Գրքեր

Եղիա մարգարե

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի այսօր Կրակե մարգարեի՝ Եղիայի հիշատակման օրն է: Ի տարբերություն Հայ եկեղեցու կողմից տոնելի մյուս սրբերի, որոնց հիշատակությունը կատարվում է շաբաթվա պարզ օրերին, Եղիան այն միակ սուրբն է, ում հիշատակությունը կատարում ենք Տերունական՝ կիրակի օրը: Վստահաբար այս փաստը վկայում է նրա առաձնահատուկ լինելու մասին: Աստծո այս երանելի սուրբը սերում է Ահարոնի տոհմից, ապրել է մեզնից մոտ երեք հազար տարի և Քրիստոսի ծնունդից ինը դար առաջ, սակայն այնքան զորեղ հատկություններով է օժտված եղել Տիրոջ կողմից, այնպիսի նախանձախնդրությամբ է պաշտպանել Կենդանի Աստծո հավատքն ու հինկտակարանյան ժամանակների մի այնպիսի հզոր կերպար է, որ առ այսօր մեծագույն օրինակ ու հիացմունքի առարկա է հանդիսանում բոլորիս համար:

Ըստ Սուրբ Եպիփան Կիպրացու ավանդության. «Երբ ծնվեց Եղիան, նրա հայրը տեսիլքում տեսավ, թե ինչպես էին վայելչատես այրերը ողջունում իր նորածին զավակին, բարուրում էին կրակով ու կերակրում հրով»: Սա արդեն իսկ խոսում էր այն մասին, որ նորածինն ընտրյալ է ու հատուկ առաքելություն ունի երկրիս վրա իրագործելու, իսկ նրան տրված անունը՝ Եղիա, որ նաև «Աստծո ամրոց» է նշանակում, արդեն բացահայտում է այդ առաքելության էությունը: Արդ դառնանք Հին Կտակարանում տեղ գտած նրա մասին պատմություններին՝ ավելի լավ հասկանալու համար, թե ով է Աստծո այս արդար մարդը: Երրորդ և չորրորդ Թագավորաց գրքերում տեղ գտած պատմություններում կարդում ենք, որ Եղիա մարգարեն ապրում էր մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ հրեա ժողովրդի գերակշռող մասը հեռացել էր հայրենական հավատքից ու կռապաշտության հետևորդ էր դարձել: Անաստվածությունը, մեղքերն ու կռապաշտ քրմերին հետևելը կործանման էր տանում այն ազգին, որ ժամանակին ընտրվել էր Աստծո կողմից: Ուստի հասել էր միջամտության պահը, որ կատարվեց Կրակե մարգարեի միջոցով: Աստծո խոսքի նախանձախնդիր հետևորդը, մեծագույն աղոթողն ու ճգնավորը հինկտակարանյան ասպարեզ է իջնում, որպեսզի հայտնի Աստծո արդար ցասման մասին:

Այդ օրերի թագավոր Աքաաբի կինը՝ փյունիկեցի Հեզաբել թագուհին, չարության սերմանողն էր ողջ Իսրայելում: Նա իր կռապաշտ հայրենիքից բազմաթիվ կուռքեր ու քրմեր էր իր հետ բերել Իսրայել՝ այստեղ ևս կռապաշտությունը տարածելու համար: Սա Իսրայելի պատմության մեջ հայտնի կռապաշտության ամենածանր դեպքն էր ու մարդկային անօրենությունն արդեն այնպիսի սարսափելի չափերի էր հասել, որ Աստծո պատիժն անխուսափելի էր այլևս: Ուստի Աստված հավասարազոր և նույնիսկ առավել զորեղ մի ուժ դուրս բերեց այս իրավիճակի դեմ՝ Եղիային: Նա միայնակ դուրս եկավ ահեղ թագավորի դեմ ու հայտարարեց. «Կենդանի է երկնային զորությունների Տեր Աստվածը, Իսրայելի Աստվածը, որի առջև կանգնում եմ. եթե այս տարիներին ցող իջնի կամ անձրև գա, ապա այդ կլինի միայն իմ խոսքով» (Գ Թագ. 17:1): Եվ իսկապես, Զորությունների Տերը երեք ու կես տարի տևած սարսափելի երաշտով պատժեց անհավատությունից կուրացած այս ժողովրդին՝ զղջում ու ապաշխարութուն ակնկալելով նրանից: Սակայն մարդկանց սրտերն այնքան էին խստացել կեղծ ուսմունքներից ու մեղավոր ախտերից, որ ի զորու չէին այլևս աստվածային ճշմարտության լույսն ընդունել դրանցից ներս ու դարձի գալ: Եվ այս մասին պարզ է դառնում արդեն Նոր Կտակարանում տեղ գտած Հիսուսի հետևյալ խոսքերից, թե. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարգարեն ընդունելի չէ իր քաղաքում։ Արդարև, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրով Իսրայելում բազում այրիներ կային, երբ երկինքը փակվեց երեք տարի ու վեց ամիս, և ամբողջ երկրի վրա մեծ սով եղավ։ Սակայն նրանցից ոչ մեկի մոտ Եղիան չուղարկվեց, այլ միայն՝ մի այրի կնոջ՝ սիդոնացիների Սարեփթա քաղաքում» (Ղուկ. 4:24-26)։ 

Եվ իսկապես, սիրելի՛ հավատացյալներ, այն օրերին Աստծո ընտրյալ ժողովրդի մեջ չգտնվեց այնպիսի բարեպաշտ ու արդար մեկը, որի մոտ Աստված ուղարկեր Իր հավատարիմ մարգարեին: Քրիստոս ամենևին էլ պատահաբար չասաց այս խոսքերը, այլ կամեցավ ընդգծել այն փաստը, որ պատմության ընթացքում հրեա ժողովուրդը միշտ էլ թույլ էր գտնվում իր հավատքի մեջ ու հեշտորեն հեռանում էր Ճշմարիտ Աստծուց: Ցավոք սրտի սա վերաբերում է նաև մեզ՝ քրիստոնյաներիս, Աստծո այժմյան ընտրյալ ժողովրդին, քանի որ մենք էլ թույլ գտնվելով մեր հավատքի մեջ՝ տարվում ենք մերօրյա կուռքերով՝ զանազան մոլություններով, կրքերով, մեղավոր կենսակերպով ու անարժան ենք գտնվում Աստծո փրկաբեր լույսը մեր սրտերում կրելու պատվին: Աստծո արդարության մարմնացում հանդիսացող մարգարեն կամենում էր սթափեցնել ու դարձի բերել իր եղբայրակիցներին և այսօր էլ նույն զգաստության կոչերով դիմում է մեզ՝ մեղքի մահաբեր թմբիրից արթնացնելու և իր օրինակով Աստծո հանդեպ բոցավառ սիրով լցվելու համար: Աստծո հանդեպ ունեցած կենդանի սերը, անմնացորդ նվիրումն ու անվերջ վստահությունը ուժ տվեցին արդար մարգարեին մեն-մենակ դուրս գալու արքայի, բազմաթիվ քրմերի ու մի ողջ ժողովրդի դեմ, անվախորեն բացահայտելու նրանց մոլորությունն ու կեղծիքը:  «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով»,- հանդիմանում է մարգարեն Ճշմարիտ Աստծուց հեռանալու համար: Այս հարցը պետք է նաև ինքներս մեզ տանք, սիրելի՛ քրիստոնյաներ, որովհետև հավատը գեղեցիկ խոսքեր ու ծիսակատարություններ չէ միայն, այլ կենդանի է գործերով, ապացուցվում է ապրած կյանքով:

Այն օրերին Եղիան ուղարկվեց մոլորված հրեա ժողովրդին Կենդանի Աստծո մասին վկայելու, իր հավատքի ու աղոթքի զորությամբ մեռելներին հարություն տալու, ամբողջովին ջրով ողողված զոհասեղանի կրակն այրելու, իր մեկ խոսքով երկինքը կապելու, հետո կրկին արձակելու և այլ մեծամեծ հրաշքներ գործելու համար, որպեսզի կործանվող հոգիները դարձի գան և Ճշմարիտ Աստծուն պաշտեն: Եվ Տեր Աստված թույլ չտվեց, որ Իր հավատարիմ ծառան՝ Կրակե մարգարեն մահը ճաշակի, այլ հրե կառքով Իր մոտ վերցրեց մարմնապես, որպեսզի ժամանակների լրումին՝ Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ, Ենոքի հետ երկիր վերադառնա ու վերջին անգամ Աստծո ճշմարիտ խոսքը քարոզի Աստծուց հեռացած մարդկային ցեղին:

Արդ, սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ, տեսանք, որ Եղիա մարգարեն իսկապես Տիրոջ այն արժանավոր երանելի սուրբն է, որից պետք է օրինակ վերցնենք ու որին պետք է աշխատենք նմանվել: Գիտեմ, որ շատ դժվար է զուգահեռներ տանել հավատի կենդանի մարմնացման ու մեր ունեցած խղճուկ փշրանքների միջև, սակայն հուսահատվել էլ պետք չէ: Այո՛, մենք չենք կարողանում հարություն տալ մեռյալներին կամ մեր աղոթքով կրակ ու անձրև բերել երկնքից, բայց ինչպես Եկեղեցու Հայրերից մեկն է նշում, կարող ենք լուցկու օգնությամբ կրակ ստանալ ու դրա վրա թխված հացով կերակրել սովածին: Չարախոսելու և արհամարհելու փոխարեն կարող ենք օգնության ձեռք մեկնել մեր անկյալ ընկերոջն ու ոտքի կանգնեցնել նրան: Մեր սիրով, համբերությամբ, խոնարհությամբ ու հոգատարությամբ լի կյանքերով կարող ենք պատճառ լինել մյուսների համար, որպեսզի տեսնեն Աստծո կենարար լույսն ու դարձի գան: Մեր մի ժպիտով ու քաղցր խոսքով կարող ենք բժշկել մեր մերձավորի հոգու վերքերը կամ գոնե մեղմացնել դրանց պատճառած ցավը: Եվ հավատացեք, որ սա ամենևին էլ քիչ չէ, սիրելի՛ հավատացյալներ: Սկսե՛ք փոքրից, հավատարիմ մնացեք դրանում ու կտեսնեք, թե ինչպես է Աստծո օրհնությունն իջնում ձեր փոքր, բայց հավատով լի և խոնարհ գործերի վրա՝ ավելի ու ավելի ընդլայնելով դրանք: Տերը Եղիային ասաց. «Վաղն առավոտյան կելնես ու կկանգնես լեռան վրա, Տիրոջ առջև։ Տերը կանցնի, մի սաստիկ հողմ կբարձրանա, Տիրոջ առաջ կխորտակի լեռները, փուլ կտա ժայռերը, սակայն Տերն այն հողմի մեջ չի լինի։ Հողմից հետո երկրաշարժ կլինի, սակայն Տերը երկրաշարժի մեջ չի լինի։ Երկրաշարժից հետո կրակ կթափվի, սակայն Տերը կրակի մեջ չի լինի։ Կրակից հետո մեղմ օդի ձայն կլինի» (Գ Թագ. 19:11, 12)։ Լսո՞ւմ եք, սիրելինե՛ր: Ողջ տիեզերքի Արարիչը, լեռների, հողմերի ու ամեն ինչի Ստեղծողը «մեղմ օդի ձայնի» մեջ հայտնվեց՝ ցույց տալով Իր Էության ողջ քնքշությունն ու խոնարհության մեծությունը: Այս խոնարհությունն էր, որ երևաց Եղիային Հին Կտակարանում և այս խոնարհությունն է, որ խաչի մահվան գնաց Նոր Կտակարանում:

Արդ նախ և առաջ խոնարհ եղեք, սիրելի՛ հավատացյալներ, իսկ հետո Սուրբ Եղիա մարգարեի բարեխոսությամբ դուք էլ նրա պես բոցավառվեք հավատի մեջ ունեցած նախանձախնդրությամբ, համարձակությամբ ու արդարության մեծագույն զգացումով: Թող ձեր ունեցած ճշմարիտ հավատն ու քրիստոնեական սերը փրկարար օղակ հանդիսանան մերօրյա «կռապաշտության» օվկիանոսում, և ինչպես Եղիա մարգարեն անսասան մնաց իր հավատի մեջ ու միայնակ պայքարեց համընդհանուր մեղքի դեմ, այնպես էլ մենք հաստատուն մնանք մեր ուղու վրա ու չկործանենք մեր հոգիները աշխարհի աղտոտության մեջ: Մաքրենք մեր սրտերն ամեն տեսակի աղտերից, որպեսզի աստվածային մաքրագործող կենարար հուրը մեր հոգիներում էլ բոցավառվի ու արժանի լինենք արդար Եղիա մարգարեի բարեխոսությանը՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու առջև: Ամեն:


Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
 

22.05.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․