Գրքեր

Աղոթքի ուղի. «Աղոթքն ամրության պարիսպ է և հուսո խարիսխ»

Ժամանակակից աշխարհն այսօր կորցրել է աղոթքի ոգին: Մարդը մոռացել է, որ բաղկացած է մարմնից և հոգուց և ըստ Պողոս առաքյալի՝ կոչված է փառավորելու Աստծուն թե՛ մարմնով և թե՛ հոգով (Ա Կորնթացիս 6:20): Իսկ Քրիստոսին ճշմարտապես հետևել ցանկացողների համար աղոթքը հոգու պահանջ է, ամենօրյա ջանք, որ հոգևոր ուրախություն պատճառելուց զատ նոր ուժ և նոր հնարավորություններ է տալիս՝ Աստծով հաղթահարելու կյանքի դժվարություններն ու փորձությունները:

Հոկտեմբերի 8-ին՝ Սուրբ Թարգմանչաց տոնին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Հայաստանի նշանավոր ուխտավայրերից մեկը՝ Աղավնավանք (12-13-րդ դդ): Վաղ առավոտյան ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի սրբավայր: Դեպի հնագույն սրբավայր տանող ճանապարհը, որ անցնում էր Տավուշի մարզի Աղնաբաթ անտառամասով, ուխտավորները հաղթահարեցին ոտքով: Աղոթքի ուղին ուխտավորներին պատրաստեց Աստծու տուն մուտք գործելու համար: Փոքրիկ վանքում ուխտավորները, սբ. Թարգմանիչների բարեխոսությունը խնդրելով, հայցեցին Տիրոջը, որ Իր ամենազոր Աջով պահապան լինի Հայոց ազգին և խաղաղության մեջ պահի հայրենիքի սահմանները: Ուխտի հոգենորոգ ուղին «Զորավոր արանց» միությունը եզրափակեց սիրո ճաշով: 

Եկեղեցու հայրերից Խոսրով Անձևացին աղոթքի մասին ասել է. «Աղոթքն ամրության պարիսպ է, հաստատության սյուն, հավատքի հիմք, հուսո խարիսխ, առ Աստված ելնելու սանդուղք»: Նաև հորդորել է. «Պարտավոր ենք միմյանց համար աղոթել, օգնել և փրկել միմյանց մարմնի և հոգու վտանգներից: Քանի որ, եթե մարտընկերներն զգուշանում են ոչ միայն սեփական անձի, այլև՝ ընկերոջ համար և մեռնում են նաև ուրիշների համար, որչափ առավել ևս մենք ենք պարտավոր հոգևոր պատերազմում աղոթքներով և բազում բարեխոսություններով միմյանց օգնական լինել, ինչպես սովորեցինք գլխավոր առաքյալներ Պողոսից, Հովհաննեսից և տեառնեղբայր Հակոբոսից»:

 

Կարինե Սուգիկյան

 

09.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․