5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Ամուսինների հոգևոր կյանքը

- Հա՛յր, իսկ ի՞նչ անի կինը՝ ում ամուսինը հոգևոր կյանքով չի ապրում:

- Թող իր ամուսնուն Հիսուսին վստահի ու աղոթի, որպեսզի նրա սիրտը մի քիչ փափկի: Ժամանակի ընթացքում Հիսուսն աննկատելիորեն «դեսանտ» կիջեցնի նրա սրտում, և ամուսինը կսկսի մտածել (կարևորի մասին): Իսկ հենց ամուսնու սիրտը մի փոքր փափկի՝ կինը կարող է խնդրել նրան, օրինակ՝ իրեն մեքենայով մինչև եկեղեցի տանել: Պետք չէ համոզել նրան, ասելով. «Ախր ինչո՞ւ եկեղեցի չես գալիս», այլ պետք է միայն խնդրել. «Եթե դժվար չէ, կարո՞ղ ես ինձ մինչև եկեղեցի տանել»: Իսկ նրան մինչև եկեղեցի տանելով, հնարավոր է, որ ամուսինն ասի. «Դե քանի որ, արդեն այստեղ եմ, ես էլ մտնեմ Աստծո տաճարն ու մի մոմ վառեմ»: Եվ բացառված չէ, որ հետագայում կամաց-կամաց հոգևոր աճ կունենա:

- Հա՛յր, իսկ կնոջ խոստովանահայրը կարո՞ղ է որևէ կերպ ամուսնուն ևս օգնել:

- Երբեմն, ամուսնուն օգնելու համար, խոստովանահայրը պետք է հոգևոր աշխատանք տանի կնոջ հետ: Իսկ հետո այն ամեն լավը, որ կինն ունի՝ ամուսնուն էլ կփոխանցվի: Եթե նա բարի սիրտ ունի, ապա Աստված կօգնի նրան փոխվել:

Կանացի բնության մեջ ակնածանքը դրված է: Իսկ, եթե ամուսինը նախ անտարբեր է լինում Եկեղեցու նկատմամբ, այնուհետև հոգևոր կերպով «խելքի է գալիս», ապա հոգևոր առումով վստահորեն առաջ է ընթանում, իսկ կինը նրա ետևից չի հասցնում: Կարող է նաև այնպես պատահել, որ կինն սկսի նախանձել նրան, որովհետև ինքը հոգևոր առումով դոփում է միևնույն տեղում: Այդ պատճառով, նման դեպքերում ես ամուսիններին խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել: Քանի որ, տե՛ս, թե ինչ է կատարվում: Որքան ամուսինը առաջ է գնում հոգևոր առումով, այնքան կինն ավելի է հակառակվում նրան, եթե հոգևոր կյանքով չի ապրում: Օրինակ, եթե ամուսինն ասում է. «Ուշանում ենք, վեր կաց, որ եկեղեցի գնանք», ապա նա պատասխանում է. «Ինքդ էլ գնա: Ոչ, դու ինձ չես հասկանում, չէ՞ որ ես շատ գործ ունեմ անելու…»: Կամ, եթե ամուսինն ասի, օրինակ. «Ինչո՞ւ լամպը չի վառվում», կամ ինքը ցանկանա վառել հանգած լամպը, ապա դրանով կխոցի նրա եսասիրությունն ու կինը կսկսի բղավել. «Ի՞նչ է, պատրաստվում ես քահանա՞ դառնալ: Թե՞ վանական»: Նույնիսկ կարող է այսպես հակաճառել նրան. «Ընդհանրապես ինչո՞ւ ենք այս լամպը վառում: Ավելի լավ կլիներ այդ ձեթը մի ինչ-որ աղքատի տայինք»: Այո-այո, նա կարող է նույնիսկ այդտեղ հասնել: Մինչև բողոքական հիմարություններ: Իհարկե, հետո կինն՝ ինքն է վշտանում այն բոլոր արդարացումների համար, որ ասել է, սակայն, միաժամանակ շարունակում է վշտանալ այն հոգևոր զարգացման համար, որ տեսնում է իր ամուսնու մեջ: Այդ պատճառով էլ, նման դեպքերում, հազար անգամ ավելի լավ է, որ լամպը հանգած մնա, քան ամուսինը վառի այն:

Եվ ահա, ընտանիքը քայքայումից պահպանելու համար՝ ես ամուսիններին խորհուրդ եմ տալիս. «Երբ կինդ հանդարտ կլինի, նրան այսպես ասա. «Գիտե՞ս, երբ ես եկեղեցի եմ գնում, աղոթում եմ, ծնրադրում կամ ինչ-որ հոգևոր գիրք եմ կարդում, ապա ես դա մեծագույն ակնածանքից չէ, որ անում եմ: Այլ որովհետև այդ ամենն ինձ պահում է, արգելակում և թույլ չի տալիս, որ այս սարսափելի հասարակության հոսանքը, որի մեջ ապրում ենք, ինձ իր ետևից տանի: Թե չէ գիտես, որ ինձ այնպե՜ս կմոլորեցնեն ու կտանեն այդ բոլոր ընկերախմբերն ու գինետները…»: Եթե ամուսինն այսպես է հարցը դնում, ապա կինն ուրախանում է և նույնպես կարող է փոխվել և անցնել նրանից՝ հոգևոր առումով: Իսկ հարցն այլ կերպ դնելով՝ նա սարսափելի կերպով չարացնում է նրան և անպիտան վիճակի հասցնում: Նրանք կարող են նույնիսկ մինչև ամուսնալուծության հասնել: Եթե ամուսինը ցանկանում է կնոջն օգնել հոգևոր առումով, ապա թող ջանա նրա համար կապ ստեղծել մի ընտանիքի հետ, որը հոգևոր կյանք է վարում, որտեղ մայրն ու կինը երկյուղածություն ունեն, որպեսզի նա  ցանկանա ընդօրինակել նրանց:

 

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

17.05.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․