Գրքեր

«Զորավոր» երիտասարդաց միության վարդավառյան ուխտագնացությունը

Հուլիսի 24-ին՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր: Երիտասարդ ուխտավորները տոնական Ս. Պատարագին մասնակցեցին Սաղմոսավանքում (13-րդ դ.): Ազգային ավանդությունն այս սրբավայրի մասին պատմում է, որ Ս. Գրիգոր Լուսավորիչը Արագած լեռան վրա ճգնելիս երբեմն իջնում էր Քասախ գետի մոտ՝ մերթ բնակվելով ներքևում՝ ձորում, մերթ վերևում՝ ձորեզրին: Եվ այդ երկու տեղումն էլ նա կառուցում է երկու փոքր եկեղեցի՝ մեկը ձորում՝ Լուսավորչի անապատ անունով, իսկ մյուսը վերևում՝ ձորեզրին, և որովհետև այդ վերջինում մշտապես սաղմոսերգություն էր հնչում, այն կոչվեց Սաղմոսաց անապատ: Երիտասարդները հնագույն այս սրբավայրում հաղորդ դարձան տոնի կարևորագույն խորհուրդներից մեկին, որ հարատև պատգամում է Հայր Աստված՝ Դա՛ է Իմ սիրելի որդին, որին հավանեցի, դրան լսեցեք (Մատթ. 17:5):  Ս. Պատարագի ավարտին երիտասարդները միասնաբար աղոթեցին, որ Տերն իրենց օգնական լինի, որպեսզի Իր խոսքը մշտապես կյանքով վկայեն, այն խոսքը, որ ըստ սաղմոսերգուի՝ «խորհրդատու» է, «զորակցում» է, «մխիթարություն» և «ճրագ է ոտքերի համար և լուսավորում է շավիղները» (Սաղմ. 118:24, 28, 50, 105)։  

Ապա ուխտավորները մեկնեցին վարդավառյան նշանավոր ուխտավայրերից մեկը՝ Հովհաննավանք, որ հիմնել է կրկին Հայ եկեղեցու առաջին հայրապետը՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը: Այստեղ ևս երիտասարդները համախմբվեցին միասնական աղոթքի շուրջը՝ Աստծու պահպանությունը հայցելով Հայաստան և Արցախ աշխարհների համար: Լուսավոր տոնի խորհրդին և օրհնությանը հաղորդ դարձած՝ երիտասարդները ևս մեկ անգամ ամրագրեցին ճշմարիտ Լույսին կյանքով հետևելու իրենց առաքելությունը:

Քրիստոս պայծառակերպվեց առաքյալների առջև՝ հայտնելով նրանց Իր աստվածային փառքը, երբ Նա պայծառակերպվեց Նրա դեմքը արեգակի նման պայծառ դարձավ, և Նրա զգեստները լույսի նման սպիտակ եղան (Մատթ. 17:2):  Ավետարանից տեղեկանում ենք, որ Քրիստոս հաճախ էր Իրեն Լույս կոչում. «Բանն էր ճշմարիտ Լույսը, որ աշխարհ գալով լուսավորում է ամբողջ մարդկությունը» (Հովհ. 1:9):  Քրիստոս պարզորեն Իր մասին ասաց. «Ես եմ աշխարհի Լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք» (Հովհ. 8:12), «Քանի դեռ աշխարհի մեջ եմ, աշխարհի Լույսն եմ» (Հովհ. 9:5),  «Ես աշխարհ եկա որպես Լույս, որպեսզի ով որ Ինձ հավատա, խավարում չմնա» (Հովհ. 12:46): Ահա թե ինչու Եկեղեցու որոշ հայրեր ասում են, որ Տերը Թաբոր լեռան վրա Իր առաքյալների առջև պայծառակերպվեց այդ զարմանալի Լույսով, որպեսզի տեսանելիորեն հաստատի այն ճշմարտությունը, որ Ինքն է աշխարհի ճշմարիտ Լույսը:

 

Կարինե Սուգիկյան

 

24.07.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․