Գրքեր

Սուրբ սիրով լվանալ նախանձը

«Ավելի կործանարար կիրք, քան նախանձը, մարդկային հոգում չի էլ ծնվում: Նա այնքան չի վնասում օտարներին, որքան՝ իրեն կրողին: Ինչպես ժանգն է քայքայում երկաթը, այդպես էլ նախանձը՝ այն հոգուն, որի մեջ նա ապրում է»,- ասել է Սբ. Բարսեղ Կեսարացին:

18-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա և գրականագետ Կլոդ Հելվեցիուսը նախանձի մասին ասել է, որ այն բոլոր կրքերից ամենանողկալին է և նախանձի անվան ներքո ատելությունն է, դավաճանությունն ու ինտրիգը:

Նախանձ մարդը տառապում է դիմացինի հաջողությունից և ուրախանում վերջինիս անհաջողությամբ: Նա տանջվում է առանց տանջողի: Նման մարդն անդադար փառքի է տենչում և չի հանդուրժում երկրորդը լինել:

Այս հիվանդությունը սնվում է մերձավորի հաջողություններից: «Մեկը քաջարի՞ է կամ մարմնի լավ կազմվածք ունի՞, դա խոցում է նախանձողին, մյուսի դեմքը գեղեցի՞կ է, դա նոր հարված է հասցնում նրան: Մեկը գերազանցում է բազմաթիվ հոգևոր առավելություններով, ուշադրության է արժանանում և իր ողջամտությամբ ու խոսքի ուժով, մյուսը հարո՞ւստ է, փառաբանվում է առատաձեռնությամբ՝ ողորմություններ տալով կարիքավորներին և իր բարերարությունների համար բազում գովասանքների է արժանանո՞ւմ: Ահա այս ամենը հարվածներ ու վերքեր են հասցնում նախանձողի սրտին» (Սբ. Բարսեղ Կեսարացի):  

Վտանգավոր այս մոլությունից առաջանում են այնպիսի չարիքներ, ինչպիսին երկերեսանիությունն է, կեղծավորությունը, ատելությունը, մարդասպանությունը և այլն: Նման մեկն արտաքինից սեր է ցուցադրում, սակայն սրտի խորքում թաքցնում է ատելություն:  

Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին նախանձը դասում է յոթ մահացու մեղքերի շարքը. այն հոգեպես սպանում է մարդուն՝ թույլ չտալով բարիք գործել: Նրանից մահ է հոսում. «Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմաստություն Սողոմոնի 2:24): Նախանձն ատելի մոլություն է. այն մեզ օտարացնում է Աստծուց և ոչնչացնում ամեն բարիք: Առաջին ընտանիքում այն, երկպառակություն առաջացնելով, թափել տվեց անմեղի արյունը: Կայենը, տեսնելով Աստծու կողմից իր եղբոր պատվի արժանանալը, լցվեց նախանձով և ոչնչացրեց պատվի արժանացածին: Հրեաների մեջ էլ տարածվեց այս ախտի չարությունը: Նրանք նախանձում էին Փրկչին, նախանձում էին այն հրաշքներին, որ Նա կատարում էր, նախանձում էին, որ կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, մեռելները հարություն են առնում, խուլերը լսում են:

Նախանձն է հաճախ պատճառը շատ կռիվների և ոճրագործ արարքների: Հովսեփի ստրկության պատճառը նրա եղբայրների նախանձն էր: Վերջիններիս նախանձն ու ատելությունն իրենց ստորացրին թե՛ Աստծու և թե՛ իրենց հոր առջև, իսկ Հովսեփի վեհանձն ընթացքը բարձրացրեց իր դիրքն ամեն տեղ: Հովսեփը համբերությամբ, աղոթքով և միշտ Աստծուն ապավինելով՝ դիմագրավեց իր հանդեպ տածած նախանձը, ատելությունն ու չար դիտավորությունները:

Հետևյալ պատմությունը ներկայացնում է նախանձի մոլության բարձրագույն աստիճանը. «Երեք հոգի գնում են թագավորի մոտ: Թագավորը հայտարարում է, որ ով ամենամեծ նախանձը ունենա՝ կպարգևատրվի: Երեքից մեկն ասում է՝ ես նախանձում եմ իմ եղբորը, մյուսը՝ ես նախանձում եմ իմ որդուն, իսկ երրորդը՝ ես նախանձում եմ ինքս ինձ, իմ հաջողություններին: Եվ թագավորը պարգևատրում է երրորդին»: Այսպիսի մարդու մասին է նկարագրում Սիրաքն իր իմաստության գրքում՝ ասելով. «Ավելի չար մարդ չկա, քան նա, ով չարակամ է ինքն իր նկատմամբ, և դա նրա չարության հատուցումն է» (Սիրաքի իմաստություն 14:6):

Նախանձ մարդը քայքայում է իր ամբողջ օրգանիզմը: Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին նախանձոտ մարդու պատիժն այսպես է նկարագրում. «Նախանձի հուրը կիզում է նրա երիկամներն ու սիրտը, կյանքը կարճանում է: Ահա սա է նախանձոտ մարդու ջանքերի ու գործերի արժանի հատուցումը. որովհետև ինչով որ մեղանչում է մեկը, նույնով և պատժվում է»: Եվ քանի որ նախանձողը չի խոստովանում այս հիվանդությունը և այն պահում է սրտի խորքում, ուստի այն ներքուստ ուտում է նրան: Այս հիվանդությունը վնասում է մեր կյանքը, թշնամացնում է Աստծու կողմից մեզ տրված ամեն բանի հանդեպ: Սողոմոն իմաստունը ոչ միայն արգելեց ճաշել նախանձ մարդու հետ, այլ ընդհանրապես, հեռու մնալ որևէ շփումից: 

Սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է, եթե որևէ մեկը եղել է շատ առաքինի մարդ, նույնիսկ՝ հրաշագործ, բայց դեռ պարտվել է նախանձից, ապա այդպիսի մեկը ոչ մի օգուտ չի ստանա իր գործերից, բավական չէ, նա Աստծու դատաստանի առջև կդասվի մեծ մեղավորների շարքում:

Սբ. Բարսեղ Կեսարացին նշում է, որ նախանձից տանջվողներն ավելի վնասակար են համարվում, քան՝ թունավոր գազանները: Ապա սուրբը նկարագրում է նախանձ մարդկանց արտաքինը. «Նախանձներին կարելի է ճանաչել հենց դեմքից. նրանց աչքերը չոր են ու անփայլ, այտերը կախված են, հոնքերը կիտած, հոգին պղտորված է կրքով, առարկաների մասին չի կարողանում ճիշտ դատողություններ անել: Ինչպես գիշատիչները, թռչելով բազմաթիվ մարգագետինների մոտով, բազում հաճելի ու բուրումնավետ վայրերով, ձգտում են ինչ-որ գարշահոտ բանի և ինչպես ճանճերը, շրջանցելով առողջին, շտապում են թարախի մոտ, այդպես էլ նախանձները, չնայելով կյանքի լուսավորության, մեծագույն արժանիքի վրա, հարձակվում են միայն փտած բանի վրա»:

Ինչպե՞ս չտառապել այս հիվանդությամբ, կամ, ընկնելով դրա մեջ, ազատվել դրանից: Սուրբ Գիրքը տալիս է այս հիվանդության դեղամիջոցը: Այս մեղքի դեղը մարդասիրությունն է. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7:12): Օգոստինոսը սերն է համարում մեծագույն ուժը նախանձի դեմ, իսկ Հերոնիմոսը զորությամբ մեծ է համարում նրան, ով խոնարհությամբ է հաղթում նախանձին:

Այս հիվանդությամբ չտառապելու կամ դրա մեջ ընկնելու դեպքում ազատվելու դեղամիջոցի մասին գրել է նաև Սբ. Բարսեղ Կեսարացին. «Կարող ենք երբևիցե չտառապել այս հիվանդությամբ, եթե մարդկային ոչ մի բան մեծ ու արտակարգ չհամարենք. ոչ այն, ինչ մարդիկ հարստություն են կոչում, ոչ խամրող փառքը, ոչ մարմնի առողջությունը, քանզի անցողիկ իրերից չէ, որ բարիք ենք ստանալու, այլ կոչված ենք մասնակից լինելու հավիտենական և ճշմարիտ բարիքներին»:

 

Գայանե Սուգիկյան

 

17.12.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․