Գրքեր

Տաճարն Աստծու տունն է

- Հա՛յր, շատերը կարծում են, որ պարտադիր չէ եկեղեցի հաճախել:

- Մարդիկ չեն ձգտում հասնելու բուն էությանը, կտրում են լարը, Աստծու հետ կապը, իսկ հետո արդեն այլևս ոչ մի տեղից օգնություն չեն ստանում: Ցավոք, քրիստոնյաների մեծ մասը չի մասնակցում խորհուրդներին, այդ պատճառով էլ գոյություն ունի դիվական ազդեցությունը:

Ես միշտ աշխարհականներին ասում եմ, որպեսզի եկեղեցի հաճախեն, քանի որ այնտեղ սրբագործվում են: Անգամ այն միտքը, որ Աստծու տաճար մտնելով՝ Աստծու տուն ես մտնում և այնտեղ ստանում աստվածային շնորհն ու սրբագործվում ես, բավարար է, որպեսզի մարդու սիրտը շարժվի: Տաճարում մեզ են նայում Քրիստոս, Աստվածամայրը, սրբերը, մենք նրանց օգնությունն ենք հայցում, կարող ենք ուղղակի խոսել նրանց հետ: Մենք այնտեղ Խորհուրդները վերապրելու հնարավորություն ունենք: Այնտեղ Քրիստոս պատարագվում է մեզ համար և Իր Մարմինն ու Արյունը տալիս է մեզ: Մի՞թե դա չպետք է խանդաղատանքով լցնի մեր սիրտը:

- Հա՛յր, ես այժմ եկեղեցի չեմ գնում հիվանդությանս պատճառով և կարոտում եմ պատարագները:

- Այժմ դու պետք է մի փոքր համբերես: Երբ ես ծառայում էի բանակում, և մենք մասնակցում էինք լեռներում մի գործողության, յոթ ամիս եկեղեցու երես չտեսա: Մի անգամ ինձ ուղարկեցին Նավպատկոս՝ շարժական ռադիոկապը վերանորոգելու, և ես պետք է իսկույն վերադառնայի: Արեցի ինչ անհրաժեշտ էր և վերադառնալիս կանգ առա ճամփեզրին գտնվող եկեղեցու մոտ: Մեծ Պահքն էր և ներսում կանոնն էին երգում: Ներս մտնել չէի կարող. ռադիոկապը մոտս էր, ժամանակ էլ չունեի: Միայն հինգ րոպե կանգնեցի դռան մոտ: Այնպես սրտնեղեցի, որ սկսեցի երեխայի պես լաց լինել: «Տե՛ր Աստված,- տրտնջում էի ես,- այս ո՜ւր եմ հասել: Դեռ մանկուց դպիրներից շուտ էի եկեղեցի գնում: Իսկ հիմա արդեն յոթ ամիս է եկեղեցու երես չեմ տեսել»:

- Հա՛յր, երբ հյուրատանը հնազանդությունն ավարտելուց հետո ուղիղ եկեղեցի եմ գնում, չեմ կարողանում կենտրոնանալ:

- Հյուրատնից գնում ես եկեղեցի: Եկեղեցուց Երկինք գնա, իսկ հետո ավելի հեռուն՝ Աստծու մոտ:

- Ինչպե՞ս դա անեմ, Աստծու փառքի մասին մտածելո՞վ:

- Տաճարն Աստծու տունն է այստեղ՝ երկրի վրա: Բայց Աստծու իսկական տունը դրախտում է, ինչպես և մեր իսկական տունն է դրախտում:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

06.07.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․