Գրքեր

Մեռելոց Քրիստոսի հարության տոնի

Հայտնի է, որ երբ խաչյալ Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, դժոխք իջավ, դժոխքը երկնքից էլ առավել մեծ պայծառությամբ վայելչացավ, քանի որ Աստծուն փառաբանող երկնային զորքերի ձայնը լսելի եղավ դժոխքում։ Այն ձայնը, որ փառք էր տալիս Աստծուն բարձունքներում, հասավ նաև դժոխքում եղող մարդկանց հոգիներին՝ ասելով. «Ծա՛փ զարկեք, բոլոր հեթանոսնե՛րդ, և օրհնաբանե՛ք ձեզ փրկելու Եկածին։ Ուրախացի՛ր, Ադա՛մ, և ցնծա՛, Եվա՛, քանի որ բավական է, ինչքան լաց եղաք։ Ձեր արտասուքը թող որ փարատվի և խնդությո՛ւնը թող տարածվի, քանի որ անեծքը վերացավ և օրհնությունը սփռվեց։ Սուգը մերժվեց և մխիթարությունը մերձեցավ։

Ցնծացե՛ք, արդարներ, և ուրախացե՛ք, մեղավորներ։ Կենդանացե՛ք, մեռյալներ, և արիացե՛ք, մահացածներ։ Լուսավորվե՛ք, խավարյալներ, և հայտնվե՛ք, կորուսյալներ, քանի որ Անծինը ծնվեց, և Անեղը՝ եղավ։ Ողջը մեռավ, և Անմահը մահացավ։ Դժոխքն ավերվեց, քանի որ Աստված թաղվեց հողի մեջ։ Դրախտը բացվեց, քանի որ Աստված գերեզմանի մեջ դրվեց։ Արձակվեցե՛ք, կապյալներ, քանի որ Աստված իջավ դժոխք։ Կենդանացի՛ր, հին Ադամ, քանի որ մեռավ նոր Ադամը։ Անմահացի՛ր, Եվա, քանի որ մահացավ Կուսածինը։

Ուրախացի՛ր, Եվա, քանի որ Մարիամն է լալիս։ Խնդա՛, Ադամ, քանի որ լալիս է Պետրոսը։ Ցնծա՛, Աբել, քանի որ Հովհաննեսը տրտմած է։ Զվարճացի՛ր, Սեթ, քանի որ Հակոբոսը փախուստի դիմեց։ Ուրախացի՛ր, Ենովք, քանի որ Անդրեասն, ահա՛, սգում է։ Բերկրի՛ր, արդարդ Նոյ, քանի որ տրտմած է Թովմասը։ Խնդա՛, Աբրահամ, քանի որ լալիս է Մատթեոսը։ Ծիծաղի՛ր, Իսահակ, քանի որ սգում է Փիլիպոսը։ Հրճվի՛ր, Հակոբ, որ Իսրայել կոչվեցիր, քանի որ տխրել է մյուս Հակոբոսը՝ Ալփեոսի որդին։ Ցնծա՛, ողջախոհդ Հովսեփ, քանի որ լաց է լինում սրբասիրտ Հակոբ Տյառնեղբայրը։ Խնդա՛, ո՜վ արդար ու անարատ Հակոբ, քանի որ լալիս է Թադեոսը։

Ուրախացի՛ր, հին Մելքիսեդեկ՝ որդիդ քանանացու, որ քահանայացար Աբրահամի առաջ և հաճոյացար Բարձրյալ Աստծուն ու նմանվեցիր Աստվածորդուն, քանի որ, ահա՛, քեզ մոտ եկավ Նա, ով կամեցավ հավիտենական քահանա լինել ըստ քո կարգի, ինչի համար էլ Դավիթն ասում է. «Դու ես քահանա հավիտենից՝ ըստ կարգի Մելքիսեդեկի»։ Զվարճացիր և դո՛ւ, սուրբ մեղավորդ Ղովտ, քանի որ Սիմոն Կանանացին, նույն ինքը՝ Շմավոն Նախանձահույզն է լալիս։ Խնդա և դո՛ւ, Սառա, քանի որ արտասվում է Հովհաննան։ Ցնծա՛, Ռեբեկա, քանի որ լալիս է Սողոմեն։ Բերկրի՛ր, Լիա, քանի որ քո որդի Հուդայից սերող Որդին ողորմաց քեզ։ Հրճվիր և դո՛ւ, Ռաքել, քանի որ, ահա՛, եկավ Մարիամի Որդին՝ մխիթարելու քեզ։

Ուրախացի՛ր, Մովսես, և ծա՛փ զարկիր, Ահարոն, քանի որ լալիս է Թադեոսն ու սգում՝ Շմավոնը։ Ուրա՛խ եղիր, Հեսու, և ցնծա՛, Սամուել, քանի որ լալիս է ստուգապես մեծն Աստծու զարմը՝ Բարդուղիմեոս առաքյալը, և տրտմում է Բարսաբան։ Ուրախացե՛ք, մարգարեներ, քանի որ տրտմեցին առաքյալները։ Եվ, իրապես, առաքյալների տրտմությունը մարգարեներին ուրախություն բերեց, և աշակերտների սուգը նահատակներին մխիթարություն դարձավ»։

Եվ այդպես ամենքը ցնծացին ու բոլոր արդարներն ուրախությունից թռչկոտեցին, նահապետները ծափ զարկեցին և մարգարեները պար բռնեցին։ Արդարների հետ ուրախացան նաև մեղավորները, քանի որ մեղավորների համար խաչվեց Աստված և մեղավորների համար իջավ դժոխք Նա, ով երբևէ մեղք չէր գործել և ում շուրթերին նենգությունը տեղ չէր գտել։ Արդ, երբ երկնային հրեշտակները անդնդային սանդարամետում Փրկչի Ավետիսով ցնծությամբ լցրին նախահայրերի և մարգարեների հոգիները, այդ հրեշտակների հետ նաև Քրիստոսի սուրբ Կարապետ Հովհաննեսը բարձր ձայնով գոչեց, ոչ թե, սակայն, անապատում, այլ դժոխքում՝ ուրախ Ավետիսն ազդարարելով. «Պատրաստե՛ք ճանապարհը երկնավոր Թագավորի, որը գալիս է ազատելու և անդնդային խորություններից դեպի վերին լույսը հանելու ձեզ»։

Իսկ մեր Խաչյալ Թագավորը՝ Քրիստոս՝ Որդին մեծն Հայր Աստծու և Սուրբ Կույս Մարիամի, նախաստեղծ Ադամին հազարամյա բոլոր ննջեցյալների հետ դեպի վերին երկինք բարձրացրեց՝ այնտեղ, որտեղի մասին միայն Ինքը և երկնային զորքերը գիտեն։ Եվ արդ, արդարներն ու մեղավորները միասին այդ վայրում են՝ մինչև Դատաստանի օրը։

Արդար ննջեցյալների մասին այն գիտենք նաև, որ նրանք հարություն առան մեռելներից։ Քրիստոսի՝ Խաչի վրա կրած չարչարանքների ժամանակ երկիրը ցնցվեց, քարերը այս ու այն կողմ ցրվեցին և գերեզմանները բացվեցին։ Սակայն մեռյալները հարություն չառան՝ մինչև որ Քրիստոս թաղվեց, հարություն առավ մեռելներից և Ի՛նքը եղավ ննջեցյալների առաջին պտուղը։ Ապա նաև նրանք հարություն առան մեռելներից, որոնց գերեզմանները Ուրբաթ օրն էին բացվել, և սրբերի երեք հասակի ու տարիքի մարմիններ հարյան՝ մանուկներ, երիտասարդներ և ծերեր։ Եվ հազար տարվա, հինգ հարյուր տարվա մեռյալներն իրենց հավատի շնորհիվ հարություն առան ու մտան Երուսաղեմ քաղաք և փակված դռների միջով երևացին շատերին։

Մարդիկ ճանաչեցին իրենց մեռյալներին և նրանց, ովքեր երեք տարի է, ինչ մեռած էին, հարցրին իրենց հետ տուն եկած մնացյալ մեռյալների «ինքնության» մասին ու այն պատասխանը ստացան, թե այդ մեռյալներից ոմանք մարգարեներն են, ոմանք հազար տարի առաջ մեռած իրենց հարազատները՝ հայրերն ու մայրերը, որդիներն ու դստրերը, քույրերն ու եղբայրները, որոնց անունները, սակայն, հականե-հանվանե չգիտենք, քանի որ սուրբ Ավետարանիչը չի նշում։ Բայց միայն այս գիտենք, որ սրբերի մարմինները հարություն առան գերեզմաններից։

Հայտնի է, որ Դավիթը, Սողոմոնը, Եսային, Սիմեոն ծերունին ու նաև ուրիշները Երուսաղեմում թաղված սուրբ մարգարեներից, որոնց անունները Աստված միայն գիտի, հարություն առան Քրիստոսի հետ։ Նրանց թիվը ևս մեզ համար անհայտ է, բայց ինչևիցե, այն է հայտնի, որ մեռյալները հարություն առան, մտան սուրբ քաղաք Երուսաղեմ, այցելեցին իրենց ու իրենց հարազատների տները՝ իրենց հետ եղող «անծանոթների» ընկերակցությամբ։ Մեռյալների տերերը ցանկացան պատվել և հյուրասիրել նրանց ու շտապեցին կերակուրներ և ըմպելիքներ պատրաստելու։ Եվ մինչդեռ կերակուրների այդ պատրաստության մեջ էին, Աստծու կամքով մեռյալներն աներևույթ եղան ու բարձրացան-գնացին Ադամի Դրախտը, որը բաց էր արել Քրիստոս՝ Իրեն խաչակից երանելի ավազակին այնտեղ մտցնելով։

Իսկ այն մարդիկ էլ, որ կերակուրներ էին պատրաստել, աղքատներին բաժանեցին իրենց պատրաստածները, ինչի պատճառով էլ քրիստոնյաների մեջ այս օրը մեռելոց կատարելու և աղքատներին, օտարականներին ու պանդուխտներին կերակրելու, «Աստված ողորմի մեր հին և նոր ննջեցյալներին» ասելու  սովորությունը ձևավորվեց, որպեսզի մենք և մեր ննջեցյալներն արժանանանք մասնակից լինելու սրբերի լույս ժառանգությանը, որի համար բարերարն Աստված Իր մարդասիրությամբ թող ողորմի բոլոր հավատացյալներին ու մանավանդ այս գիրն ընթերցողներին։ Ամեն։

 

«Յայսմաւուրք», Կ. Պոլիս, 1730 թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

13.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․