Գրքեր

«Սերն է Արքայության բանալին և հավիտենական կյանքի ճանապարհը»

Աստված սեր է և դեպի Նրան կարելի է գնալ միայն սիրո ուղիով: Նեղ և դժվարանցելի ուղին հեշտանում է, երբ հիշում ենք, որ նախ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, անցավ այդ ուղիով՝ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16), երբ հիշում ենք, որ դա միակ ճանապարհն է դեպի հավիտենական կյանք տանող, և որ սիրառատ Հայրը, զորակցելով և ընդառաջ գալով, ուրախությամբ սպասում է բոլոր նրանց, ովքեր ընտրել են այդ ուղին:

Մեծագույն և կարևորագույն պատվիրանը սիրո պատվիրանն է. «Սիրի՛ր քո տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով» և երկրորդը սրա նման է. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես» (Մատթեոս 22:37-39): Պատվիրանները փոխադարձաբար կապված են միմյանց, հնարավոր չէ առաջինը կատարել առանց երկրորդի: Սբ. Հովհաննես առաքյալն ասում է. «Այն մարդը, որ ասում է՝ «Ես սիրում եմ Աստծուն», բայց ատում է իր եղբորը, ստախոս է: Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում: Մինչդեռ Քրիստոսի՝ մեզ տված պատվերն այս է. ով սիրում է Աստծուն, նա պետք է իր եղբորն էլ սիրի» (Ա Հովհաննես 4:20-21):

Սիրո ուղին առավել դժվարանցելի է դառնում նրա համար, ում հոգում եսասիրությունը, հպարտությունը, ատելությունը և ուրիշ մեղքեր անհաղթահարելի սարերի են վերածվել: Այս դեպքում տեղին է հիշել Քրիստոսի մխիթարիչ խոսքը, թե՝ մարդկանց համար անհնարինը հնարավոր է Աստծո համար (Մարկոս 10:27): Քաջություն և ջանք է պետք, ըստ եկեղեցու հայրերի, տեղաշարժելու համար մեղքերի լեռները, որ խանգարում են սիրել: Համբերությամբ պայքարողն ստանում է Աստծո օրհնությունն ու հոգևոր պարգևները՝ տանելու համար իր խաչը: Աստված մեզ չէր տա սիրո պատվիրանը, եթե այն անհնարին լիներ կատարելը:

Աստվածահաճո կյանքով ապրելու համար, հարկավոր է երբեմն-երբեմն այս հարցադրումն ունենալ՝ որքանո՞վ եմ սիրում Աստծուն և իմ մտերիմներին: Սովորաբար սիրող անձն անընդհատ մտածում և խոսում է նրա մասին, ում սիրում է: Աստծուն սիրող անձն որքա՞ն հաճախ է հիշում, մտածում և խոսում Նրա մասին, ձգտում ունի՞ վայելելու Նրա ներկայությունը, կամ աղոթելիս միայն շրթունքներն են աղոթում, թե՞ միտքը ևս, Աստծո տանը ներկա է միայն մարմնով, թե՞ մտքով և հոգով ևս:

Սիրո պատվիրանի գործադրումն սկսում է նախ ընտանիքից. ինքնախաբկանքի մեջ է հայտնվում այն մարդը, ով խոսում է սիրո մասին՝ անտեսելով իր իսկ ընտանիքի անդամին: «Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի: Մեծագույն սերն այն սերն է, որով մարդ ինքն իրեն զոհում է իր բարեկամների համար»,- ասում է Քրիստոս (Հովհաննես 15:12-13): Ռուս գրող Նիկոլայ Գոգոլը հորդորում է մարդկանց ոչ թե ուշադիր լինել իմանալու համար, թե արդյո՞ք սիրում են մեզ մարդիկ, այլ՝ թե արդյո՞ք մենք սիրում ենք նրանց:

Աստվածային սիրո մեջ լինելն ենթադրում է մտածել, խոսել և գործել Տիրոջ կամքի համաձայն, քանի որ, Սբ. Պողոս առաքյալի խոսքի համաձայն, ինչ էլ որ անենք առանց սիրո զուր է և անօգուտ. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են: Եթե մարգարեության պարգև ունենամ, կարողանամ բոլոր խորհուրդների խորքը թափանցել ու հասնեմ ամբողջական գիտության, և եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ ուժեղ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ: Ինչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքը աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվում» (Ա Կորնթացիներ 13:1-4):

Ինչպես Հովհաննես Երզնկացին է ասել՝ ո՞վ կարող է պատմել սիրո անչափ մեծությունը, քանզի անճառ է և անպատում: Ինչպես անքննելի է աստվածության անեղ բնությունը, այնպես և սիրո բնությունը:

Եվ նրա խոսքով էլ սահմանափակենք մեր մտորումն այս անչափ մեծության մասին. «Եթե մենք սիրենք միմյանց, ինչպես որ Աստված սիրեց մեզ, ոչինչ է չարը, որ խափանի մեր սերը: Ուր սեր է, այնտեղ երկյուղ չկա: Սերը ոչ միայն հավիտենական կյանքում է իր խաղաղության պտուղը բերում, այլև այս աշխարհում է հալածում ամենայն թշնամություն, նախանձ և ատելություն, ոխակալություն և չարակնություն, չարախոսություն և հայհոյություն, տրտունջ և բամբասանք, հպարտություն և ինքնահավանություն և, մանավանդ, բոլոր չարիքների մայր արծաթասիրությունը և ագահությունը: Սերը մարդկանց դարձնում է Աստծո որդիներ և Երկնքի Արքայության ժառանգորդ»:

 

Կարինե Սուգիկյան

26.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․