1 Ապրիլ, ԴՇ, Մեծ Պահքի ԼԸ օր

Գրքեր

Գործք 7.30-8.2

7.30 Երբ քառասուն տարիներ անցան, Սինա լեռան անապատում նրան երեւաց Տիրոջ հրեշտակը մի մորենու կրակի բոցերի մէջ: 31 Եւ Մովսէսը, այս տեսնելով, զարմացաւ տեսիլքի վրայ, ու երբ նա մօտենում էր նայելու, հասաւ Տիրոջ ձայնը. 32 “Ես եմ քո հայրերի Աստուածը՝ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Աստուածը”: Եւ Մովսէսը զարհուրած՝ չէր համարձակւում նայել: 33 Եւ Տէրը նրան ասաց. “Քո ոտքերի կօշիկները հանի՛ր, որովհետեւ այն տեղը, որի վրայ դու կանգնել ես, սուրբ հող է: 34 Ես աչքովս տեսայ Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրանց հառաչանքը եւ իջայ նրանց փրկելու: Այժմ արի՛, քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս”: 35 Այն Մովսէսին, որին ուրացան եւ ասում էին՝ “Ո՞վ քեզ մեզ վրայ իշխան եւ դատաւոր կարգեց”, նրան Աստուած որպէս իշխան եւ փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ երեւաց Մովսէսին մորենու մէջ: 36 Նա դուրս հանեց նրանց՝ նշաններ ու զարմանալի գործեր անելով Եգիպտացիների երկրում եւ Կարմիր ծովում ու անապատում քառասուն տարիներ: 37 Այս Մովսէսն է, որ ասաց իսրայէլացիներին. “Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար, նրա՛ն լսեցէք”: 38 Այս Մովսէսն է, որ անապատում հաւաքուած ժողովրդի եւ այն հրեշտակի միջեւ էր, որ Սինա լեռան վրայ խօսեց նրա հետ եւ մեր հայրերի հետ. նա է, որ կենարար պատգամներ ընդունեց մեզ տալու համար: 39 Մեր հայրերը չուզեցին հնազանդուել նրան, այլ նրան մերժեցին ու իրենց սրտերով դէպի Եգիպտոս դարձան 40 եւ Ահարոնին ասացին. “Մեզ համար աստուածներ կերտիր, որ գնան մեր առաջից. որովհետեւ այն Մովսէսը, որ մեզ Եգիպտացիների երկրից հանեց, չգիտենք, թէ ինչ պատահեց նրան”: 41 Եւ այդ օրերին մի հորթ ձուլեցին ու կուռքին զոհեր մատուցեցին. եւ իրենց ձեռքի գործերով էին ուրախանում: 42 Ուրեմն, Աստուած էլ երես դարձրեց եւ նրանց մատնեց երկնքի աստղերի պաշտամունքին, ինչպէս որ գրուած էլ է մարգարէների գրքում. “Մի՞թէ անապատում քառասուն տարի զոհեր ու պատարագներ մատուցեցիք ինձ, Իսրայէլի՛ տուն. 43 այլ դուք վերցրիք Մողոքի վրանը եւ Հռեմփա աստծոյ աստղը եւ այն պատկերները, որ քանդակեցիք նրանց երկրպագելու համար. ահա ինչու ես ձեզ պիտի փոխադրեմ բաբելացիների երկրի միւս կողմը”: 44 Անապատում մեր հայրերի հետ էր վկայութեան խորանը. ինչպէս նա, որ խօսեց Մովսէսի հետ, հրաման տուեց շինել այն ըստ այն օրինակի, որ ինքը տեսել էր: 45 Եւ մեր հայրերն էլ, այն առնելով, բերեցին, երբ Յեսուի հետ գրաւեցին այն ազգերի երկիրը, որոնց Աստուած վտարեց մեր հայրերի առջեւից: 46 Այսպէս էր մինչեւ Դաւթի օրերը, երբ նա Աստծոյ առաջ շնորհ գտաւ ու խնդրեց, որ Յակոբի Աստծոյ համար մի բնակարան կառուցի: 47 Իսկ Սողոմոնն էլ նրա համար մի տուն շինեց. 48 սակայն Բարձրեալը բնակւում է ոչ թէ ձեռակերտ տաճարների մէջ, այլ ինչպէս մարգարէն է ասում. 49 “Երկինքն է իմ աթոռը, եւ երկիրը՝ պատուանդանն իմ ոտքերի: Ինչպիսի՞ տուն պիտի շինէիք ինձ,– ասում է Տէրը,– կամ ինչպիսի՞ տեղ՝ իմ հանգստեան համար. 50 չէ՞ որ իմ ձեռքն է շինել այս բոլորը”: 51 Կամակորնե՛ր, ում սիրտն ու ականջները փակ են Աստծոյ կոչին, դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում էք. ինչպէս որ ձեր հայրերն էին, այնպէս էլ՝ դուք: 52 Ձեր հայրերը մարգարէներից որի՞ն չհալածեցին: Եւ սպանեցին նրանց, որոնք նախօրօք պատմեցին Արդարի գալստեան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ, 53 դուք, որ հրեշտակների հրամանների միջոցով օրէնքը ստացաք, բայց այն չպահեցիք»: 54 Եւ այս բաները լսելով՝ ժողովականները սրտներում զայրանում էին եւ նրա վրայ ատամներն էին կրճտացնում: 55 Եւ նա լի էր Սուրբ Հոգով. նայեց երկինք ու տեսաւ Աստծոյ փառքը եւ Յիսուսին, որ կանգնած էր Աստծոյ աջ կողմում. եւ ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացուած եւ մարդու Որդուն, որ կանգնած է Աստծոյ աջ կողմում»: 56 Նրանք, բարձրաձայն աղաղակելով, փակեցին իրենց ականջները եւ բոլորը միասին նետուեցին նրա վրայ: 57 Եւ քաղաքից դուրս հանելով՝ նրան քարկոծեցին. եւ վկաներն իրենց զգեստները դրեցին Սաւուղ անունով մի երիտասարդի ոտքերի առջեւ: 58 Եւ քարկոծում էին Ստեփանոսին, որն աղօթում էր եւ ասում. «Տէ՛ր Յիսուս, ընդունի՛ր իմ հոգին»: 59 Նա ծնկի եկաւ, բարձր ձայնով աղաղակեց. «Տէ՛ր, սա մեղք մի՛ համարիր նրանց»: Եւ երբ այս ասաց, մեռաւ: Սօղոսն էլ համաձայն էր նրա սպանութեանը:

8.1 Եւ այն օրը Երուսաղէմի եկեղեցու դէմ մեծ հալածանք տեղի ունեցաւ. ու բոլորը, բացի առաքեալներից, ցրուեցին Հրէաստանի եւ Սամարիայի գիւղերը: 2 Եւ աստուածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին եւ նրա վրայ մեծ ողբ արեցին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․