Գրքեր

Սեփական կամքը կարելի է հատել մի պարզ եղանակով՝ սիրո միջոցով

Մեր աղոթքները լսելի չեն լինում, քանի որ մենք արժանի չենք լինում։ Պետք է դառնալ արժանի, որպեսզի աղոթել։ Մենք արժանի չենք, քանի որ չենք սիրում մեր մերձավորին այնպես, ինչպես՝ ինքներս մեզ։ Քրիստոս ի՞նչ է ասում․ «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր» (Մտթ․ 5։23, 24):

Աղոթքը սկսելուց առաջ նախ գնա ու հաշտվիր եղբորդ հետ, ներողություն խնդրիր, որպեսզի դառնաս արժանի։ Եթե դա տեղի չունենա, չես կարողանա աղոթել։ Եթե դու անարժան ես, ապա ոչինչ անել չես կարողանա։ Իսկ երբ ամեն ինչ կարգավորես ու պատրաստվես, այդժամ գնա և ընծադ մատուցիր։

Արժանի են դառնում նրանք, ովքեր կամենում ու փափագում են Քրիստոսինը լինել, ովքեր հնազանդվում են Աստծու կամքին։ Սեփական ցանկությանը չհետևելը շատ կարևոր է, ամեն ինչ է։ Ծառան սեփական կամք չունի։ Իսկ սեփական կամքը հատել հնարավոր է մի պարզ եղանակով՝ Քրիստոսի հանդեպ սիրո միջոցով ու Նրա պատվիրանները կատարելով։

«Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան» (Հովհ․ 14։21)։

Սխրանք է անհրաժեշտ։ Մենք պետք է պատերազմենք «այս խավար աշխարհի տիրակալների հետ» (Եփես․ 6։12)։ Մենք պետք է մարտնչենք մռնչացող առյուծի դեմ (Ա Պետ․ 5։8)։ Չի կարելի թույլ տալ, որ կռվում անընդհատ բանսարկուն հաղթի։

Դրա համար անհրաժեշտ են արտասուք, ապաշխարություն, աղոթք, ողորմություն, Քրիստոսի հանդեպ վստահությամբ ուղեկցվող աղերս, իսկ մենք թերահավատ ենք։ Միայն Քրիստոս կարող է փրկել մեզ ճնշող միայնությունից։ Աղոթք, ապաշխարություն ու ողորմություն։ Թեկուզ մի բաժակ ջուր տվեք, եթե փող չունեք։ Եվ իմացեք, որ ինչքան շատ եք սրբագործվում, այդքան ավելի են լսելի դառնում ձեր աղոթքները։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

29.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․