13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր
Երբ Հուդայի թագավորն ու ժողովուրդը այսպես զգուշավոր էին, ինչպե՞ս էին Իսրայելի թագավորն ու ժողովուրդը:

Շատ վատթար և թշվառ վիճակում էին: Ինչպես քանիցս հիշատակել ենք, Հերոբովամը Աստծուն ուրացել էր, և նրա ժողովուրդն էլ դժբախտ էր: Երբ Հերոբովամը մահանում է, նրա որդի Նաբատն է թագավորում, սակայն հոր չար նկարագրին հետևելով, հազիվ երկու տարի թագավորելով, թշվառական մահ է ունենում: Որովհետև թշնամին Գաբաթոնը գրավել էր, և ամբողջ Իսրայելի զորքը թշնամու դեմ էր գնում, որպեսզի ողջ զորությամբ պատերազմելով` ազատագրի Գաբաթոնը:

Արդ, այդ նույն պահին Բաաս անունով մեկը նենգաբար սպանում է թագավորին, և ինքը թագավորելով, Հերոբովամի ցեղի բոլոր մարդկանց սպանելուց բացի, մինչև իսկ անասուններին էլ է կոտորել տալիս. ահա, այսպիսով, իրականանում է նախապես Աստծու հրամանով Աքիա մարգարեի հայտնած մարգարեությունը (Գ Թագ. 14):

Ճշմարիտ է, որ Բաասը, Հերոբովամի ցեղը կոտորելով, արդարություն է  հաստատում, սակայն նա էլ է սրա չար կյանքին հետևում, և մանավանդ  չարագույն էր, քան իր նախորդը, ուստի Աստծու հրամանով Հեու մարգարեն շտապում է հանդիմանելու նրա չարությունը և միևնույն ժամանակ հայտնում է, թե ինչ կերպ պետք է պատժվի, սակայն Բաասն ուղղվելու փոխարեն շարունակում է մնալ մոլորության մեջ:

Սրանից բացի, Հուդայի Ասա թագավորի հետ թշնամանալով, Բաասը ջանում է մեծ վնասներ հասցնել նրան, սակայն Աստծու ողորմությամբ Ասան զերծ է մնում նրա նյութած չարիքից: Քանի որ Բաասի դրդմամբ Եթովպիայի թագավոր Զարեհը մեկ միլիոն զորքով և երեք հարյուր մարտակառքերով շարժվում է Ասայի վրա, և Ասան էլ նրա դեմ պատերազմի է պատրաստվում, սակայն թշնամու ահագին բազմությունը տեսնելով` դիմում է Աստծուն` ասելով. «Ո՛վ մեր Տեր Աստված, մենք Քո անունով ենք եկել, մեր հույսն ու ապավենը Դու ես, Քո ծառային զորությո´ւն տուր, մենք Քո զորությանն ենք ապավինում, Ո՛վ մեր Տեր Աստված» (Բ Մնաց. 14:11):

Բարեպաշտ թագավորի աղոթքը լսելի է լինում, և Աստծու արհավիրքի երկյուղը պաշարում է թշնամու սիրտն այնպես, որ շփոթված սկսում են շտապով փախչել, որոնց հետապնդելով` Ասայի զորքը տիրում են նրանց քաղաքներին և գյուղերին, միաժամանակ փախչողներին այնպես են կոտորում, որ ոչ մեկը ողջ չի մնում, և մեծ քանակությամբ ունեցվածքով ու անասուններով, անասելի ցնծությամբ և հաղթանակի ուրախությամբ Երուսաղեմ են վերադառնում:

Այսպիսի մեծ հաղթանակը ոչ թե մարդկային կարողության, այլ մանավանդ աստվածային օգնության արդյունք է, և սա բոլորին տեղեկացնելու համար Ազարիաս մարգարեն, թագավորին և ժողովրդին ընդառաջ դուրս գալով, ասում է. «Դուք հնազանդվեցիք Աստծուն, ձեր թշնամին պատուհասի հանդիպեց, արդ, եթե Աստծուն փնտրեք, կգտնեք, իսկ եթե Նրան թողնեք, Նա էլ ձեզ կթողնի» (Բ Մնաց. 15:2): Այսպիսով,  մարգարեն Իսրայելը  ներկայացնում  է որպես շոշափելի օրինակ, որն իր մեղքի համար Աստծուց լքվել է:

Արդարև, Ասան արդեն նախապես իր երկրից բոլոր կուռքերը վերացրել էր, սակայն հիշյալ մարգարեի խոսքերը վերստին ուշադրությամբ քննելով` մանավանդ նոր գրաված երկրներում բնաջնջում է կուռքերն ու օրենքին հակառակ ամեն ինչ: Սրանից բացի` ավարից յոթ հարյուր արջառ և յոթ հարյուր ոչխար է տաճարում զոհաբերում Աստծուն: Ապա և´ ժողովուրդը, և´ թագավորը միասին ուխտ են անում, մեծ հանդես կազմակերպելով, փողեր հնչեցնելով, ամբողջ սրտով երդվում են հպատակվել Աստծու օրենքներին և որոշում են, որ օրինազանցը մահապարտ է:

Հարկ է հիշատակել, որ Իսրայել երկրից շատերը, հիշյալ հաղթանակը տեսնելով, հասկանում են, որ Աստված Ասա թագավորի հետ է, ուստի Երուսաղեմ գալով` նրա իշխանությանն են հպատակվում:

Ուրեմն քա´ջ ըմբռնիր, թե Աստծուն հավատարիմ լինելու օգուտն ինչքան մեծ է. ահա երբ Ասան ուղիղ սրտով Աստծու կամքին համապատասխան է շարժվում, Աստծու ողորմությամբ երկար տարիներ, առանց պատերազմի հանգիստ և ապահով է մնում:

Այնուհետև Իսրայելի Բաաս արքան թշնամական դիտավորությամբ Ասայի երկրի Ռամա կոչվող վայրում սկսում է բերդ կառուցել, որպեսզի Երուսաղեմ գնացողներին արգելի: Այո´, Բաասի այս ձեռնարկը ծանր և անհանդուրժելի  գործ էր, սակայն այն խոչընդոտելու համարձակություն չունենալով` տաճարից և պետական գանձերից ոսկի և արծաթ է որպես ընծա ուղարկում Դամասկոսի ասորի թագավորին, որպեսզի նրա միջոցով Բաասի անօրեն թշնամությունից ազատվի: Որովհետև Բաասը իր զորությամբ անկարող էր վնասելու Ասային, ուստի վերոհիշյալ ասորիների թագավորին ապավինելով` մի այդպիսի հանդուգն գործողության է դիմում, որի պատճառով Ասան էլ է ընծաներ  ուղարկում, որ դեպի իրեն գրավի նրան:

Ուշադրության է արժանի այն, որ Բաասը և Ասան, նույն ժողովրդից և  եղբայր լինելով,  միայն աշխարհիկ մեծության և շահի համար այնքան են թշնամանում, որ հանուն վրեժխնդրության` Դամասկոսի կռապաշտ թագավորին են ապավինում և ընծաներ ուղարկելով` թախանձանքներով  նրա պաշտպանությունը խնդրում: Նա էլ, քանի որ նրանցից և ոչ մեկին հավատարիմ բարեկամ չէր, օգնում է միայն այն կողմին, որն իրեն առավել շահավետ է թվում: Այս պարագայում Ասայի ուղարկած գումարը ավելի մեծ լինելով` շտապում է՝ Բաասի վրա զորք ուղարկելու և ավերելու նրա երկիրը:

Բաասը, սա տեսնելով, դադարեցնում է վերոհիշյալ բերդի կառուցումը և այնտեղից հեռանում: Այն ժամանակ Ասան քանդել է տալիս նոր կառուցած բերդը և դրա շինանյութով կառուցում է Գաբաա և Մասփա ամրոցները: Թեև Ասան, Դամասկոսի թագավորի օգնությամբ ազատվելով, շատ ուրախ էր, սակայն Անանիա մարգարեն,  Աստծու հրամանով նրա մոտ գալով, հետևյալն է ասում. «Դու ասորիների թագավորին և ոչ Աստծուն հույսդ դրեցիր, եթովպացիները ահագին բազմությամբ հարձակվել էին քեզ վրա, սակայն դու Աստծու օգնությամբ հաղթեցիր նրանց, քանի որ Աստված օգնում է նրան, ով մաքուր սրտով ապավինում է Իր զորությանը, եթե դու հույսդ Աստծու վրա դնեիր, իսրայելացիների զորքը քո ձեռքից չէր կարող ազատվել, արդ, այս արարքով դու սխալվեցիր, այդ է պատճառը, որ ձեր միջև պատերազմը անպակաս պիտի լինի» (Բ Մնաց. 16:9):

Դժբախտաբար, Ասան, սույն խրատական խոսքերը լսելով, զղջալու փոխարեն բարկանում է և բանտարկում  համարձակախոս մարգարեին և խստությամբ է վարվում նրանց հետ, ովքեր սրա համար համարձակվում են մեղադրել իրեն: Թեպետ Ասան մինչ այդ պահը ապօրինի վարք չուներ, սակայն, այնուամենայնիվ, մարդ էր և այս անգամ սխալվում է և իր սխալի հետևանքները կրում  երեք տարի, քանի որ ոտքերն ախտահարվելով` ծանր հիվանդանում է, և դարձյալ Աստծուն աղաչելու փոխարեն միայն բժիշկներից էր օգնություն խնդրում: Ասան, քառասունմեկ տարի թագավորելով, մահանում է. նրան մեծ շուքով թաղում են Սիոնում` իր կառուցած գերեզմանում:

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․