Գրքեր

Պոռնկությունից զգուշանալու մասին

Ոմն ծեր խնդրում էր Աստծուց, որ ինքը հասնի Իսահակի չափին, և լսեց. «Չես կարող հասնել. լո՛ւռ կաց»: Իսկ հետո ասաց. «Հասցրո՛ւ ինձ Հոբի չափին, և պատրաստ եմ կռվել դևերի դեմ», բայց չասաց՝ «Քո զորությամբ, Տե՛ր»: Եվ Տիրոջ հրեշտակն ասաց. «Սպասի՛ր մի փոքր»: Եվ ահա եկավ մի զինվոր` իր հետ բերելով երկու հարյուր լիտր ոսկի, մի տղայի և աղջկա, և ասաց. «Ողորմի՛ր ինձ և պահի՛ր սրանց, որովհետև թագավորը ուզում է սպանել ինձ. ես գնամ թաքնվեմ և դարձյալ կգամ»: Կրոնավորը հանձն առավ և շնացավ աղջկա հետ, ապա երկյուղի մեջ ընկնելով՝ սպանեց աղջկան և տղային, որ իր արարքը չմատնեն, վերցրեց ոսկին ու գնաց և դրանով վանք շինեց: Զինվորը վերադառնալով՝ եկավ շինված վանքը և ասաց. «Այս բոլոր շինվածքներն իմն են, որովհետև իմ ոսկով են կառուցված: Իսկ ո՞ւր են կույսն ու մանուկ ծառաները»: Եվ հալածեցին նրան այդտեղից, բայց ծերը փախավ ավելի հեռու երկիր, որտեղ մի դահճապետի փեսա դարձավ: Սա սրով ու հրով դաժանագույն տանջանքների էր ենթարկում թե՛ հանցավորներին, թե՛ թեթև զանցանք գործողներին: Հետո նաև զինվորը եկավ այնտեղ և քարշ տվեց նրան իշխանի մոտ և բացահայտեց նրա բոլոր գործերը: Երբ իշխանի հրամանով տանում էին նրան կախելու, փողոցում նրա դեմ դուրս եկավ զինվորը և հարցրեց. «Ճանաչո՞ւմ ես ինձ, կրոնավո՛ր, թե ո՛վ եմ ես»: Նա պատասխանեց. «Կարծեմ այն զինվորն ես, որ չար ժամին հայտնվեցիր ինձ մոտ` այնտեղ»: Զինվորն ասաց. «Ես բանսարկու սատանան եմ, որ նախաստեղծ Ադամին խաբեցի և այժմ որքան կարողություն ունեմ` թույլ չեմ տալիս մարդկանց հասնելու Իսահակի, Հակոբի կամ Հոբի չափին, այլ ջանում եմ բոլորին դարձնել Աքիտոբել, Հուդա Իսկարիովտացի կամ Կայեն: Այժմ գնա՛, կրի՛ր այդ պատիժդ և ե՛կ մեր շղթաներով շղթայվելու, որպեսզի սրանից հետո Աստված ինչ տա՝ մենակյացները բավական համարեն»:

Ուրեմն, զգուշանա՛նք, եղբայրնե՛ր, ամեն ինչի մեջ և չխոսենք առանց Աստծո շնորհների: Տեսա՞ք՝ ինչ արեց դևն այն մենակյացին, որն, իր անձին ապավինելով, մեծամեծ բաներ էր խնդրում:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

31.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․