Գրքեր

Եկեղեցու զանգեր. հոգին արթնացնող ղողանջների հրավերը

Զանգի գյուտն արվել է 4-րդ դարում Իտալիայի Կամպանիա մարզի Նոլա քաղաքում: Այդ պատճառով էլ եվրոպական մի շարք լեզուներում զանգը կոչվել է Կամպանիա, իսկ լատիներեն` նոլա: Հայաստանում առաջին անգամ սուրբ Հովհան Մանդակունի (V դ.) իմաստասեր հայրապետն է հիշատակում զանգի մասին, որը, սակայն, ձեռքի զանգակ էր, ավելի ճիշտ` բոժոժ: Այն սովորական զանգակից տարբերվում է նրանով, որ ներքևի շրթունքներն իրար են հպված: Բոժոժները սովորաբար կաղնու մեծություն ունեն, որոնք գործածվում են բուրվառի շղթաների վրա ու քշոցի շուրջբոլորը` յուրաքանչյուրի վրա տասներկու հատ, որոնք, ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու, խորհրդանշում են տասներկու առաքյալների քարոզչությունն աշխարհով մեկ: Իսկ մինչ այդ զանգի դեր է կատարել կոչնակը: Այն տաշած ու հարթեցված քառակուսի փայտ էր, որին սուրբ Գրիգոր Նարեկացին անվանում էր շերտ, այսինքն` փայտի կտոր: Ձայն ստանալու նպատակով կոչնակին հարվածում էին հատուկ մուրճով, որը կոչվում էր թակաղակ:

Ի տարբերություն կոչնակի, զանգը հարվածային ազդանշանային երաժշտական գործիք է: Այն սնամեջ տանձաձև գործիք է, որի ներսում կախված է լեզվակը, իսկ վերևի մասում ունի կախելու տեղ: Զանգերի մասին հայոց մատենագիրները բավականին աղոտ տեղեկություններ են հաղորդում: Արժեքավոր տեղեկություններ կան սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի և սուրբ Գրիգոր Տաթևացի եռամեծ վարդապետի երկերում: Պահպանված հայկական ամենահին զանգերը ձուլվել են 14-րդ դարից: Դրանք պատրաստել են հնչուն մետաղներից՝ պղնձից, բրոնզից, իսկ սուրբ Գրիգոր Տաթևացին վկայում է, որ զանգը ձուլելու ժամանակ պղնձին խառնել են արծաթ` ձայնն առավել հնչեղ դարձնելու համար: Հայաստանում 1917-ից ի վեր եկեղեցական զանգեր չեն պատրաստվում: Այժմ եկեղեցական զանգերը բերվում են հիմնականում Ռուսաստանից և Ուկրաինայից, որտեղ պահպանվել են զանգերի ձուլարանները: Հայտնի է Վորոնեժի «Վերա» արտադրամասը, որը հայկական եկեղեցիների համար զանգեր պատրաստելու փորձ ունի: Զանգի ձայնն ավելի հզոր ու զրնգուն դարձնելու նպատակով կառուցվել են զանգակատներ: Զանգը կախելու համար Հայաստանում զանգակատներ կառուցել են X դ. 2-րդ կեսից եկեղեցու հարևանությամբ, կամ էլ եկեղեցու արևմտյան ճակատին կից (Էջմիածնի Մայր տաճարը, Տաթևի, Հռիփսիմե վանքերը և այլն), իսկ հազվադեպ նաև` հարավային ճակատին կից (Աղթամարի Սուրբ Խաչ հռչակավոր եկեղեցին): Նշանավոր են հատկապես Գոշավանքի, Հաղպատի, Սանահինի զանգակատները: Էջմիածնի Մայրավանքի զանգակատունը կառուցվել է 17-րդ դարում, որտեղ երկար ժամանակ հնչել է Տիբեթյան զանգը: Մայր տաճարի զանգակատանը օծված Սուրբ Սեղան է կանգնեցված, ուր ամեն տարի Հրեշտակապետաց տոնին, Սբ. Պատարագ է մատուցվում: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու «Մաշտոց» ծիսամատյանում զանգերի հատուկ օծման և օրհնության կարգ կա:

Զանգահարությունը X դարից հայ եկեղեցական ծիսակատարությունների անբաժան մասն է: Զանգ օգտագործելու բուն նպատակն է եկեղեցական արարողությունների ժամանակ ժողովրդին եկեղեցի հրավիրել: Հարկ եղած դեպքում զանգը, ինչպես և կոչնակը, ազդարարել է գույժեր (1907թ-ին Խրիմյան Հայրիկի մահը): Այն հնուց ծառայել է բնակչությանը համախմբելու, զորք հավաքելու (ահազանգ): Եկեղեցու զանգը միաժամանակ խորհրդանշում է նաև հրեշտակների փողը, որը բոլորին հրավիրելու է Աստծու արդար դատաստանին: Զանգեր հնչեցվում են նաև եկեղեցի ննջեցյալ բերելու, իսկ ավելի հաճախ` հայրապետական թափորի, առաջնորդի կամ բարձրաստիճան հոգևորականների ժամանման առիթով:

Վաղ ժամանակներից մինչև մեր օրերը ամենատևական զանգահարումը կատարվել է 1918-ին` Սարդարապատի մայիսյան հերոսամարտի ժամանակ, երբ յոթ օր անընդմեջ ղողանջում էին Արարատյան դաշտի և մերձակա շրջանների հայկական եկեղեցիների զանգերը` ազդարարելով մահու և կենաց կռիվը: Հնում զանգերն ունեին իրենց անունները (Հացի զանգն Անիում, Խաչքարի զանգը Ջուղայում և այլն): Զանգի ձայնը զարմանալի ազդեցություն ունի մարդու վրա: Այն մարդիկ, ովքեր ապրում են կամ ժամանակին ապրել են եկեղեցու հարևանությամբ վկայում են այդ մասին:

Զանգը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել շատ գրողների, արվեստագետների համար: Զանգերը խորհրդանշում են հայերի նվիրվածութունը մայր եկեղեցուն: Զանգերի հնչյունների կոչն է՝ մասնակցել եկեղեցական արարողություններին, համախմբվել և հաղորդակցվել երկնքի հետ սրբազան ձայնով:

 

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

18.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․