26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Գործք 13.44-14.6

44 Եւ երբ յաջորդ շաբաթ օրը եկաւ, գրեթէ ամբողջ քաղաքը հաւաքուեց Աստծոյ խօսքը լսելու: 45 Երբ հրեաներն այդ բազմութիւնը տեսան, նախանձով լցուեցին եւ Պօղոսի ասածներին ընդդիմախօսելով՝ հայհոյում էին: 46 Իսկ Պօղոսն ու Բառնաբասը համարձակ կերպով ասում էին. «Նախ ձեզ պէտք է Աստծոյ խօսքը խօսէինք. բայց քանի որ դուք այն մերժում էք եւ ձեզ արժանի չէք համարում յաւիտենական կեանքի, ահա մենք դառնում ենք դէպի հեթանոսները. 47 որովհետեւ Տէրը մեզ այսպէս պատուիրեց. “Քեզ դրեցի որպէս հեթանոսների լոյս, որպէսզի դու փրկութեան միջոց լինես մինչեւ երկրի ծագերը”»: 48 Այս բանը լսելով՝ հեթանոսներն ուրախացան եւ փառաւորում էին Տիրոջ խօսքը. եւ ովքեր սահմանուած էին յաւիտենական կեանքի համար, հաւատացին: 49 Եւ Աստծոյ խօսքն ամբողջ գաւառում տարածւում էր: 50 Բայց հրեաները աստուածապաշտ ու երեւելի կանանց եւ քաղաքի գլխաւորներին գրգռեցին եւ Պօղոսի ու Բառնաբասի դէմ հալածանք յարուցելով՝ իրենց սահմաններից նրանց դուրս հանեցին: 51 Իսկ նրանք, իրենց ոտքերի փոշին նրանց վրայ թափ տալով, եկան Իկոնիոն: 52 Եւ աշակերտները լցուեցին ուրախութեամբ եւ Սուրբ Հոգով: 14 1 Իկոնիոնում Պօղոսն ու Բառնաբասը միասին էին մտնում հրեաների ժողովարանը եւ նոյն ձեւով խօսում, այնպէս որ թէ՛ հրեաների եւ թէ՛ հեթանոսների մի մեծ բազմութիւն հաւատաց: 2 Բայց չհաւատացող հրեաները հեթանոսների մտքերը եւս չարացրին եղբայրների դէմ: 3 Նրանք երկար ժամանակ շրջում էին եւ համարձակ խօսում. եւ Տէրը վկայում էր իր շնորհի խօսքի մասին՝ թոյլ տալով, որ նրանց ձեռքով նշաններ եւ զարմանալի գործեր լինեն: 4 Եւ քաղաքի բազմութեան մէջ պառակտում առաջ եկաւ. ոմանք հրեաների կողմն էին եւ ոմանք՝ առաքեալների: 5 Երբ հեթանոսներն ու հրեաներն իրենց իշխանաւորներով միասին նրանց անարգելու եւ քարկոծելու դիմեցին, 6 նրանց լուր տրուեց, եւ փախան լիկայոնացիների Լիւստրա եւ Դերբէ քաղաքներն ու շրջակայ գաւառը եւ այնտեղ էին աւետարանում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․