Գրքեր

Եկեղեցի՞, թե՞ կուսակցություն

Կան մարդիկ, որ անորոշության մթնոլորտում են ապրում: Մարդիկ, որոնց մտքում խառնաշփոթ է, նյարդերը գերզգայուն են, հոգին ալեկոծ ծովի նման է: Մարդիկ, որ չգիտեն՝ ուր գնան: Մարդիկ, որ իրենց անձերը ուղղել են դեպի ընտրության գրասենյակ, բուռն կերպով ուզում են մի ընտրություն կատարել, ընտրել երկուսից մեկը՝ եկեղեցի՞, թե՞ կուսակցություն, որպեսզի խաղաղ ապրեն, իրենց կյանքն ընթանա հեզասահ:

Այս հոդվածի նպատակն է զանազան մոտեցումներով՝ հիմնադրական, պատմական, պատճառաբանական, բարոյական, քննարկել Առաքելական Սուրբ Եկեղեցին և քաղաքական կուսակցությունները, իմանալ, որ աշխարհում չկա որևէ կուսակցություն, որ կարող է գերազանցել Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Նաև պարծենալ և ուրախանալ, որ Հայ Առաքելական Եկեղեցին մեր սուրբ, իմաստուն, անկեղծ, սիրուն և առողջ հոգևոր մայրն է: 

Հիմնադրական մոտեցում: Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիրը հենց Աստված ինքն է՝ մարմնացյալ Բանն Աստված՝ Հիսուս Քրիստոս: Չկա աշխարհում որևէ կուսակցություն, որի հիմնադիրը Աստված լինի: Նույնիսկ համաշխարհային մարդասիրական և բարեսիրական սքանչելի Կարմիր խաչ կազմակերպության հիմնադիրը մարդ է՝ Անրի Դյունան, և ոչ Աստված:

Պարծանք, պատիվ, ուրախություն պետք է լինի յուրաքանչյուր հայի համար, որ իր հոգևոր մայրը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, դրա Փեսան Հիսուս Քրիստոսն է:  

Պատմական մոտեցում: Ժամանակը տիեզերքի ստեղծմամբ սկսվեց: Ժամանակ ասելով՝ մենք սովորաբար հասկանում ենք անցյալն՝ իր լավ ու վատ էջերով՝ հաջողություններով և ձախողություններով, ներկան՝ իր պայքարով ու թուլություններով և ապագան՝ իր անճանաչողությամբ: Ինչքա՛ն կայսրություններ, հսկայական զորքեր, քաղաքական կուսակցություններ և կազմակերպություններ չկարողացան գոյատևել մինչև օրս, դրանք ժամանակի ընթացքում փլուզվեցին, անցան անցյալի էջերը՝ բառի ամբողջական իմաստով, էլ չկան, խոսվում է դրանց մասին սոսկ պատմական գրքերում:

Առաքելական Սուրբ Եկեղեցին գերազանցեց բոլորին, այն 20 դարի պատմություն ունի՝ շուրջ 2000 տարի, և գոյատևում է մինչև օրս: Ինչքա՛ն վեհ ու պատվական է Հայ Եկեղեցին, որի մասին մեծ բանաստեղծ Վահան Թեքեյանը ասաց.

Եկեղեցին Հայկական մի մեծ վարագույր է բանված,

Որի հետևը, սկիհի մեջ իջնում է Ի՛նքը՝ Աստված,

Որի առջև՝ ծնրադիր գալիս է ազգս ամբողջ,

Հաղորդվելու անցյալին՝ հաց ու գինով կենսառողջ:

Պատճառաբանական մոտեցում: Ամեն ինչ ունի իր պատճառը, նույնիսկ մարդու ստեղծման պատճառը Աստծու անսահման սերն է մարդու նկատմամբ: Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադրության պատճառը Աստծու սերն է՝ Աստված կամեցավ՝ 1. մարմնանալ. «Եվ ակնհայտորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը. Նա հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, նրան հավատացին աշխարհում, փառքով բարձրացվեց երկինք» (Ա  Տիմոթ 3:16), 2. լրացնել Հին օրենքը. «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա, չեկա ջնջելու, այլ լրացնելու» (Մատթ. 5:17), 3. խաչվել և Իր անմեղ արյունը թափել մարդկանց մեղքերի քավության համար. «Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին, իսկ չարագործներին էլ, մեկին աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը, խաչեցին» (Ղուկ 23:33), 4. հաստատել Առաքելական եկեղեցին: Ընդհանրական եկեղեցու սուրբ հայրերից սուրբ Օգոստինոսը ասում է. «Չկա փրկություն եկեղեցուց դուրս»: 

Քաղաքական կուսակցություններ հիմնադրելը ևս ունի պատճառներ, դրանք բազմազան են, կարելի է հիշել այստեղ մի քանիսը՝ քաղաքականությունը,  աթոռասիրությունը և դրա քույրը՝ դրամասիրությունը, ​​անձեռնմխելիություն ձեռք բերելը, ժխտական մրցակցությունը, կրոնամոլությունը և այլն:  

Բարոյագիտական մոտեցում: Բարոյագիտությունը կամ էթիկան գիտություն է բարոյականության մասին: Յուրաքանչյուր կուսակցություն ունի իր կանոնադրությունը, որը գովաբանվում է այդ կուսակցության  հիմնադիրների ու անդամների կողմից: Նրանք տեսնում են, որ իրենց սիրելի կուսակցությունը հատուկ է ամեն ինչով, նույնիսկ իր բարոյագիտությամբ:

Չկա որևէ կուսակցություն, որի օրենքների բարոյականությունը գերազանցի  Աստվածաշնչի պատվիրաններին: Աստվածաշունչը աշխարհի գրքերի գիրքն է, բարոյագիտության աղբյուրն է, որովհետև գրվեց Սուրբ Հոգու ներշնչումով, շուրջ 1500 տարիների ընթացքում՝ Մովսես մարգարեից սկսած մինչև Հովհաննես ավետարանիչ: Աստվածաշունչը մեզ պատվիրում է՝ 1. սիրել Աստծուն, հայրենիքը, ընտանիքը, ընկերոջը, 2. օգնել կարիքավորներին, 3. ներել մեր հանդեպ սխալ գործած մարդկանց, 4. աղոթել մեզ և բոլորի համար և այլն:  

Գոյատևման մոտեցում: Լեզվի մեջ կան անցյալ, ներկա և ապագա ժամանակներ ու հոլովումներ: Որպեսզի գոյատևի որևէ կազմակերպություն, այն կարիք ունի՝ 1. վարչական խելամիտ պատասխանատուների, 2. մշտական ֆինանսավորման՝ դրամի, 3. վերամշակված օրենքների,  4. գործնական ծրագրերի, 5. արդար քննչական մարմնի, 6. բարեսիրական ձեռնարկների և այլն:

Այս բոլորը պահանջվում են ամեն  կուսակցությունից, որն ուզում է գոյատևել, քանի որ նոր դարը՝ 21-րդը, իր ուժեղ տեխնոլոգիայով՝ խելացի հեռախոս, խելացի տուն, խելացի ժամացույց և այլն, դրականորեն և ժխտականորեն ազդում է բոլոր մարդկանց վրա անխտիր՝ բոլոր ազգերի վրա, սեռերի վրա՝ արական և իգական, տարիքների վրա՝ մանուկների, պատանիների, երիտասարդների, չափահասների և նույնիսկ ծերերի վրա:

Վստահ չենք, թե ներկայիս կուսակցությունները քանի տարի կամ դար պիտի գոյատևեն նման պայմաններում, սակայն վստահ ենք, որ Առաքելական Սուրբ Եկեղեցին երկրի վրա պիտի գոյատևի մինչև վերջ՝ մինչև Քրիստոսի Երկրորդ գալուստը, մինչև աշխարհի վախճանը, որովհետև մեր Տերը, Աստվածը և Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, հաստացեց, որ Իր կողմից հիմնած Սուրբ Եկեղեցին՝ Առաքելական Սուրբ Եկեղեցին այնքա՛ն ուժեղ է, որ նույնիսկ ահավոր ու սոսկալի Դժոխքի ուժերը  չեն կարող հաղթել նրան. « ..․. այդ ժայռի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել» (Մատթ. 16:18):  

Սիրելի ընթերցող, վերհիշիր, որ բոլոր կուսակցությունները, նույնիսկ լավագույնները, մեղավոր մարդկանց կողմից հաստատվեցին, աշխարհին են պատկանում, կատարյալ չեն, ժամանակավոր են:

Իմացիր, որ աշխարհի չորս ծագերում գոյություն ունեն բազմաթիվ կուսակցություններ, միայն Հայաստանում գրանցված է 110-ից ավելի քաղաքական կուսակցություն:

Քննարկիր և վերլուծիր կուսակցությունների ժխտական ազդեցությունները ժողովրդի կյանքում,  օրինակ՝ ընտանիքների բաժանումներ, լուրեր ունկնդրելու մոլություն, կույր հետևողականություն, ատելության աճում, անհանդուրժողական վիճակ, լարվածության ընդարձակում, հոգեբանական խնդիրների առաջացում և այլն:

Մինչ դեռ Առաքելական եկեղեցին Աստծու կողմից հաստատվեց, երկնային է, կատարյալ է, սրբություն է, քեզ մտքով և հոգեպես բարձրացնում է խառնաշփոթ աշխարհից, առաջնորդում է քայլերդ դեպի երկինք՝ Դրախտ ու Երկնքի Արքայություն:

Եկեղեցի՞, թե՞ կուսակցություն՝  հաստատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի:

 

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

21.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․