Գրքեր

Նախախնամության հովանու ներքո

Սբ. Իսահակ Ասորին նշում է Աստծո նախախնամության երկու տեսակ՝ ընդհանուր և հատուկ: Ընդհանուր նախախնամության ներքո գտնվում է ամեն ոք: Իսկ հատուկ նախախնամության ներքո այն մարդիկ, ովքեր ամբողջ սրտով Աստծուն են փնտրում և հավատում: Այդպիսիք էին Դանիել, Եղիա մարգարեները, առաքյալները և այլք:  Պարզապես հիշենք, թե ինչպես Աստծո առանձնահատուկ նախախնամության ներքո գտնվող Պողոս առաքյալի պատճառով Աստված ոչ միայն առաքյալի կյանքը փրկեց նավաբեկությունից, այլև խնայեց նավի ամբողջ անձնակազմին: Այդ մասին «Գործք Առաքելոց»-ում կարդում ենք. «Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու կայսեր առաջ էլ պետք է ներկայանաս և ահա բոլոր նրանց, որ այդ նավի մեջ քեզ հետ են, Աստված քեզ է շնորհել» (Գործք 27.24): Իսկ Սբ. Եփրեմ Ասորին արձանագրում է, որ աստվածային նախախնամությունը և Նրա կամքը դրսևորվում է երեք ձևով՝ բարեհաճությամբ, տնօրինությամբ, թողտվությամբ: Երբ մարդն ապրում է առաքինի և բարեպաշտ կյանքով, այս դեպքում Աստծո կամքը դրսևորվում է որպես բարեհաճություն: Եթե մարդը շեղվում է փրկության ճշմարիտ ճանապարհից, Աստված նրան խրատում է զանազան միջոցներով, ինչպիսիք են սովը, հիվանդությունները, պարտությունները և այլն: Այս ամենը տեղի է ունենում Աստծո տնօրինությամբ, որպեսզի մարդուն փրկության ուղի վերադարձնի: Իսկ եթե մարդը շարունակում է համառել և ավելի հեռանալ փրկության ուղուց, նրան կարող են պատահել սաստիկ փորձություններ և փորձանքներ, որոնք կատարվում են Աստծո թողտվությամբ: Այնուամենայնիվ, մարդկանց մոտ երբեմն հարցեր են առաջանում, թե ինչու են լինում պատահարներ, ողբերգություններ, անժամանակ մահեր և այլն: Յուրաքանչյուրն ակնկալում է ապրել հրաշալի և երջանիկ կյանք, շրջապատված լինել հարազատներով և ընկերներով: Բայց իրականությունն այնպիսին է, երբ ակնթարթներում կարող է ամեն ինչ խաթարվել: Եվ հենց այդ ակնթարթներում, անակնկալ կերպով, կարող ես հայտնվել մի այլ իրականության մեջ, որը կոչում ենք հանդերձյալ աշխարհ: Մեր պատկերացումներն այս աշխարհի և կյանքի մասին ամբողջական չեն, երբ միայն երկրային մտածողությամբ են սահմանազատված: Մատերիալիստական փիլիսոփայության և աթեիզմի համար անհասկանալի, առավել ևս անհասանելի են մնում հոգեղեն կյանքի բացահայտումները, որովհետև նյութական սահմանափակվածությունը թույլ չի տալիս տեսնել այն իրողությունը, որը բացահայտում է հավիտենականությունը և գոյութենաբանական ճշմարտությունը: Սակայն մահը շատ կտրուկ է: Այն փլուզում է հանդերձյալ աշխարհում հայտնված մարդու կասկածամտությունը հոգևոր կյանքի վերաբերյալ, անհատի մտքում արմատացած մատերիալիստական հայեցակարգի և աթեիզմի տեսությունը և անհատին կանգնեցնում մի նոր իրականության առջև: Այն ջանքերն ու արժևորումը, որոնք մարդը ներդնում է այս կյանքում, փոշիանում են ակնթարթների ընթացքում: Շատերը կարծում են, թե այս աշխարհով է սահմափակված իրենց կյանքի իմաստը, իսկ շատերն էլ ասում են, թե հավատում են Աստծուն, բայց իսկության մեջ իրենց հոգու խորքում կյանքի նպատակներն այս աշխարհի հետ են կապում... Բայց անցողիկ այս աշխարհի հետ հույսեր կապելը խաբկանք է, և այն ավելի ցայտուն է երևում, երբ նկատում, տեսնում ես հոգեղենը: Ոմանք կարող են հարցնել, թե դա ինչպե՞ս է հնարավոր, երբ նման բան չենք տեսնում: Ֆրանսիացի հայտնի ֆիզիկոս, մաթեմատիկոս Բլեզ Պասկալը դիտարկում է, որ հոգեղեն իրականության բացահայտումը հայտնվում է նրանց, ովքեր ամբողջ սրտով փնտրում են Աստծուն և ծածկվում է նրանցից, ովքեր ամբողջ սրտով փախչում են Նրանից: Աստված կարգավորում է մարդկային գիտելիքն Իր մասին: Նա հուշում է, տալիս նշաններ, իմաստություն՝ Իրեն փնտրողներին: Իսկ անտարբերներին ու աշխարհի վրա կենտրոնացած մարդկանց առջև ծածկում է հոգեղենն ու Իր հայտնությունը: Նրանք, ովքեր կամենում են տեսնել, Նա տալիս է համապատասխան և բավարար լույս: Նրանք, ովքեր չեն կամենում տեսնել, Նա տալիս է նրանց համապատասխան և բավարար խավար: Իսկ երկրային ժամանակացույցի ընթացող անցուդարձում հաճախ հանդիպում, լսում ենք տառապանքի, մարդկանց անժամանակ մահվան, ողբերգությունների մասին և կարծում ենք, թե այդ ամենը մեզ շրջանցելու է և իբրև հանդիսատեսներ նայելու ենք, ցավակցելու կամ էլ սոսկ մի պահ խորհելու ենք և շարունակելու ենք մեր նախկին ընթացքը, որպեսզի քիչ, թե շատ կուտակած ունեցվածքը վայելենք և մինչ ծերություն ուրախ ապրենք: Բայց չենք էլ կարող պատկերացնել և չենք էլ ուզում պատկերացնել, որ հաջորդը, ով միգուցե անժամանակ կարող է լքել այս աշխարհը, կարող ենք լինել հենց ինքներս մենք՝ անակնկալ կերպով հայտնվելով հոգեղեն աշխարհում և կանգնելով Աստծու առաջ՝ հանդերձավորված մեր լավ կամ վատ արարքներով, որոնք վաստակել ենք այս աշխարհում, և այդժամ պատասխան ենք տալու մեր կերտած անհատականության էության համար: Եվ միայն այդ դեպքում է, որ բազմաթիվ անձինք հասկանում են, որ երկրային կյանքը մի ակնթարթ էր հավիտենականության մեջ, բայց արդեն ուշ է լինում շատ բան ուղղելու և շտկելու համար: Ամեն անգամ մահը ազդակ է ուղարկում, որ յուրաքանչյուր անհատ վերանայի իր աշխարհայացքը, վերաիմաստավորի իր կյանքը և սկսի նկատել ամբողջական իրականությունը, այլ ոչ թե այն, ինչն ուղղակի սոսկ նյութական է, շոշափելի և միայն մարմնավոր, սահմանափակ տեսողությամբ ընկալելի: Այդուհանդերձ, մարդկության ստվար մասն իր ինքնակենտրոն ցանկությունների պատճառով այդպես էլ չի կամենում դուրս գալ այդ ստվերից ու տեսնել, թե ինչ է կատարվում իրականում: Գիտենք, որ ամեն ինչ սկսվել է երկնքում՝ հոգեղեն տիրույթներում, երբ հրեշտակների մի մասը որոշեց հեռանալ Աստծուց և անկում ապրեց: Ցավոք, մարդկությունն անմասն չի մնացել այս հոգևոր պատերազմի հետևանքներից և հետևել է անկում ապրած նախկին հրեշտակի խորհրդին, որի պատճառով մեղքը թափանցել է այս աշխարհ՝ խաթարելով մեր կյանքի ներդաշնակությունը, այստեղ նույնպես վերածելով հոգևոր պայքարի մի թատերաբեմի: Մարդիկ զարմանում են, թե ինչու է լինում այս կամ այն ցավալի պատահարը կամ խոչընդոտը, ձախողումները, անկումները: Երկրային տեսողությամբ և մեղքից մթագնած մտքով հնարավոր չէ հասկանալ այդ ամենը, այլ հոգևոր աչքերով, մաքուր, լուսավորված սրտով և մտքով, Սուրբ Հոգու միջոցով է հնարավոր թափանցել և տեսնել և դեռ ավելին, թե իրականում կյանքի հորիզոնն ինչքան անսահման է և թե իրադարձություններն ինչքան շատ ավելին են երկնային ոլորտներում, որոնք աննկարագրելի, երփնավառ  բազմազանությամբ հուժկու արագությամբ են ընթանում, զարգանում, և այս կյանքն իրականում ստվեր է դառնում համեմատած այդ լույսի և իրականության հետ: Երբ մարդու առջև բացվում է հոգեղեն իրականությունը, հասկանում է, որ այս աշխարհն իսկապես պայքարի, հոգևոր պատերազմի մի թատերաբեմ է, ուր մարդն ունի մի կարևոր առաջադրանք՝ ձեռքբերել հավիտենական փրկություն: Եվ այս կյանքը, որ պիտի լիներ հավերժական ուրախության և խնդության ճառագող մի ուղի, ապստամբած հրեշտակների ձեռքով և նրանց հետևած մարդու  գործակցությամբ դարձել է հոգևոր մարտադաշտ՝ հանուն յուրաքանչյուր անհատի հավիտենական փրկության կամ կործանման: Այս մարտադաշտում մարդը հայտնվում է լույսի կամ խավարի թագավորությունների սահմաններում՝ կախված այն հանգամանքից, թե ինչպիսի կյանք է վարում: Ավետարանի ավետիսը հենց ապաշխարության ազդարարմամբ է հնչում, որպեսզի մարդն ուղղվի դեպի Երկնքի Արքայության ճանապարհը: Արդ, Աստծո համար կարևոր է մարդու հավիտենական փրկությունը: Այս լուսանցքի ներքո են զարգանում մարդու հետ կապված բոլոր ծրագրերը: Փրկվելու առաջադրանքի առջև է կանգնած անհատը, և իսկության մեջ բոլոր  իրադարձությունները Նախախնամության տնօրինության կողմից այս առանցքի ներքո են տնօրինվում: Ժամանակ է տրված ապաշխարելու համար և հավիտենական փրկության շավիղներով քայլելու համար: Մեզ թվում է, թե ամեն ինչ ըստ սովորական և բնականոն հերթագայության պիտի ընթանա, և Աստված իր Նախախնամության միջոցով մեզ պիտի զերծ պահի բոլոր պատահարներից ու դժբախտություններից, որպեսզի վայելենք այս աշխարհի կյանքի ամբողջությունը, սակայն մենք չենք հասկանում, որ Աստված նայում է մեր սրտին, հոգու խորքը, թե մենք արդյո՞ք գնում ենք դեպի հավիտենական փրկություն, թե՞ հավիտենական կործանում, իսկության մեջ ընտրո՞ւմ ենք կապվածությունն այս խաթարված ու կործանվող աշխարհի հետ՝ հմայված լինելով դրանով, թե՞ ընտրում ենք Երկնքի Արքայությունը: Յուրաքանչյուրի իրավունքն է, յուրաքանչյուրի ընտրությունը: Եթե ընտրում ենք այս աշխարհը, ապա ընտրում ենք հավիտենական մահվան ճանապարհը, որովհետև խաթարված այս աշխարհն օրըստօրե քայքայվում ու ոչնչանում է մեղքի ավերիչ ազդեցության ներքո, որն ի վերջո մեզ է ոչնչացնելու, ինչպես նաև զերծ չենք լինելու այս աշխարհի «քմահաճ» պատահարներից:  Զուր չէ, որ Հովհաննես առաքյալը դարերի խորքից մեզ հորդորում է, թե մի՛ սիրեք այս աշխարհը (Ա Հովհ. 2.15): Այդուհանդերձ, բնական է, որ բազմաթիվ հարցերի պատասխաններ կիմանանք երկնային կյանքում, բայց մի էական հարց հստակ է, որ Երկնավոր Հայրը կամենում է ամեն մարդու հավիտենական փրկությունը, և աստվածային տնօրինությունն այս հոգածության ներքո է գործում մեր կյանքում, որպեսզի ամենքիս առջև բաց լինի փրկության ճառագող դուռը, որպեսզի իրապես ապրենք և հավետ երջանիկ լինենք:

 

Հովհաննես սրկ. Մանուկյան

20.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․