Գրքեր

Բնությունն արթնացնում է մեզ, սակայն չի կարող դրախտ տանել

Հոգեկիրը նա է, ով ունի Աստծու Հոգին, նկատում է այն ամենն, ինչի կողքով անցնում է։ Նա ամբողջովին տեսողություն է, ամբողջովին հոտառություն։ Բոլոր զգայարանները կենդանի են, բայց կենդանի են Աստծու Հոգու մեջ։ Նա ուրիշ է։ Նա ամեն ինչ տեսնում է և ամեն բան լսում։ Տեսնում է թռչուններին, քարերը, թիթեռին․․․ Որևէ բանի կողքով անցնելիս ամեն ինչ զգում է, օրինակ՝ բույրը։ Ապրում է ամեն ինչում՝ թիթեռների, մեղուների մեջ։ Շնորհը նրան դարձնում է ուշադիր։ Նա ուզում է ամեն ինչի հետ միասին լինել։

- Ի՞նչ ասեմ ձեզ,- մի պահ հապաղում է սուրբ հայրը։- Ես դա վերապրեցի, երբ Սուրբ լեռան վրա ինձ այցելեց Աստվածային շնորհը։ Հիշում եմ, թե սոխակն ինչպես էր թևերը հետ տարած, որպեսզի ուժ ունենա երգելու համար, ողջ ուժով երգում ծառերի մեջ։ Օ՜։ Եթե հնարավոր լիներ, ես նրան մի բաժակ ջուր կտայի և նա ստեպ-ստեպ կխմեր ծարավը հագեցնելու համար․․․ Սոխակն ինչո՞ւ է այդպես ուժասպառ երգում, ինչո՞ւ։ Բայց հենց ինքն է ուրախանում իր երգեցողությամբ, զգում է այն, այդ պատճառով էլ ուժերից վեր է երգում։

Անտառային թռչուններն ինձ շատ էին ոգեշնչում։ Մի անգամ գնացեք Կալիսյե, սոխակներին ունկնդրեք։ Քարե սիրտն անգամ կհուզվի։ Ինչպե՞ս կարող ես չզգալ, որ դու ամեն ինչի հետ միասին ես։ Խորասուզվեք նրանց գոյության նպատակի մեջ։ Նպատակը Արարիչն է դրել նրանց առջև։ Արարչության նպատակահարմարությունը մատնացույց է անում Աստծու մեծությունը, Նրա նախախնամությունը։ Մեզ՝ մարդկանց մոտ Աստծու նպատակահարմարությունը տարբեր կերպ է արտահայտվում։ Մենք ունենք ազատություն, բանականություն։

Մի անգամ ես նախագիծ կազմեցի այստեղի տնտեսության համար․ ցիստեռն պատրաստել սոճիների մեջ և երկու խորհանարդ մետր ջրի տարրա՝ ջրի ավտոմատ մատակարարման համար։ Թող թռչեն-գան սոխակները, որոնց ջուր շատ է պետք, ճանճերը, մժեղները․․․

Մի անգամ, երբ դեռ ապրում էի Կալիսյեում, հիվանդությունից հետո վերադարձա վանք։ Տիկին Մարիան՝ հովվուհին, եկավ ավանակի հետ, որպեսզի ինձ դրանով տանի։ Ճանապարհին հարցրի նրան․

- Ինչպե՞ս են մեր գեղատեսիլ վայրերը, տիկի՛ն Մարիա։ Ինչպե՞ս են մարգագետինները, դաշտային ծաղիկները, թիթեռները, բույրերն ու սոխակները։

- Ոչինչ չկա,- պատասխանում է ինձ։

- Ինչպե՞ս թե։ Մայիս ամիսն է և ոչինչ չկա՞։

- Ոչինչ,- պատասխանում է։

Շուտով մենք սուզվում ենք այդ ամենի՝ ծաղիկների, բույրերի, ճախրող թիթեռների մեջ։

- Ահա, տիկի՛ն Մարիա, այժմ ի՞նչ կասես։

- Իսկ ես չէի էլ նկատում։

Առաջ շարժվելով, մոտեցանք սոսիներին։ Սոխակներն, իրենց բարձր երգեցողությամբ, լցնում էին ողջ շրջակայքը։

- Դու ինձ ճիշտը չասացիր, տիկի՛ն Մարիա։

- Դե ոչ,- ասում է ինձ,- ես այս ամենն ընդհանրապես չէի նկատում։

- Սկզբում ես էլ էի «հաստակաշի», չէի հասկանում,- խոստովանեց հայր Պորֆիրիոսը։- Հետո Աստված ինձ շնորհ տվեց։ Այդժամ ամեն ինչ փոխվեց։ Այդպես եղավ, որովհետև ես սկսեցի հնազանդություն կատարել։

Հիշում եմ քարացած ծառերը, դրանց բները։ Մենք դրանք Միտիլինիում տեսանք։ Դրանք բազում դարեր առաջ են աճել։ Ինձ վրա մեծ տպավորություն գործեցին։ Եվ դա նույնպես աղոթք է՝ տեսնել քարացումներն ու փառաբանել Աստծու մեծությունը։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

02.12.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․