ու իրեն շատ վատ էր զգում: Երբ բժիշկը մոտենում է նրան, հիվանդը բռնում է Սպասկու ձեռքն ու տագնապած հարցնում. -Ասացեք, բժիշկ, կա՞ որևէ հույս, որ ես կապաքինվեմ:

-Ոչ մի հույս էլ չկա,- զայրացած պատասխանում է բժիշկը:- Եվ վերջապես սա ի՞նչ բան է, բոլորս էլ մեռնելու ենք: Ահա, հենց հիմա Պուշկինն է մահանում: Հասկանու՞մ եք, Պուշկինը: Այնպես որ մենք էլ ձեզ հետ միասին կմեռնենք: Ասում են, որ հարուստ հիվանդը գլուխը դրել է բարձին ու մեռել է Պուշկինի հետ նույն օրը:

Այնինչ հիվանդի հետ բժշկի հանգիստ, մեղմ ձայնով, շրջահայաց կերպով խոսելը և մեծահոգաբար վարվելը շատ բան կարող էր տալ: Միշտ պետք է հիշել, թե ինչ է ասվում, ում է ասվում, ինչու է ասվում և ինչպես: Հարկավոր է հիշել նաև, որ խոսքը մարդու մեծագույն զենքերից մեկն է և նրանից պետք է օգտվել շրջահայաց կերպով: Եվ յուրաքանչյուր խոսքի համար մարդը պատասխանատու է: Հիսուս Քրիստոս զգուշացնում է. «Բայց ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև՝ քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթեոս 12:36-37):

Երբ մենք արտաբերում ենք որևէ խոսք անուշադրությամբ, ապա գուցե չենք մտածում, որ այդ խոսքերը դեպի երկինք բարձրացող, կարող են իրենց բացասական արտահայտումները գտնել ընտանիքներում, հասարակության մեջ և ողջ աշխարհում: Եթե խոսակցության մեջ առկա է դատելու մեղքը, ապա անխուսափելի կլինի նաև հետևանքը՝ բաժանումը:

Սուրբ Գրիգոր Տաթևացին իր Գիրք քարոզության Ամարան հատորի մեջ նշում է. «Լեզուն հեշտությամբ է սայթաքում և սխալվում», իսկ սաղմոսներում կարդում ենք. «Զգուշանամ իմ ճանապարհին, որպեսզի լեզվովս չմեղանչեմ» (Սաղմոսներ 38:2), ուստի նա, ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է ոչ միայն նեղությունից (Առակներ 21:23), այլ նաև իմաստուն է լինում (Առակներ 10:19):

«Զղջման» աղոթքի մեջ կարդում ենք լեզվի հիվանդությունների մասին, որոնք են`շատախոսությունը, ստախոսությունը, հայհոյանքը, ամեն տեսակ լեզվագարությունները, սուտ երդումը, անիծաբանությունը, ծաղրը: Գանգատները, տրտունջները, հուսահատ արտահայտությունները ոչ միայն մեզ են վնասում, այլ նաև դիմացինին: Եկեղեցու հայրերը խորհուրդ են տալիս լեզվի հիվանդություններից ազատվել նաև պահքի միջոցով: Գրիգոր Աստվածաբանն ասում է, որ ավելի լավ է շատ լսես, քան խոսես, քանի որ շատախոսության պատճառով մեղքից չես խուսափի:

Իսկ եկեղեցու հայրերից Հայր Արսենն էլ նշում է, որ՝ «Խոսելուց հետո ես հաճախ եմ զղջացել, բայց լռելուց`երբեք»:

Աստված աշխարհը ստեղծեց խոսքով, ասաց. «Թող լույս լինի», և լույսը հայտնվեց: Անտեսանելին իր գոյությունը ստացավ խոսքից: 32-րդ սաղմոսում կարդում ենք. «Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը և Իր բերանի շնչով՝ Նրա բոլոր զորությունները»: Աստծո խոսքն ունի իմաստություն, այն կենսատու է և հավիտենական. «Ներգործի՛ր խոսքով Քո ամենազոր, որով առաջին օրը Դու լույսն ստեղծեցիր, և ես անմիջապես դեպի լա՜վը պիտի փոխվեմ..» (Սբ. Գրիգոր Նարեկացի, Բան ՀԸ):

Դրական միտքն ու խոսքն անհամեմատելի կերպով բարձր է բացասականից: Աստծուց բխող մաքուր մտքի ուժը 300 տրիլիոն անգամ բարձր է չար կամ դիվային մտքից, իսկ Աստծո խոսքը՝ 500 տրիլիոն անգամ: Եվ որքա՞ն հաճախ է մարդն այս ամենից օգտվում, այստեղից, եզրակացություն անելով, կարելի է ենթադրել, թե ինչ ուժ ունի աղոթքի խոսքը, անգամ ամենակարճը՝ Տեր ողորմիր:

 

 

Գայանե Սուգիկյան

29.03.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․