Գրքեր

Սաղմոս ՃԼԳ

Երգ գաղթի

Երբ ավարտեցին դարձը և հասան Երուսաղեմ, հորդորում են միմյանց՝ ասելով.

1. Աստ օրհնեցէ՛ք ամենայն ծառայք Տեառն, զՏէր, ո կայք ի տուն Տեառն, և ի գաւիթս Աստուծոյ մերոյ:

Այստեղ օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրոջ բոլոր ծառաներ, որ գտնվում եք Տիրոջ տանը և մեր Աստծու գավիթներում:

Առաջին, միջին և վերջին [ծառաներ], նաև վերջին զորությունները՝ մեզ հետ միաբանված: Եվ օրհնեցե՛ք Տիրոջը մեզ համար, որ գտնվում եք Տիրոջ տանը՝ տաճարում ու գավթում: Եվ սա է սեփական վայրում Աստծուն օրհնելը, որտեղ փառքը բազմապատկվելով՝ փոխադրվեց սուրբ եկեղեցուն, և որտեղ Քրիստոսի արյամբ գնվածներն օրհնում են Աստծուն:

2. Ի գիշերի համբարձէ՛ք զձեռն ձեր ի սրբութիւն և օրհնեցէք զՏէր:

Գիշերը դեպի սրբություն պարզեցե՛ք ձեռքերը ձեր, և օրհնեցե՛ք Տիրոջը:

Հայտնի է, որ հսկում են անում խնդությամբ, որ հնում երգիչներն այնտեղ կանգնելով աղոթում էին և երեկոյան ժամին ասում, թե այստեղ օրհնեցե՛ք և տուն մի՛ գնացեք: Եվ գիշերը դեպի սրբություն պարզեցե՛ք, ինչպես որ հաստատված է այս սաղմոսը կիրակնամուտին ասել, և ըստ առաքելադիր սահմանման՝ կիրակի օրը գիշերային հսկում անել: Գիշերը, որ առավել պատշաճ ժամանակ է Աստծուն օրհնելու, միտքը վարժեցնել զգայարանների խուճապին: Պարզեցե՛ք, ինչպես մտքերն ու խորհուրդները, և որպես բանական պաշտամունք և նվեր ձեռքերի վրա բարձրացրած՝ դեպի վեր՝ Աստծուն նվիրաբերենք՝ ըստ առաքյալի. «Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքերը բարձրացնեն դեպի վեր (Ա Կորնթ. 2:8), ինչպես որ այստեղ է ասում՝ դեպի սրբություն: Իսկ մյուս թարգմանիչն ասում է. «Սրբությա՛մբ օրհնեցեք Աստծուն», և ուրիշ մեկն էլ ասաց, թե սա մեզ հասած հայրենի ժառանգություն է. աղոթքի կանգնել, ձեռքերը վեր բարձրացնել, կարծես թե աղոթք լսողը բոլորից վեր է: Ձեռքերի սրբություն կաշառքից, փափկություններ շոշափելուց, գրկախառնվելուց, ծիծաղելուց, սպանելուց, նաև ողորմությամբ աղքատներին մեկնելը ձեռքերի սրբություն է, որպեսզի չլսենք, թե՝ «Ձեր ձեռքերը լի են արյունով» (Ես. 1:15):

3. Օրհնեսցէ զմեզ Տէր ի Սիովնէ, որ արար զերկինս և զերկիր:

Թող Տերն օրհնի մեզ Սիոնից, նա, որ երկինքն ու երկիրը ստեղծեց:

Քանզի մեր օրհնությունը Սիոնից է, և նա օրհնելու է մեզ: Հրեաները կարծում են, որ բարիքն այնտեղից է, իսկ մենք՝ Երկնային Սիոնից: Որ երկինքն ու երկիրը ստեղծեց, քանզի չի բովանդակում այնտեղ, և նրան են երկինքն ու ամբողջ աշխարհը:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

08.06.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․