Գրքեր

Քարոզ Երկրորդ Ծաղկազարդի

«Ովսաննա Բարձրելոյն: Օրհնեալ որ գասդ յանուն տեառն»:

«Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, որ գալիս է Տիրոջ անունով» (Մարկոս 11:9):

Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ.

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Երկրորդ Ծաղկազարդը: Եթե Առաջին Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը երկրային Երուսաղեմ, որի ժամանակ մանուկներն օրհնում ու փառաբանում էին Աստծո Միածին Որդուն, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը երկնային Երուսաղեմ, որի ժամանակ հրեշտակներն էին փառաբանում Աստծուն:

Սիրելինե՛ր, մենք շատ բան ունենք սովորելու երեխաներից: Քրիստոս ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի Արքայությունը չեք մտնի (Մատթեոս 18:3): Կյանքը Աստվածապարգև է, և այն պետք է անցկացնել Աստծուն փառաբանելով, ինչպես արեցին մանուկները Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի ժամանակ: Նրանք ընտրել էին լավագույն մասը՝ Աստծո հետ հաղորդակցումը, ինչպես ասում է Քրիստոս Մարթային Մարիամի համար, երբ նա, թողնելով տան աշխատանքը և նույնիսկ հյուրասիրությունը, նախընտրել էր Քրիստոսի մոտ նստել և լսել Նրան:

Երեխաների սերն ու նվիրվածությունը անշահախնդիր են: Նրանք՝ իբրև անպաշտպան էակներ, կպչում են իրենց ծնողներին ու փնտրում նրանց պաշտպանությունը: Ապահովության զգացում ունենում են միայն ծնողների ներկայությամբ և նրանց գրկում: Այդպես էլ մեր և Արարիչ Աստծո փոխհարաբերությունն է: Նա մեր ծնողն է, Որն իր պատվիրաններով միայն մեր բարին է կամենում: Մարդու համար սահմանված պատվիրանները ծառայում են միմիայն նրա բարօրությանը: Պատվիրանապահությունը հարկադիր և ստիպողաբար չէ, Տերը այն մեզ չի պարտադրում: Պատվիրանապահությունն է, որ մեզ պահում է Աստծո գրկում: Ադամի և Եվայի պարագայում մարդը չպահեց միակ պատվիրանը և ըմբոստացավ Աստծո դեմ, և ծնվեց մեղքը, իսկ Աբելի և Կայենի ժամանակ մարդը, ըմբոստանալով Աստծո պատվիրանների դեմ, մեղանչեց մարդու դեմ: Եվ երկու դեպքում էլ մեղքերը մարդուն երջանկություն չբերեցին, մարդն ընկավ թշվառության ու խավարի մեջ:

Մարդուն արարել է Աստված, և Աստծո դեմ մարտնչելով, մեղանչելով և Աստծուն անարգելով՝ մարդը երբեք երջանկություն չի գտնի ո՛չ երկրի վրա և ո՛չ երկնքում: Քիչ էր, որ հրեաները խաչեցին Քրիստոսին, նրանք հալածեցին և սպանեցին նաև Նրա աշակերտներին ու հետևորդներին նույնպես: Գործք առաքելոցում պատմվում է, որ «որոշ թվով հրեաներ ժողով անելով՝ նզովեցին իրենք իրենց, որ, մինչև Պողոսին չսպանեն, ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն: Եվ քառասունից ավելի էին նրանք, որոնք իրար հետ այս երդումն էին արել» (Գործք 23: 12, 13): Մենք չպիտի կարծենք, թե համառ անհնազանդությամբ հնարավոր է երջանկություն գտնել, որպեսզի, Աստծո ծրագրերի դեմ պայքարելով, անիմաստ չանցկացնենք Աստվածապարգև մեր կյանքը:

Իսկ ի՞նչ է տալիս Աստծո նկատմամբ անհնազանդությունը մարդուն: Երբևէ մտածել ե՞նք այդ մասին: Արդյո՞ք մարդը Աստծո նկատմամբ իր անհնազանդությամբ երջանկություն է արարում ինքն իր համար, արդյո՞ք մարդու վազքն ու անխոնջ աշխատանքը իր համար ապահովում են խաղաղ և առողջ կյանք, արդյո՞ք մարդուն բավարար և բավական են միայն աշխարհիկ վայելքները, և Նա հոգևոր կարիքներ ու պահանջներ չունի: Եթե մարդը նախապես հիշի, որ Աստված առաջին հերթին հոգատար հայր է, չի հեռանա Նրանից, որ հետո որպես բժիշկ չփնտրի Նրան, Որը պիտի հոգա իր կարիքներն ու աշխարհում ստացած իր վերքերին դեղ ու դարման անի:

Աստծո հետ կյանքը քաղցր է և ազնվագույն, այն չի վնասում մարդուն, այլ միայն բուժում է և մաքրագործում նրան: Աստծո գրկում ոչ միայն պաշտպանվածություն կա, այլ նաև աննկարագրելի ապահովություն, որը մարդը անվերջ փնտրում է: Աշխարհում հնարավոր չէ կառուցել, ստեղծել կամ հնարել ինչ-որ մի բան, որ ապահովության զգացում տա մարդուն: Ունայն է ամեն ինչ, եթե Աստված մեզ հետ չէ: Ոչինչ մեզ փրկել, երջանկացնել կամ սրբացնել չի կարող, որովհետև մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն է, որ մեզ ազատագրում է մեր մեղքերից, պարգևում է խաղաղություն և անդորր, բժշկություն և մխիթարություն, հույս և Արքայություն:

Մինչև Տիրոջ Երուսաղեմ մտնելը Երիքովի կույրերը խնդրեցին Նրան, որպեսզի ողորմա իրենց: Մենք էլ նրանց նման պիտի աղաղակենք, որպեսզի Տերը ողորմա մեզ բոլորիս, բուժի մեր հոգու ախտերը, որպեսզի մենք էլ կարողանանք մտնել Տիրոջ քաղաքը՝ Երուսաղեմ, որովհետև Տերն ասում է. «Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ. որովհետև ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի: Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթե հաց ուզի, միթե քա՞ր կտա նրան, և կամ եթե ձուկ ուզի, միթե օ՞ձ կտա նրան: Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք ձեր որդիներին բարի պարգևներ տալ, որքա՜ն ևս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ նրանից ուզում են» (Մատթեոս 7:7-11): Աստծո սերը մեծ է և անչափ: Անառակ որդին վերադարձավ հոր տուն, և ոչ մի նախատինքի խոսք չլսեց: Հայրն առաջինը վազեց դեպի որդին և ուրախությունից մորթեց պարարտ եզը: Այդպես մեր Երկնավոր Հայրն է, որ այնքան սիրեց մարդուն, որ Իր Միածին Որդուն տվեց հանուն այդ մարդու փրկության: Առավել մեծ սեր երկրագնդի վրա հնարավոր չէ պատկերացնել: Մարդու փրկության համար Աստված խաչվեց, թաղվեց և հարություն առավ: Առ այսօր սուրբ եկեղեցիների խորաններին Քրիստոս շարունակաբար պատարագվում է, որպեսզի մարդը մեղքի և անմաքրության մեջ հավերժ չկորչի, այլ փրկություն և հավիտենական կյանք ունենա:

Ուստի՝ պետք չէ անառակ որդու պես խոզի կերը ճաշակելուց հետո գիտակցել մարդկային թշվառությունը, որովհետև միգուցե անառակ որդու պես կարծենք, որ մեր Ծնողը մեզ պետք չէ: Հարկ է, որ մենք մանուկների նման կարողանանք անկեղծ սիրով սիրել մեր Երկնավոր Ծնողին, անմնացորդ կերպով Նրան վստահենք մեր կյանքը և անպայման պիտի պաշտպանված լինենք այս կյանքի փոթորկալից հողմերից: Մի րոպե անգամ կասկածել պետք չէ Աստծո սիրուն, որովհետև Աստծո սիրո ամենավառ ապացույցը Խաչյալ Քրիստոսն է: Ծնող-զավակ փոխհարաբերության մեջ գնահատենք Աստված-մարդ հարաբերությունը: Ինչպես մեզ համար են անչափ թանկ մեր զավակները, այնպես էլ մենք ենք թանկ Աստծո համար, և Նա չի կամենում մեր մահն ու կորուստը, այլ կամենում է մեր դարձն ու փրկությունը: Նա ոչ միայն մեզ փրկություն է պարգևել Իր Որդու խաչելությամբ, այլև Իր Որդու հարությամբ խոստացել է հարություն և հավիտենական կյանք:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

02.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․