Գրքեր

Քրիստոնյան, լինելով աշխարհի լույսը, չպետք է թաքցնի իր քանքարները

Աշխարհում ապրող յուրաքանչյուր անձ կարող է լուսավորվել ճշմարիտ լույսով՝ մեր Տեր  Հիսուս Քրիստոսով, որ Իր մասին ասել է. «Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք» (Հովհ. 8:12): Տերը լուսավորեց աշխարհն Իր աստվածային ուսմունքով, Իր սուրբ կյանքով և պատգամեց Իր հետևորդներին աշխարհի լույսը լինել. «Դո՛ւք եք աշխարհի լույսը: Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել: Ոչ ոք ճրագը վառելով կաթսայի տակ չի պահում, այլ այն դնում է աշտանակի վրա, որպեսզի լույս տա տան մեջ գտնվողներին: Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:14-16):  

Ովքե՞ր են այն ճրագները, որ լուսարձակել և լուսարձակում են Քրիստոսի լույսը՝ տարածելով ամենուր: Աշխարհի առաջին ճրագները Քրիստոսի կողմից ընտրված առաքյալներն էին: Նրանք տարածեցին Քրիստոսի աստվածային ուսմունքը ողջ աշխարհով մեկ, ընդօրինակեցին Քրիստոսին և Նրա հետքով քայլեցին: Նրանք փայլեցին աշխարհում Փրկչի հանդեպ ունեցած իրենց մեծ սիրով, մերձավորների փրկության համար իրենց կյանքը տալու պատրաստակամությամբ: Նրանք Քրիստոսի ուսմունքի ճշմարտացիությունն իրենց կյանքով վկայեցին, քանի որ գործերի լույսը նույնքան պարզ և արդյունավետ է, որքան վարդապետության լույսը:    

Եկեղեցու հայրերը, անդրադառնալով առաքյալների գործունեությանը, նշել են, որ նրանք կոչված էին՝ մտքով կույրերին լուսավորելու, բարոյապես մահացածներին կենդանացնելու, անհավատներին հավատքի բերելու, մեղավորներին ապաշխարության առաջնորդելու: Ինչպես արևն է իր լույսը տալիս լուսնին, այնպես էլ Տերն Իր շնորհի լույսով լուսավորեց առաքյալներին, նրանց միջոցով էլ ողջ աշխարհին: Ինչպես արևի լույսն է ցրում խավարը, այնպես էլ առաքյալները Ավետարանի լույսով ցրեցին կռապաշտության խավարը: Արևը ոչ միայն լուսավորում, այլ նաև ջերմացնում է. առաքյալները Քրիստոսի շնորհով ջերմացրին մարդկանց կարծրացած սրտերը և կենդանացրին՝ բարին գործելու համար:

Առաքյալների իրավահաջորդները քրիստոսահիմն Եկեղեցու հոգևորականներն են, որ իրենց ծառայասիրությամբ և Աստծու փառքի հանդեպ նախանձախնդրությամբ աստվածային լույսն են տարածում ամեն օր: Որտեղ էլ որ լինեն Քրիստոսի հետևորդները, ճրագների նման լուսավորում են իրենց շուրջը: Մարդու հոգում բարության բնական կայծ կա և այդ կայծը լավագույնս վառվում է բարության ու ճշմարտության օրինակով: Տերը պատվիրեց իր բոլոր հետևորդներին աստվածային լույսի տարածողները լինել և իրենց խոսքով ու կյանքով իրենց մերձավորների հավատքի զորացման պատճառ հանդիսանալ: Որքան քրիստոնյայի մեջ աճում է սերը, հավատը և բարեպաշտությունը, այնքան առավել է աճում նախանձախնդրությունը՝ Աստծու այգում Աստծու փառքի համար գործելու:

Փրկիչն Իր փրկարար արյունը թափեց բոլորի համար և բոլորի համար դուռ բացեց դեպի Երկնային Արքայություն: Մարդկանցից յուրաքանչյուրն իր կյանքով կա՛մ նպաստում, կա՛մ խոչընդոտում է Քրիստոսի լույսի տարածմանը: Ամեն մի արարք՝ լավ թե վատ, որքան էլ աննշան լինի, ազդեցություն է թողնում, այսինքն՝ յուրաքանչյուրն իր գործունեությամբ իր նպաստն է բերում ընդհանուր բարոյական կյանքին, որտեղ ոչինչ անհետք չի անցնում: Այն, որ փոքր բարի գործն էլ կարող է մեծ ազդեցություն թողնել, վկայում է Ավետարանում նկարագրվող այրի կնոջ պատմությունը, որ տաճարի գանձանակում երկու լումա գցեց, և Տերը նրան հայտնի դարձրեց որպես ճշմարիտ գթասրտության օրինակ:

Ոչ ոք չի կարող ասել, որ ինքը հասարակության մեջ այնպիսի դիրք չի զբաղեցնում, որ իր կյանքով ու գործով հետք թողնի Աստծու այգում: Մի փոքր լույսն անգամ մոլորված ճամփորդին կարող է առաջնորդել և փրկել մահվանից: Մի խոսքով՝ բարի գործի ազդեցությունը միշտ իրական է, բայց ոչ միշտ զգալի: Քրիստոնյայի աստվածահաճո կյանքը կարող է ազդել նաև նրանց վրա, ովքեր չեն ճանաչում ճշմարիտ Աստծուն: Որքան բարձր է մարդու զբաղեցրած պաշտոնը, այնքան մեծ է նրա ազդեցությունը մարդկանց վրա, այսինքն՝ բարձր պաշտոն կրողը պետք է ուշադիր լինի իր գործունեության մեջ, քանի որ մեծ պատասխանատվություն է կրում Աստծու և մերձավորների հանդեպ: Որքան բարձր է տեղանքը, այնքան ավելի լայն է հորիզոնը, այնքան աչքը կարող է ավելի հեռուն տեսնել: Հասարակական կյանքում բարձր դիրք զբաղեցնողը կարող է հավատքի և առաքինության լույսը տարածող լինել՝ նպաստելով Աստծու անվան փառքի տարածմանը:

Ըստ հայրաբանության՝ քրիստոնյաները, լինելով աշխարհի լույսը, չպետք է թաքցնեն իրենց քանքարները (Մատթ. 25:18), այսինքն՝ իրենց առաքինությունները: Ինչպես լեռան վրա կառուցված քաղաքը չի կարող թաքնվել, այնպես էլ Աստծուն մոտեցած հոգին, որ զարդարված է առաքինություններով, չի կարող թաքնվել ուշադիր աչքերից:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

 

20.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․