19 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր

Ավ. ըստ Մատթեոսի 19.16-20.16

19.16 Եւ ահա մէկը, մօտենալով նրան, ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»: 17 Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէկ է բարին. եթէ կամենում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»: 18 Նա ասաց՝ որո՞նք: Յիսուս նրան ասաց. «Մի՛ սպանիր, մի՛ շնացիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, 19 քո հօրն ու մօրը մեծարի՛ր եւ քո ընկերոջը քո անձի պէս պիտի սիրես»: 20 Երիտասարդը նրան ասաց. «Այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»: 21 Յիսուս նրան ասաց. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցուածքը ու տո՛ւր աղքատներին. եւ երկնքում գանձեր կունենաս. եւ դու արի՛ իմ յետեւից»: 22 Երբ երիտասարդը այս խօսքը լսեց, տրտմած գնաց. որովհետեւ շատ հարստութիւն ունէր: 23 Յիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժուարութեամբ կմտնի երկնքի արքայութիւնը: 24 Դարձեալ ասում եմ ձեզ. աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թէ հարուստը՝ Աստծոյ արքայութիւնը»: 25 Երբ աշակերտներն այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կկարողանայ փրկուել»: 26 Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծոյ համար ամէն ինչ կարելի է»: 27 Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահաւասիկ մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կունենանք»: 28 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեանը, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին: 29 Եւ ամէն ոք, ով թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի: 30 Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, եւ վերջիններ՝ առաջին:

20.1 Երկնքի արքայութիւնը նման է մի տանուտէրի, որ առաւօտեան ելաւ՝ իր այգու համար մշակներ վարձելու: 2 Եւ մշակների օրավարձը մէկ դահեկան սակարկելով՝ նրանց ուղարկեց իր այգին: 3 Եւ առաւօտեան ժամը իննի մօտ դուրս ելնելով՝ տեսաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում: 4 Նրանց էլ ասաց. “Դո՛ւք էլ գնացէք իմ այգին, եւ ինչ որ արժան է, կտամ ձեզ”: 5 Նրանք եւս գնացին: Եւ դարձեալ դուրս ելնելով կէսօրին ու կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ՝ նոյն ձեւով արեց: 6 Եւ ժամը հինգի մօտ դուրս ելնելով՝ գտաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին. նրանց ասաց. “Ինչո՞ւ էք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել”: 7 Նրան ասացին. “Որովհետեւ մեզ ոչ ոք չվարձեց”: Նրանց ասաց. “Դո՛ւք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է, կստանաք”: 8 Եւ երբ երեկոյ եղաւ, այգու տէրը իր գործավարին ասաց. “Կանչի՛ր մշակներին եւ տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից մինչեւ առաջինները”: 9 Երբ եկան ժամը հինգի մօտ վարձուածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ: 10 Առաջիններն էլ գալով՝ կարծում էին, թէ աւելի կստանան, բայց նրանք էլ իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացան: 11 Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում. 12 “Դրանք՝ այդ վերջինները, մէկ ժամ գործ արեցին, իսկ դու նրանց հաւասար արեցիր մեզ, որ տարանք օրուայ ծանրութիւնը եւ տօթը”: 13 Նա պատասխանեց նրանցից մէկին եւ ասաց. “Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մէկ դահեկանի սակարկեցիր. 14 ստացի՛ր քոնը եւ գնա՛. այս վերջիններին կամենում եմ տալ, որքան եւ քեզ. 15 մի՞թէ իրաւունք չունեմ իմ ունեցածի հետ վարուելու, ինչպէս կամենում եմ: Կամ թէ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ”: 16 Այսպէս, վերջինները առաջին պիտի լինեն, եւ առաջինները՝ վերջին. որովհետեւ բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․