Գրքեր

Անապատի նկարիչը

Աստծուն փնտրելու համար մի մարդ մարդաշատ քաղաքից փնթփնթալով հեռանում է ու բնակություն հաստատում անապատում: Մեկ տարի անց մասնագիտությամբ խառատ նրա եղբայրը որոշում է այցելել իր ճգնավոր եղբորը: Խցին մոտենալիս զարմանում է, քանի որ չորս կողմը բազմաթիվ դիմանկարներ են շարված լինում, որոնց մեջ առաջին շարքում նաև իր դիմանկարն է տեսնում, և երբ եղբայրը դուրս է գալիս, ասում է.

- Տարակուսած եմ. եկել ես այստեղ ճգնելու և աղոթելու, հոգևոր լռության մեջ լինելու, սակայն նկարիչ ես դարձել և դիմանկարներ ես նկարել:

Ճգնավորը պատասխանում է.

- Իմ մտքում և մտապատկերում ում հիշում էի և նրանից դժգոհ էի, նկարեցի, որպեսզի չմոռանամ և ամեն առավոտ այդ դիմանկարները տեսնեմ ու նրանց կատարած սխալների համար նախատեմ, որ հոգիս խաղաղվի, իսկ նրանք էլ չկարողանան ինձ պատասխան տալ և արդարանալ, բայց այդպես էլ չեմ հանդարտվում ու խաղաղվում անմարդաբնակ այս անապատում:

Եղբայրը հարցնում է.

- Իսկ ինչո՞ւ ես առաջին շարքում իմ դիմանկարը տեղադրել:

Ճգնավորը պատասխանում է.

- Ինչպես միշտ, այդպես էլ հիմա, ոչ թե մետաղներն ես տաշում, այլ իմ նյարդերը, դրա համար էլ առաջինը հենց քո դիմանկարի առջև քեզ եմ նախատում:

Խառատը պատասխանում է.

- Դու ոչ թե անապատ պետք է փախչեիր ու մարդկանցից հեռու լինեիր, որպեսզի խաղաղություն ձեռք բերեիր, այլ Աստծո ներկայության մեջ պետք է լինեիր` մարդկանց սիրելով, նրանց ներելով և սիրով ու խոնարհությամբ առաջնորդվելով...

Վանականությունն ու ճգնավորությունն առաջին հերթին մարդու սրտում են լինում, այլ ոչ թե մարդկանցից հեռու աշխարհագրական վայրում...

 

Հովհաննես Մանուկյան

15.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․