Գրքեր

Ոչ՝ թմրամոլությանը

Ցավոք սրտի, աշխարհում գոյություն ունեն «տերեր»՝ թմրանյութը, ծխախոտը, պոռնկությունը, մոլախաղը և այլն, որոնք բազմաթիվ մարդկանց մտային հանճարը հասցրին հիմարության, ֆիզիկական առողջությունը՝ հիվանդության, նյութական հարստությունը՝ աղքատության, հոգեկան աշխուժությունը՝ թուլության, կյանքի ազատությունը՝ բանտարկության կամ նույնիսկ մահվան: Չի՛ կարելի վերոհիշյալ «տերերի» հետ «բարեկամություն» անել, որովհետև այդ սխալ քայլը, ուշ կամ շուտ մեզ նվաստացնելով, իջեցնելու է ստրկության՝ դարձնելով մեզ լոկ գերիներ: 

Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը ցույց է տալիս, որ 15-64 տարեկան մոտ 270 միլիոն մարդ նախորդ տարի օգտագործել է հոգեմետ թմրանյութեր։ Մոտ 35 միլիոն մարդ տառապում է թմրամիջոցների օգտագործման խանգարումներից: Թմրամիջոցների օգտագործման պատճառով տարեկան մոտ կես միլիոն մահ է գրանցվում:

Տարիներ առաջ, armenpress.am-ի 2018-ի հունիսի 26-ին հրապարակված հոդվածում նշված է. «Հայաստանում գրանցված են 6 հազար 544 թմրամոլ, սա պաշտոնական վիճակագրությունն է, մարդիկ են, որոնց մոտ կա թմրամոլության ախտորոշում: Առողջապահական կազմակերպություններում հաշվառված թմրամոլների գերակշիռ մասը՝ 62 տոկոսը, 30-50 տարեկան անձինք են»:

Այս հոդվածի նպատակն է անդրադառնալ աղետալի թմրամոլությանը՝ թմրանյութի տեսակներին, օգտագործման մասին տարածված սխալ գաղափարներին և համոզմունքներին, օգտագործման ախտանշաններին, պատճառներին, մակարդակներին, վնասներին, թմրանյութից  ձերբազատման քայլերին, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող քաջաբար ասի. Ո՛չ, ո՛չ և ո՛չ՝ թմրամոլությանը, որովհետև  անկարելի է թմրամոլության տարածք մտնել և անվնաս դուրս գալ՝ մտապես, ֆիզիկապես և հոգեպես:

Թմրանյութի տեսակները: Անցյալում գոյություն ունեին թմրանյութի մի քանի տեսակներ, սակայն ներկայիս գիտության զարգացման պատճառով այդ թիվը հասավ տասնյակ անունների, օրինակ՝ Մեթամֆետամին, Մեթադոն, Մեֆիդրոն, Մարիխուանա, Շոկո և այլն: Կարելի է թմրանյութի տեսակները բաժանել մի քանի խմբի.

Ա. Բուսական թմրանյութներ: Դրանք վերցված են անմիջապես որոշ բույսերից, օրինակ՝ հաշիշը, կանեփը, ափիոնը:

Բ. Բուսաքիմիական թմրանյութներ: Դրանք պատրաստում են՝ բուսական նյութերը ենթարկելով որոշ քիմիական ռեակցիաների, օրինակ՝ կոկաինը, հերոինը:

Գ. Քիմիական թմրանյութներ: Դրանք բուսական ծագում չունեն, այլ պատրաստվում են բարդ քիմիական ռեակցիաներից:

Դ. Թվային թմրանյութներ (Digital Drugs): Դրանք տարբեր շերտերի ալիքներ են, որոնք ականջալարերի միջոցով լսելով՝ հասնում են ուղեղ և վնասում նյարդային բջիջները:

Թմրանյութի օգտագործման մասին տարածված սխալ գաղափարներն ու համոզմունքները: Թմրանյութի վաճառականները ծրագրում են, թե ինչպես դրականորեն, վարդագույն ակնոցներով, արդի գրավիչ մոտեցումներով ներկայացնել թմրանյութը մարդկանց ընդհանրապես և ներկա սերունդին՝ պատանիներին ու երիտասարդներին հատկապես: Թմրանյութի վաճառականները կարողացել են որոշ մարդկանց մտքում արմատացնել թմրանյութի չակերտավոր օգուտները՝ տղամարդկայնության ապացուցում, մտային կենտրոնացում, ստեղծագործական աշխատանքի բարելավում, սեռական ակտիվություն, ֆիզիկական ուժեղացում, նյարդային հանգստություն, հոգեկան խաղաղություն և այլն: 

Թմրանյութի օգտագործման ախտանշանները: Անընդհատ անհանգստությունը, բռնությունը, բարկացկոտությունը, անհիմն ​​բացակայությունը, ստախոսությունը, ուսման կամ աշխատանքի վատթարացումը, արթնանալու և քնելու խանգարումները, անպատասխանատվությունը, շատ վիճելը, անբարոյական բառերով խոսելը, խարդախությունը, գողությունը, սպանությունը, մեկուսացումը ընտանիքի մնացած անդամներից, խրատներ մերժելը, ամայի միջավայրեր հաճախակի այցելությունը, հին ընկերներից հեռացումը և նորերի ծանոթությունը, ընկերների հետ հանդիպելը ուշ ժամերին՝ գիշերները, վեճերը հարևանների կամ ընկերների հետ, հաճախակի դժգոհությունները, եկեղեցուց հեռացումը՝ խոստովանությունից և հաղորդությունից, անձնական իրեր վաճառելը՝ հեռախոս կամ ժամացույց, տան մեջ արժեքավոր իրերի անհետացումը, անընդհատ պարտքով դրամ պահանջելը, տրամադրության խանգարումը, քաշի նվազումը, աչքերի շուրջը մուգ շրջանակները, աչքերի և մաշկի դեղնելը, և գոյություն ունեն այլ ախտանշաններ ևս, որոնք ի հայտ են գալիս թմրամոլի մոտ:

Թմրանյութի օգտագործման պատճառները: Թմրանյութի օգտագործման պատճառները կարելի է բաժանել գլխավոր երեք խմբի՝ անհատական, ընտանեկան և ընկերային:

Անհատական պատճառներ օրինակ՝ աննպատակ կյանքը, ներքին դատարկությունը, ինտրովերսիան, հուսահատությունը, հոգեկան ճնշվածությունը, Աստծուց  հեռացումը, թմրանյութ փորձելու հետաքրքրությունը, դրամական պայմանների վատթարացումը, ըմբոստ բնավորությունը, մտավախությունը և այլն:

Ընտանեկան պատճառներ օրինակ՝ ծնողներից մեկի կամ երկուսի կողմից թմրանյութի օգտագործումը, ծնողների անտարբերությունը, ամուսնալուծությունը և կամ բռնակալությունը և այլն:   

Ընկերային պատճառներ օրինակ՝ անբարոյական միջավայրը, աշխատավայրում ճնշումները, անգործությունը, պատերազմը, բանտարկությունը, սխալ կայքէջերը, թմրանյութ օգտագործող անձերը՝ դասընկերները, գործընկերները, հարևանները, բարեկամները, ազգականները և այլն:

Թմրանյութի օգտագործման մակարդակները

 1. Փորձարարական օգտագործում՝ այստեղ անձը առաջին անգամ փորձում է թմրանյութը՝ ցանկանալով իմանալ դրա հոտը, համը և ազդեցությունը իր վրա։

 2. Ընդհատվող օգտագործում՝ այստեղ անձը օգտագործում է թմրանյութը ժամանակ առ ժամանակ, երբ կա մի սոցիալական առիթ, որը քաջալերում է թմրանյութի օգտագործումը։

 3. Կանոնավոր օգտագործումը՝ այստեղ անձը կանոնավոր օգտագործում է թմրանյութ։

 4. Կախվածություն՝ այստեղ անձը օգտագործում է թմրանյութը մնայուն ձևով, որովհետև չի կարող ազատագրվել  դրանից:

Թմրանյութի օգտագործման վնասները: Թմրանյութի օգտագործումը թողնում է սարսափելի բացասական ազդեցություններ մարդու մտքի, մարմնի և հոգու վրա, օրինակ՝ ուշադրության խանգարում, ապակողմնորոշում, հալյուցինացիաներ, զանազան օրգանների բորբոքումներ, դիմադրողականության տկարացում, զանազան օրգանների քաղցկեղ, ՁԻԱՀ, հղիության խնդիրներ, առողջական խնդիրներ ունեցող մանուկի ծննդաբերություն, վիժում, հոգեկան տագնապ, սոցիալական հարաբերությունների վատթարացում, Եկեղեցուց հեռացում, Աստծուց հեռացում, հոգու կորուստ:

Թմրանյութից ձերբազատման քայլերը: Թմրանյութից ձեռքազատման քայլերը շատ են, սակայն դրանք կարելի է սահմանափակել հետևյալ քայլերով.

1. համոզել հիվանդին, որ գնա հիվանդանոց՝ բուժումներ և հոգեբանական թերապիաներ ստանալու համար,

2. համոզել հիվանդին, որ գնա քահանայի մոտ կամ ընդունի նրան հիվանդանոցում, որպեսզի խոստովանի մեղքերը, ստանա թողություն և լսի բժշկության աղոթք,

3. վերականգնել հիվանդի ինքնավստահությունը, համոզել  նրան, որ կարող է հաղթահարել թմրամոլությունը,

4. սրբագրել հիվանդի մտքում թմրանյութների օգտակարության մասին գոյություն ունեցած սխալ համոզմունքները,

5. հիվանդի հետ զրուցելիս շեշտել մարդու երկրավոր կյանքի արժեքն ու իմաստը,

6. վստահեցնել հիվանդին, որ նա թմրամոլության դեմ պատերազմում մենակ չէ, քանի որ երկնքում ունի սիրող Հայր Աստված:

Թմրամոլությունը նման է վտանգավոր տարածքի, որը լցված է բազմաթիվ ականներով: Իմաստուն է այն անձը, որը ոչ թե չի մտնի թմրամոլության կործանարար դաշտը, այլ նույնիսկ չի մտածի մտնելու մասին:

Սիրելի՛ ընթերցող, թող միտքդ, մարմինդ և հոգիդ առողջ մնան: Եվ դրա համար քաջաբար ասա. Ո՛չ, ո՛չ և ո՛չ՝ թմրամոլությանը:

 

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

25.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․