13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր

Գործք 11.1-26

1 Առաքեալները եւ Հրէաստանի կողմերում գտնուող եղբայրները լսեցին, որ հեթանոսների մէջ էլ են ընդունել Աստծոյ խօսքը: 2 Բայց երբ Պետրոսը Երուսաղէմ ելաւ, հրէութիւնից դարձած հաւատացեալները մեղադրում էին նրան ու ասում. 3 «Չթլփատուած մարդկանց մօտ մտաւ եւ նրանց հետ կերաւ»: 4 Եւ Պետրոսը սկսեց հերթով պատմել նրանց ու ասաց. 5 «Ես Յոպպէ քաղաքում աղօթում էի եւ յափշտակութեան մէջ մի տեսիլք տեսայ. իջնում էր մի անօթ՝ մեծ սփռոցի նման, չորս ծայրերից երկնքից կախուած, որ հասաւ մինչեւ ինձ մօտ: 6 Մինչ ակնապիշ նայում էի դրան, տեսայ երկրի չորքոտանիները, գազանները, սողունները եւ երկնքի թռչունները: 7 Եւ լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր. “Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր եւ կե՛ր”: 8 Բայց ես ասացի. “Քա՛ւ լիցի, Տէ՛ր, որովհետեւ երբեք իմ բերանը պիղծ եւ անմաքուր բան չի մտել”: 9 Երկրորդ անգամ երկնքից ձայնն ինձ պատասխանեց. “Ինչ որ Աստուած մաքուր է դարձրել, դու այն պիղծ մի՛ համարիր”: 10 Այս պատահեց երեք անգամ, եւ վերստին ամէն ինչ երկինք վերացաւ: 11 Եւ ահա այն պահին երեք մարդ, որ Կեսարիայից ինձ մօտ էին ուղարկուած, եկան եւ կանգնեցին այն տան առաջ, ուր ես գտնւում էի: 12 Եւ Հոգին ինձ ասաց, որ գնամ նրանց հետ առանց երկմտելու: Ինձ հետ եկան նաեւ այս վեց եղբայրները, եւ մենք մտանք այն մարդու տունը: 13 Եւ նա մեզ պատմեց, թէ ինչպէս իր տանը տեսել է հրեշտակին, որ իրեն ասել է. “Յոպպէ մարդ ուղարկի՛ր եւ Պետրոս կոչուած Սիմոնին կանչի՛ր, 14 որ քեզ պիտի ասի խօսքեր, որոնցով պիտի փրկուես դու, նաեւ՝ քո ամբողջ տունը”: 15 Եւ երբ սկսեցի խօսել, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ, ինչպէս որ իջել էր մեզ վրայ սկզբում: 16 Յիշեցի Տիրոջ խօսքը, որ ասում էր. “Յովհաննէսը մկրտեց ջրով, բայց դուք կմկրտուէք Սուրբ Հոգով”: 17 Արդ, եթէ Աստուած միեւնոյն պարգեւը նրանց եւս տուել է, ինչպէս եւ մեզ, երբ Տէր Յիսուս Քրիստոսին հաւատացինք, ես ինչպէ՞ս կարող էի Աստծուն արգելք լինել»: 18 Այս բանը լսելով՝ լռեցին եւ փառաւորում էին Աստծուն ու ասում. «Ուրեմն Աստուած հեթանոսներին եւս դէպի կեանք տանող ապաշխարութիւն տուեց»: 19 Ստեփանոսի դէմ կատարուած հալածանքի պատճառով ցրուածները հասան մինչեւ Փիւնիկէ, մինչեւ Կիպրոս ու Անտիոք. նրանք ոչ ոքի չէին քարոզում խօսքը, այլ՝ միայն հրեաներին: 20 Եւ նրանց միջից որոշ մարդիկ՝ կիպրացիներ եւ կիւրենացիներ, Անտիոք մտնելով, յոյներին էին դիմում՝ աւետարանելով Տէր Յիսուսին: 21 Եւ Տիրոջ զօրութիւնը նրանց հետ էր: Հաւատացեալների մի բազմութիւն դէպի Տէրը դարձաւ: 22 Նրանց մասին այս լուրը հասաւ Երուսաղէմի եկեղեցուն: Եւ Բառնաբասին ուղարկեցին մինչեւ Անտիոք: 23 Երբ սա եկաւ ու տեսաւ Աստծոյ շնորհները, ուրախացաւ եւ յորդորում էր բոլորին, որպէսզի նրանք յօժար սրտով յարած մնան Տիրոջը. 24 ըստ որում նա բարի, Սուրբ Հոգով եւ հաւատով լցուած մարդ էր. եւ Տիրոջը յարածների վրայ բազում ժողովուրդ աւելացաւ: 25 Ապա Բառնաբասը ելաւ գնաց Տարսոն՝ Սօղոսին փնտրելու, եւ նրան գտնելով՝ բերեց Անտիոք: 26 Ու նրանք երկուսով մի ամբողջ տարի հաւաքւում էին եկեղեցում եւ ուսուցանում էին շատ շատերին: Եւ առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտածներին քրիստոնեաներ անուանեցին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․