Գրքեր

Քարոզ Դատավորի կիրակիի

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն»:

Հիսուս հետևյալ առակը պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, թե պետք է աղոթել առանց վհատվելու. «Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո’չ Աստծուց էր վախենում և ո’չ էլ մարդկանցից ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, որ դիմում էր նրան և խնդրում՝ իրավունքս պաշտպանիր իմ հակառակորդից: Դատավորը երկար ժամանակ մերժում էր դատը տեսնել, սակայն ի վերջո ինքն իրեն ասաց. թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից էլ չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով՝ չանհանգստացնի ինձ»: Ապա Տերը շարունակեց. «Լսեցեք, թե ինչ է ասում այս անիրավ դատավորը, իսկ Աստված ինչքա՞ն կհամբերի իր ընտրյալների կրած անիրավությանը, չի՞ պաշտպանի նրանց, որոնք գիշեր ու ցերեկ դիմում են Իրեն: Այո’, ասում եմ ձեզ, նրանց իրավունքն իսկույն կպաշտպանի: Բայց մարդու Որդին երբ գա, արդյոք հավատք կգտնի՞ երկրի վրա (հմմտ. Ղուկ. ԺԸ 1-8):

Ահավասիկ Մեծի Պահոց հինգերորդ կիրակին է, երբ բոլորս ապաշխարանքի աղոթքներով կդիմենք մեր Աստծուն, որպեսզի Նա մեզ զորացնի, մեզ մաքրի և մեզ դեպի աստվածգիտության լույսն առաջնորդի: Որովհետև այս շրջանը մենք կուզենք արժևորել Աստծու հանդեպ մեր ունեցած հավատը զորացնելով, Նրա իմաստությամբ և Սուրբ Հոգու շնորհներով այնպես մաքրվելու, որ մեր մեջ վերականգնվի Աստծո այն պատկերը, որ, ցավոք, ամեն օր աղարտվում է այս աշխարհի վրա:

Իրոք միակ փրկարար ուժն աղոթքն է: Այն ուղղակի կապն է, առանց միջնորդության հարաբերություն Աստծո հետ, որով Աստված կայցելի մեզ, և մենք Աստծո ուղիղ և արդար ճանապարհներին մեջ կմնանք: Ահավասիկ այսօր մեր Եկեղեցին մեր ուշադրության կհանձնի առակ մը, որ մեզի կսորվեցնե ոչ թե ինչ է աղոթքը, այլ ինչպես պետք է աղոթել Աստծո: Ղուկաս ավետարանիչ կըսե. «Հիսուս այս առակը պատմեց՝ ցույց տալու համար, թե ինչպես պետք է աղոթել»:

Դատավորի այս առակը չի պատգամեր, թե մենք բոլորս դատաստանի ենթարկվելիք մարդիկ ենք և պետք է հիմիկվանից այնպես պատրաստվինք, որ երբ այդ դատաստանի օրը գա՝ արդարանանք: Որովհետև քրիստոնյաներս գիտենք, որ մենք մեղավոր ենք, և ուր մեղքը կա, այնտեղ դատաստան կա: Բայց իսկական քրիստոնյան Մեծի Պահոց շրջանին կուզի Աստծու հետ այնպես հաշտվել, որ այդ դատաստանը մեր անմահության և մեր հոգին փրկող արարքի վերածի ու ոչ թե պատժի: Եվ դրա համար պետք է լավ հասկանալ, թե մեր մեծագույն Ուսուցիչը, մեր ամենամեծ Վարդապետը՝ մեր Տերը, ինչ է ասում աղոթքի մասին:

Մեր Տերը կըսե, թե պետք է մի՛շտ աղոթել, ճիշտ այրի կնոջ նման: Այրիներն ընդհանրապես ընկերության մեջ տկար, անպաշտպան արարածներ են, որոնց ո՛չ ոք իրավունք կտա: Բայց այս այրի տիկինը իր իրավունքին տիրացավ, կրցավ իր նպատակին հասնիլ, կրցավ արդարության մոտենալ, որովհետև հարատևորեն, միշտ և կանոնավոր կերպով իր աղոթքը ըրավ այն իմաստով, որ իր իրավունքը պաշտպանեց: Եթե մեկ անգամ միայն ուզեր իր իրավունքը, եթե մեկ-երկու հայց ներկայացներ իր դատավորին, պիտի ստանա՞ր իր իրավունքը: Իսկ մենք որքան հաճախ կըսենք. «Ես աղոթել եմ Աստծուն, և Աստված ինձ չի պատասխանում: Չպիտի այլևս աղոթեմ. մեկ անգամ եմ աղոթել, երկու անգամ եմ Աստծուն դիմել, այլևս Աստված ինք թող տնօրինի պետք եղածը»:

Քրիստոնյա աշխարհին համայն այսօր կըսվի, թե կիրակի օրերու քրիստոնյա են միայն: Շաբթվան ամբողջ օրերը մեր Տերը կմոռնանք, նրա պատվիրանները կմոռնանք և միայն կիրակի օրը մի քանի ժամ մեր Տերը կհիշենք, իսկ մնացյալ ժամանակները՝  կրկին կվերադառնանք մեր աշխարհիկ կյանքին:

Եթե կուզենք Աստծո նմանիլ, եթե կուզենք զԱստված գտնել, եթե կուզենք Աստծո շնորհքին արժանանալ, հարատև, կանոնավոր և հետապնդված պետք է ըլլա մեր ճիգը զԱստված փնտրելու և Անոր մերձենալու համար: Երկրորդ պատվերը մեր Տիրոջ այն է, որ աղոթքի ատեն պետք է կատարյալ վստահությամբ աղոթել:

Առանց վստահության որևէ մեկուն եթե մենք կդիմենք, կեղծիք է: Եթե չենք վստահեր Աստծո և կերթանք Աստծո, մի քանի բան ուզելու կամ մեկ-երկու փառաբանական խոսք ըսելու, ստախոս ենք: Մենք Աստծո արժանի զավակները չենք դառնար, եթե Աստծո մեր ասելիքը, եթե Աստծուց մեր խնդրելիքը Նրա հարազատ ճանաչողութենեն, Նրան որդիության զգացումեն և Աստծո Հայրության ապրումեն չի բխիր: Սուտ են, փուչ են մեր բոլոր արածները: Ո՛չ իրավունք կհասնի մեզ, ո՛չ էլ խնդրանքը կհասնի Աստծո և ո՛չ ալ մենք կհասնինք մեր նպատակին: Ամեն ինչ կյանքին մեջ մեր ձեռքեն կփախնի և մեր հակակշիռից դուրս կուգա, եթե վստահության զգացումով չեն տոգորված մեր բոլոր խոսքերն ու մտածումները:

Սիրելի քույրեր և եղբայրներ, վստահ եմ, որ այս բոլորը լսելեն ետք ոմանք կըսեն. «Դյուրին է քարոզելը, բայց որքա՞ն դժվար է հավատալը, թե ինչ որ կխնդրենք Աստուծմե, իրավ կտրվի մեզի, կամ եթե Աստծո ներկայանանք վստահությամբ, ամեն ինչ կգտնենք»:

Ղուկաս ավետարանիչը, որմե առնված է այս առակը, իր Ավետարանը գրած է քաջալերելու առաջին դարու այն բոլոր քրիստոնյաները, որոնք ամեն օր չարչարանքի մեջ էին, բանտերու մեջ զրկանքներու կենթարկվեին, կնետվեին առյուծներու դիմաց, կչարչարվեին իրենց քրիստոնեական հավատքի համար և կնահատակվեին: Ահա նրանց համար է այս Ավետարանը, այս խոսքը իրենց համար է, որ իրենց Աստծո հանդեպ ունեցած վստահության մեջ պինդ մնան, որ իրենք Աստծո որդիության զգացումին մեջ ապահով մնան:

Հեթանոսական բարքերը, աշխարհիկ այն խոստումները, որոնք իրենց կշռայլվեին հավատը ուրանալու համար, բայց մանավանդ սուտ, կեղծ աղանդները և մարգարեները, որոնք մտել էին քրիստոնեական Եկեղեցիին մեջ, այդ հավատը կքանդեին և շատերու կորստյան պատճառ կդառնային: Ուստի առակին վերջը Ղուկաս ավետարանիչ կհիշե Քրիստոսի մեկ խոսքը, թե «երբ մարդու Որդին գա, արդյո՞ք հավատք կգտնի երկրի վրա»:

Մեր Տերը գիտեր, որ չպատասխանված աղոթքները մեր հավատքը կքանդեն, ինչպես և մենք կկարծենք, թե Եկեղեցում կատարած աղոթքները տեղ չեն հասնիր: Այսօր չե՞ք լսեր, հարազատներ, թե մեր ժողովուրդը ինչ կըսե երբեմն. Եկեղեցի կերթանք, ո՛չ Աստված մեզի բան կուտա, ո՛չ հոգևորականները մեզ կօգնեն: Մեր երիտասարդ հոգևորականներեն չենք լսեր, ինչպես ես իմ ուսանողներես կլսիմ, որ «Սրբազան, կերթանք, կքարոզենք, մեր ամբողջ հոգին կդնենք, բայց ժողովրդին մեջ հավատ չենք տեսներ»:

Մենք կակնկալենք, որ Աստված մեր հարմար տեսած ժամանակին և որ մեր պահանջած ձևով պատասխանի մեր խնդրանքներին: Սակայն ճի՞շտ է, Աստված անպայմանորեն տվյալ ժամանակի՞ն մեջ պետք է պատասխան տա: Աղոթքը Ալադինի լապտե՞րն է, որ Աստված տվեր է մեր ձեռքը, որպեսզի ամեն անգամ, երբ իրեն դիպչենք, մեր ցանկացած պահանջքին գոհացումը գտնենք: Եկեք պահ մը ընդունինք, որ իրականությունն այդպես ըլլար:

Քրիստոս երբ Գեթսեմանիի պարտեզին մեջ կաղոթեր՝ «Աստված, այս բաժակը ինձմեն հեռացուր», եթե նույն պահուն Աստված գար, մեր Տերը փրկեր, մենք փրկության պիտի արժանանայի՞նք, Իր խաչի շնորհքին, չարչարանքների շնորհքին և Հարության պիտի արժանանայի՞նք:

Պատկերը փոխադրենք մեր Եկեղեցվո կյանքին մեջ: Եթե Գրիգոր Լուսավորչին ամեն մեկ-երկու ապտակեն վերջ Աստված գար և չարչարանքներեն ազատեր, մենք Սուրբ Էջմիածինը պիտի ունենայի՞նք, հայ ժողովրդին դարձը պիտի իրականանա՞ր:

Եթե Մեսրոպ Մաշտոց տարիներ անքուն մնացած և աղոթած շրջանին մեկ-երկու օրեն լքեր իր գործը և թողներ Այբուբեն գտնելու իր ճիգը, մենք երկնապարգև հայոց գրերը պիտի ունենայի՞նք: Նարեկացին իր վանքին մեջ եթե իր եղբայրներուն կողմե չչարչարվեր, չհալածվեր և առաջին հալածանքներեն փախներ ու երթար, պիտի կարենայի՞նք մենք հրաշագործ աղոթքներն ունենալ:

Աստված Իր ժամանակն ունի և Աստված Ինք գիտե՝ ինչ ձևով և ինչպես պատասխանել մեր աղոթքներուն: Բայց, ժողովուրդ, բոլորիս պարտականությունն է՝ հավատը պահել: Առանց հավատի չկա Աստուծո հասնիլ: Առանց հավատը պահելու չկա Եկեղեցի, առանց հավատի որևէ գանձ և որևէ մեկ հզորության աղբյուր և որևէ մեկ ստեղծագործ կյանքի աղբյուր չկա: Անոր համար կզգաք, թե Հայոց Եկեղեցին իրապես որքան կմտահոգվի, երբ հավատի պակաս տեսնե իր ժողովրդի կյանքին մեջ և կամ մեկ-երկու աղոթքեն վերջ մեր ժողովուրդը թողնի և գնա աղանդների, հերետիկոսների և աշխարհի մեջ իրեն փառք խոստացողների ետևից:

Եթե այսօր մեր Տիրոջմեն և Աստուծմե մեկ բան պետք է սորվենք, հավատով աղոթելն է հավատը պահելու համար և Աստուծո օրհնանքը երկինքեն երկիր հասցնելու համար:

Ապաշխարության այս օրերուն իրոք բոլորս իրարու սիրտ տանք, որ հետևողականորեն և սրտանց աղոթենք, Աստծուն վստահելով աղոթենք և այդպես աղոթելով մեր Եկեղեցվո հավատը պահենք: Այսպիսո՛վ միայն փրկության հավատը կզորանա մեր հոգիներու մեջ, և մենք վստահորեն կրնանք դիմագրավել ամեն տեսակի զրկանք և փորձություն:

 

Տ. Տաթև արք. Սարգսյան

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Դատավորի կիրակիին մատուցված Ս. Պատարագին, 30 մարտի 2003 թ.)

 

 

26.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․