5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Պատարագների պատվիրման առանձնահատկությունները՝ ըստ վիմագիր և մատենագիր սկզբնաղբյուրների

«Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում՝ մարտի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց «Պատարագների պատվիրման առանձնահատկությունները՝ ըստ վիմագիր և մատենագիր սկզբնաղբյուրների» թեմայի շուրջ բանախոսությանը: Երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Բանախոսը՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հայկ Հակոբյանը, նախ համառոտ անդրադարձավ Սուրբ Պատարագի փրկարար խորհրդին: «Եկեղեցական արձանագրությունները վկայում են, որ 9-19-րդ դարերում տարածված է եղել Սուրբ Պատարագ պատվիրելու սովորույթը, ինչի համար պատվիրատուները վճարել են: Ըստ եկեղեցական կանոնի՝ ծեսերի համար վճար չկա, և հավատացյալն ինքն է ի սրտե նվիրատվություն կատարում: Այսօր Պատարագ պատվիրելու երևույթը կարծես թե վերազարթոնք է ապրում, բայց այն ավելի շուտ վերաբերում է հոգեհանգստյան արարողությանը»,- նշեց բանախոսը:

Ըստ բանախոսության՝ Պատարագ պատվիրելու մի քանի շարժառիթներ են եղել. հայ ժողովուրդն առ այսօր սիրում է արձանագրություններ թողնել, ինչի հիմքում հավերժանալու ենթագիտակցական մղումն է, իսկ արձանագրությունները եղել են նվիրատվական, շինարարական և հիշատակագրային: Շինարարական արձանագրություններում արտացոլվում է այն իրականությունը, որ շինարարական աշխատանքները սովորաբար կատարել են ժառանգ չունեցող անձինք: Օրինակ՝ Զաքարյան տոհմից Քուփխիդուխտ իշխանուհին մի մատուռ է կառուցել և արձանագրություն թողել՝ քանի որ ես չունեմ երեխա, թող այս մատուռը լինի ինձ համար զավակ: Եվ խնդրել է իր հոգու փրկության համար մատուցել տարեկան որոշ թվով Պատարագներ:

Հայկը ներկայացրեց նաև, որ հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանն իր գիտական աշխատություններում նշում է, որ 12-13-րդ դարերում Հայ եկեղեցում Պատարագների պատվերը այնպիսի մեծ ծավալներ է ստացել, որ սկսել են խորաններ կառուցել ավանդատներում, գավիթներում, դամբարաններում: Եվ միևնույն վանքում Սուրբ Պատարագը, ըստ պատվիրատուների թվի, մի քանի պատարագիչների կողմից մատուցվել է միաժամանակ մի քանի խորանների վրա: Ըստ «Կանոնագիրք հայոց»-ի՝ արգելված է եղել գավիթներում խորան կառուցել: Կա նաև մեկ ուրիշ կանոն, որտեղ ասվում է, որ Սուրբ Սեղանի վրա օրվա մեջ մեկից ավել Պատարագ մատուցելն արգելվում է: Պատարագների պատվիրման համար տրվել են դրամ, այգիներ, ջրաղացներ, կենդանիներ, և բոլոր նվիրատվությունները կրել են կամավոր բնույթ, իսկ արձանագրվել են հիմնականում խոշոր նվիրատվությունները: Այդ մասին վկայում են պատմական եկեղեցիների պատերի ներսի և դրսի կողմերում պատկերված մեկ մեծ և փոքր նվիրատվական խաչերը, որոնք խորհրդանշել են Երկնային Արքայությանն արժանանալու համար մատուցված մեծ ու փոքր նվիրատվությունները:

Բանախոսը նշեց, որ հազարավոր արձանագրություններ կան, որոնց համաձայն մարդիկ իրենց հոգու փրկության համար Սուրբ Պատարագ են պատվիրել իրենց կենդանության ժամանակ, իսկ մի շարք արձանագրություններում կարդում ենք, որ նվիրատուն խնդրել է իր համար Սուրբ Պատարագ մատուցել մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը:

Բանախոսության ավարտին Տեր Վահանը շնորհակալություն հայտնեց Հայկ Հակոբյանին՝ ճանաչողական բանախոսության համար. «Մեր պատմության էջերը վկայում են, թե մեր պապերը որքանով են կարևորել հոգևոր կյանքը, ինչ դերակատարում է ունեցել նրանց կյանքում Սուրբ Պատարագի խորհուրդը և թե ինչպիսի զոհողության գնով, հավատով և վստահությամբ են Սուրբ Պատարագ պատվիրել: Բանախոսությունը ևս մեկ առիթ է առավել իմաստավորելու Սուրբ Պատարագի խորհուրդը մեր կյանքում՝ խնդրելով Տիրոջից մեղքերի թողություն և ննջեցյալների համար հոգիների հանգստություն»:

 

Կարինե Սուգիկյան

15.03.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․